«ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ» ԲՅՈՒՋԵՆ ԿԱԶՄՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ 30%-Ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ակադեմիական քաղաքի» բյուջեն կազմում է ՀՀ պետական պարտքի 30%-ը. նախարարը ստել է

 

ՀՀ ԿԳՄՍ նախարարն անտեղյակ է իր գլխավորությամբ իրականացվող «Ակադեմիական քաղաքի» նախագծի մանրամասներից եւ շարունակ մոլորեցնում է հանրությանը։

Բացատրենք՝ ինչպես. Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագրով սահմանվում է «Ակադեմիական քաղաքի» կառուցման նախագիծը։ Ըստ ԿԳՄՍ նախարարության՝ «Ակադեմիական քաղաքը» լինելու է համալսարանական եւ հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, որն ապահովելու է որակյալ եւ միջազգային չափանիշներով մրցունակ բարձրագույն կրթության եւ հետազոտության միջավայր: «Ակադեմիական քաղաքի» տարածքում հնարավոր կլինի տեղակայել մինչեւ 16 բուհ՝ օրենքով նախատեսված մինչեւ 8 պետական խոշորացված բուհ եւ մինչեւ 8 ոչ պետական կամ միջազգային բուհ:

Բանն այն է, որ հուլիսի 9-ին ներկայացվեց «Ակադեմիական քաղաքի» գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ «Ակադեմիական քաղաքի» մեկնարկը տրվելու է 2030 թվականին, իսկ պետական եւ ոչ պետական բուհերի միացման մասով նշել է. «Ես այս պահի դրությամբ չեմ կարող ամբողջ ճշգրտությամբ ասել, մենք աշխատում ենք, որպեսզի օր առաջ բուհերն այդ միջավայրում կարողանան գործել»։

 

Մեկ ամիս անց մասնավոր բուհերի՝ «Ակադեմիական քաղաք» հայեցակարգին միանալն արդեն հաստատ չէ, եւ նախարարի խոսքն արդեն դողում է։

Մինչեւ 16 բուհ, 80 հազար ուսանող, տարբեր ուղղություններ՝ արվեստներից մինչեւ սպայական, եւ գումարած հանրային շենքեր, գնացքի կայարան ու տրանսպորտային հասանելի հանգույցներ. հատակագծի վերջնական տարբերակում նույնիսկ մայրամուտով հիանալու վայր է նախագծված։

Հայաստանում 2023 թվականին, համաձայն ՀՀ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի, եղել է 80 հազար ուսանող, իսկ, օրինակ, 5 տարի առաջ՝ 2019-ին՝ 74 հազար 942 ուսանող, 10 տարի առաջ՝ 100 հազար 854 ուսանող։ 10 տարվա ընթացքում ուսանողների թիվը պակասել է 20 հազարով. թե ինչպես է  ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում մարդկային տարբեր ռեսուրսներ տեղավորել 80 հազարի մեջ, հարցական է։

Քաղաքի գլխավոր հատակագծի վերջնական տարբերակը պատրաստ է։ Գերմանական ճարտարապետական ընկերության ներկայացուցիչ Թոբիաս Քեյլն էր մանրամասն ցուցադրում՝ ինչեր են լինելու։

«Ակադեմիական քաղաքի» հայեցակարգի ի հայտ գալուց հետո՝ նախարար Ժաննա Անդրեասյանը թմբկահարում էր, որ քաղաքը պատրաստ կլինի 2030 թվականին, սակայն գերմանական gmp International GmbH Architects and Engineers  ճարտարապետական ընկերության փոխտնօրենը հակադարձեց նախարարին եւ հերքեց արդեն 2 տարի շարունակ վանկարկվող թեզերը։ Թոբիաս Քեյլն ասաց, որ 2029 թվականին առաջին շենքերը կկառուցվեն, իսկ քաղաքը կարող է ամբողջանալ 20-30 տարում։ Թոբիաս Քեյլը շեշտեց՝ սա միայն կրթական կենտրոններով քաղաք չէ, այստեղ ռեստորան էլ կլինի, առեւտրի կենտրոն էլ։

Ստացվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ստել է այսքան ժամանակ, կամ, ինչպես տեսնում ենք նրա պատասխաններից՝ որոշ բաներից անտեղյակ է։

Օրինակ՝ նախարար Անդրեասյանը չկարողացավ հստակ գումարային սահման նշել, թե որքան կարժենա «Ակադեմիական քաղաքի» նախագիծը, սակայն ՀՀ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը հստակ նշեց՝ 1,2 տրիլիոն դրամ։

Նախարարը ոչ միայն ժամկետների հարցում է ստել՝ 20-30 տարի միջակայքում սխալվելով, այլ նաեւ «Ակադեմիական քաղաքի» նախագծի ֆինանսաբյուջետային մասով։

Հարկ է նշել, որ ՀՀ պետական պարտքը կազմում է 11 մլրդ 943 մլն ԱՄՆ դոլար, գրեթե 4 տրիլիոն եւ ավելի դրամ, «Ակադեմիական քաղաքին» տրամադրվող 1,2 տրիլիոն դրամը կազմում է ՀՀ պետական պարտքի գրեթե 30%-ը։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով հակակոռուպցիոն դատարանը ծանուցում է ուղարկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Առաքել Մարտիկյանին՝ դատարան հարցաքննության ներկայանալու համար: Ասել է թե՝ հերթական վկան, որ պետք է հարցաքննվի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Առաքել Մարտիկյանն է: Հակակոռուպցիոն դատարան են հրավիրվելու նաեւ վկաներ՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը եւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Հակակոռուպցիոն կոմիտեն նախապես հաստատված վկաներից միայն չի հարցաքննի Արայիկ Հարությունյանին, քանի որ նա հակառակորդի կողմից գերեվարված է: Նշենք, որ ՀՀ Գլխավոր դատախազությունը պաշտոնապես հայտնել էր, որ Արցախի պատշպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկել է դատարան: Հիշեցնենք՝ օգոստոսի 30-ին Միքայել Արզումանյանը ձերբակալվել էր Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում` պաշտոնեական անփութություն կատարելու մեղադրանքով։ Ըստ ՔԿ-ի՝ գեներալ-լեյտենանտը 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 9-ը Շուշիի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով եւ ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը անզգուշությամբ առաջացրել էր ծանր հետեւանքներ։ Օգոստոսի 31-ին Արզումանյանի ձերբակալման ժամկետը լրացել էր, նա ազատ էր արձակվել, սակայն նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, եւ սեպտեմբերի 1-ին Արզումանյանը կալանավորվել էր ու մինչեւ օրս կալանքի տակ է:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Տավուշի թեմը նոր առաջնորդ չի ունենա. Վեհափառը մտադիր չէ Բագրատ Սրբազանին փոխարինող նշանակել։ Այսպիսով` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը դեռ մայիսի 26-ին հայտարարեց, որ սառեցնում է հոգեւոր ծառայությունը եւ պատրաստ է լինել ժամանակավոր կառավարության վարչապետի թեկնածուն։ Այսինքն, ըստ էության, արդեն մի քանի ամիս շարունակ Տավուշի թեմի առաջնորդի տեղը թափուր է մնում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մոտ 20 օր առաջ Վեհափառը եկեղեցականների խորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ էլ որոշվել է, որ Տավուշի թեմը նոր առաջնորդ չի ունենա, այսինքն՝ Բագրատ Սրբազանին փոխարինող չեն ընտրի։ «Ժողովուրդ» օրաթերթը այս առնչությամբ դիմեց նաեւ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանին, վերջինս էլ մեզ հետ զրույցում ասաց. «Ներկայում Տավուշի թեմը ղեկավարվում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ ձեւավորված վարչական խորհրդի կողմից։ Այլ տնօրինության պարագայում, ինչպես կարգն է` պատշաճ կերպով, հանրությունը կծանուցվի»։

 

 

 

Որ պետական համակարգում վաղուց չեն գործում պետության կողմից ընդունված օրենքները, նորություն չէ, բայց, որ դրանք հայտնաբերելու կամ կանխարգելելու գործառույթն ամբողջությամբ վերապահվել է մամուլին, մտահոգիչ է։ Այսպիսով` ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի 5 խորհրդականներից Նարեկ Արաքսման-Մանուկյանը թերեւս ամենաազդեցիկն է` հաշվի առնելով նրա առաջատար դիրքը։ Եվ ահա, սույն խորհրդականը, համաձայն իր ստացած եկամուտների, վարձատրվում է նաեւ ԱԱԾ-ից։ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը նախարարությունից ստանում է տարեկան 6 մլն 250 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, իսկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից որպես աշխատանքի վարձատրություն ստանում է 2 մլն 139 հազար դրամ։ Ինչպես է 2 պետական հիմնարկում միաժամանակ աշխատում Նարեկ Արաքսման-Մանուկյանը` դժվար է պատկերացնել, քանզի դա ոչ միայն օրենքն է արգելում, այլեւ տարածությունը եւ ժամանակը։ Նարեկ Արաքսման-Մանուկյանի անունը հանրությանը հայտնի դարձավ լրագրողի` ԱԱԾ-ում հավաքագրելու փաստից հետո։ Հիշեցնենք, որ 2014-ին Հրայր Մանուկյանի կողմից տարածվեց մի ձայնագրություն, որից պարզ էր դառնում, որ ԱԱԾ աշխատակիցը պահանջում է լրագրող, «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Հրայր Մանուկյանից աշխատել ԱԱԾ-ի համար` սպառնալով, որ առաջարկը մերժելը կարող է ունենալ «հետեւանքներ»: ԱԱԾ-ականը նաեւ ակնարկել էր, որ իրենց պահանջը չկատարելու դեպքում՝ «հետեւանքներն» իրենց վրա կարող են զգալ նաեւ Մանուկյանի հարազատները։ Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:

 




Լրահոս