ArmLur.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ:
-Պարո՛ն Աղազարյան, սոցհարցումներ իրականացնող «Գելլափ» ընկերությունը հերթական անգամ հարցում է իրականացրել, եւ կազմակերպության հրապարակած արդյուքներով՝ իշխանության վարկանիշը կրկին իջել է, եւ պատճառն այն է, որ քաղաքացիների մեծ մասը համաձայն չէ իշխող ուժի վարած քաղաքականության եւ սահմանազատման ներկա արդյունքների հետ, այս մասին ի՞նչ կասեք:
-Իշխանության վարկանիշը, եթե իջել է, ինչքա՞ն է դարձել: Առավել առարկայական մեկնաբանության համար ես պետք է հստակ կերպով իմանամ այդ ցուցանիշները, թե ինչ թվերի մասին է խոսքը: Ես համաձայն չեմ, թե մեր վարկանիշն իջել է:
-Այսինքն, Ձեր դիտարկմամբ, որեւէ փոփոխություն չի՞ եղել, իշխանության վարկանիշը չի՞ իջել, այլ ընդհակառակը՝ ավելի՞ է բարձրացել:
-Այո՛, կարծում եմ՝ իշխանության վարկանիշը բարձրացել է, որովհետեւ այնպիսի զգայուն հարց, ինչպիսին սահմանների ճշգրտումն ու սահմանազատումն է, եւ այն էլ այնպիսի զգայուն հատվածում, ինչպիսին Տավուշի մարզինն է, որի սահամազատման ֆոնին որոշ ուժեր փորձեցին ժողովրդի մեջ անհնազանդության ալիք բարձրացնել, եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չկանգնեց այն անհատների կողքին, որոնք ՀՀ քաղաքացի չէին եւ ուզում էին իշխանություն փոխել Հայաստանում, նշանակում է՝ ՀՀ քաղաքացին իր խոսքն ասաց, եւ, ընդհանուր առմամբ, ես պետք է գնահատեմ, որ այս պահի դրությամբ հասարակությունը դեմ չէ իրականացվող քաղաքականությանը: Ես ա՛յդ տվյալներն ունեմ, որոնցով կարող եմ դատողություններ անել:
-Պարո’ն Աղազարյան, նշում եք, որ իշխանության վարկանիշը բարձր է, բայց փաստ է, որ այս օրերին մեծ թվով քաղաքացիներ հանրահավաքներ, անհնազանդության ակցիաներ են իրականացնում ու պահանջում են իշխանափոխություն ու ընդվզում են երկրում տեղի ունեցող գործընթացների նկատմամբ:
-Պարբերաբար հանրահավաքներ անցկացնողների 90 տոկոսը ռեւանշիստներ են, փողով բերվածներ: Իհարկե, նրանք մեր քաղաքացիներն են եւ իրավունք ունեն հանրահավաքների միջոցով իրենց դժգոհությունն արտահայտելու, բայց նրանք շատ փոքր մաս են կազմում:
-Բայց տեսնում ենք, որ բազմաթիվ հասարակ քաղաքացիներ են մասնակցում, որոնք որեւէ կուսակցության պատկանելիություն չունեն: Ձեր խոսքերից ստացվում է՝ Դուք նրանց պիտակավորում եք, թե ուղղորդված են գալիս ակցիային, եւ ինչ-որ շահ ունեն դրանից:
-Այո՛, բոլոր հանրահավաքների մասնակցիների 70 տոկոսը փողով է գալիս:
-Կարծում եք՝ երկրում որեւէ խնդիր չկա՞, իրենք պարզապես ուղղորդված, որեւէ շահի նպատակով գալի՞ս են:
-Ես կարծում եմ՝ խնդիր կա, եւ այդ խնդիրները ակցիան գլխավորող ուժերը փորձում են օգտագործել իշխանության գալու համար, բայց ՀՀ քաղաքացին ասում է բոլորին՝ «Հանգիստ վե՛ր ընկեք տեղներդ», այդ թվում՝ նաեւ ինձ, ասում է՝ «Ես կորոշեմ ինչպես, եւ երբ փոխել իշխանությունը»:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՈՎ Է ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մարտի 6-ին պայմանագիր է կնքել «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի հետ՝ ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 3 միլիարդ 663 միլիոն 779 հազար դրամ։
Պայմանագրով նախատեսվում է հիմնանորոգման աշխատանքներ իրականացնել Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի, Նոր Կյանք-Փանիկ-Արեւշատ-Մեծ Մանթաշ, Թաթուլ-Կանչ-Հակկո ավտոճանապարհների տարբեր հատվածներում։
Իսկ ո՞ւմ է պատկանում «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերությունը:
«Մերձմոսկովյան» ԲԲԸ-ի հետ պայմանագիրը կնքվել է հրատապ՝ բաց մրցույթի գնման եղանակով։
«Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին։ Ընկերության տնօրենն Արամ Ադամյանն է, ում հետ էլ կնքվել է պայմանագիրը։ Արամ Ադամյանը Գյումրու «Բալասանյան դաշինք»-ի ավագանու անդամ Արտակ Ադամյանի հայրն է։ Ընկերությունը տարբեր տարիներին մի շարք պայմանագրեր ունի ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Գյումրու համայնքապետարանի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի եւ այլ կառույցների հետ։
Դեռ 2024 թվականի մարտ ամսին հայտնի էր դարձել, որ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են չորս անձինք, որոնցից երկուսը Շիրակի մարզպետարանի պաշտոնյաներ են։ Նրանցից մեկը Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանն էր, մյուսը՝ նույն բաժնի մասնագետ Մկրտիչ Ասատրյանը։ Պաշտոնյաները կասկածվում են կաշառք ստանալու մեջ։
Aravot.am-ին հայտնի էր դարձել, որ այս նույն գործի շրջանակում՝ միայն թե կաշառք տալու կասկածանքով, ձերբակալվել է շինարարական ընկերություններից մեկի պատասխանատու Արտակ Ադամյանը։
ՆԱՏՕ-Ն ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ 40 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ ԿՏՐԱՄԱԴՐԻ
Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները մտադիր են Վաշինգտոնում ընթացող գագաթնաժողովում հայտարարել 2025 թվականին Ուկրաինային առնվազն 40 միլիարդ եվրոյի օգնություն տրամադրելու մասին: Այս գումարը տրվելու է հակամարտության ընթացքում Ռուսաստանին հակազդելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հայտարարության մեջ։
«Դաշնակիցները կհայտարարեն հաջորդ տարվա ընթացքում նվազագույնը 40 միլիարդ եվրոյի հիմնական ֆինանսավորում տրամադրելու իրենց մտադրության մասին՝ այսպիսով ապահովելով անվտանգության կայուն մակարդակ՝ Ուկրաինային գերակշռելու հնարավորություն տալու համար», – նշվում է տեքստում։
ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Վաշինգտոնում այսօր (խմբ.) տեղի կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը։
Չնայած, որ ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունից հայտնել էին, թե նախարարների պաշտոնական հանդիպման պայմանավորվածություն չկա։
Ինչ սպասել Միրզոյան-Բայրամով հանդիպումից, արդյոք Հայաստանի ԱԳ նախարարության նախանշած մեկ ամսում հնարավոր կլինի՞ հասնել խաղաղության պայմանագրի կնքմանը։
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նշում է՝ Ադրբեջանը Վաշինգտոնում կփորձի հասնել խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը։
Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի վերջին բանակցությունները տեղի են ունեցել մայիսի սկզբին Ալմաթիում։
Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է նաեւ ՆԱՏՕ-ի 75-ամյակին նվիրված՝ ԱՄՆ նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը։
Նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ՆԱՏՕ անդամ եւ գործընկեր երկրների ԱԳ նախարարների հետ։
ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։
«Gallup»-Ի ՆՈՐ ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Գելլափ ինթերնեյշնել ասոցիացիա»-ի հայաստանյան գրասենյակի հարցումների համաձայն՝ ՀՀ քաղաքացիների 39,4%-ն ընդհանրապես բացասական է գնահատում Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող սահմանազատման ու սահմանագծման գործընթացը:
Լիովին դրական է գնահատում 16,7 %-ը, ավելի շուտ դրական՝ 21,2%-ը, ավելի շուտ բացասական՝ 17,5%-ը, 5,2%-ը դժվարացել է պատասխանել հարցին:
ՇԱՐԺՈՒՄ՝ ԵՎՐԱԻՆՏԵԳՐՄԱՆ ԴԵՄ
Վրաստանում ներկայացվել է «Միացյալ չեզոք Վրաստան» նոր հասարակական-քաղաքական շարժումը, որը դեմ է երկրի եվրաինտեգրմանը, ինչպես նաեւ նրա՝ ՆԱՏՕ մտնելուն։
«Այսօր Վրաստանում եվրաինտեգրումը կրոն է հռչակվել, ինչը հանցագործություն է վրաց ժողովրդի դեմ։ Այս մեղքի բաժինը կիսում են իշխանությունները։ Թեեւ ՆԱՏՕ-ն դեռեւս չունի կրոնի կարգավիճակ, սակայն իշխանությունների մեղքն այն է, որ նրանք սահմանադրական խնդիր են սահմանել ՆԱՏՕ-ին ինտեգրումը»,- ասել է շարժման առաջնորդ Վատո Շաքարաշվիլին։