ՏՈՒՆԸ ԿՎԱՃԱՌԵՆ, ԻՍԿ ԳՈՒՄԱՐԸ ԿԿԻՍԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ–ում գտնվող անշարժ գույքի գործի հետ կապված միջազգային «Վինսոն եւ Էլկինս» ընկերությունը հրապարակել է հաղորդագրություն։

 

ԱՄՆ-ում շուրջ 2 տարի տեւած հետաքննությունից հետո Խաչատրյանների կողմից որեւէ իրավախախտում կատարելու, այդ թվում՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի «Հոլմբի Հիլզ» թաղամասում գտնվող անշարժ գույքը անօրինական ճանապարհով ստացված եկամուտներով ձեռք բերելու հանգամանք չի հայտնաբերվել եւ չի հաստատվել։

«2024 թվականի հունիսի 11-ին Խաչատրյանների նկատմամբ հետաքննությունը դադարեցվել է: Հետաքննության դադարեցման եւ բռնագանձման գործի կասեցման որոշման հենքով արդարադատության դեպարտամենտը եւ Խաչատրյանները համաձայնություն են ձեռք բերել, որ «Հոլմբի Հիլզի» գույքի վաճառքից ստացված գումարի մի մասը կտրամադրվի Խաչատրյաններին, իսկ մյուս մասը` Խաչատրյանների դիմումով կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը», ասված է հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Ժողովուրդ» օրաթերթը՝ Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակում Գլխավոր դատախազության եւ ԱՄՆ իրավասու մարմինների միջեւ արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ՝ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի եւ ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի:

Առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության եւ ԱՄՆ իրավասու մարմնի միջեւ բանակցություններ են ընթանում:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործով Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանների նկատմամբ իրականացվում է հանրային քրեական հետապնդում, այդ թվում՝ փողերի լվացման մեղադրանքով (Արտյոմ Խաչատրյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան, Գուրգեն Խաչատրյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում), իսկ Գագիկ Խաչատրյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ գործը ներկայում քննվում է Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում:

Գլխավոր դատախազության եւ ԱՄՆ իրավասու մարմինների միջեւ հետեւողական համագործակցության արդյունքում համապատասխան դատական գործընթաց էր նախաձեռնվել նաեւ ԱՄՆ իրավասու մարմինների կողմից։

Արդյունքում՝ 2024 թվականի հունիսի 14-ին Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները, որոնց պատկանող գույքն անցնում է նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով, ԱՄՆ շրջանային դատարան էին ներկայացրել գույքի բռնագրավման կապակցությամբ համաձայնություն ձեռք բերելու խնդրանք, որը դատարանի կողմից վարույթ էր ընդունվել:

Դատարանի` 2024 թվականի հունիսի 30-ի որոշմամբ՝ համաձայնությունը հաստատվել է:

Քրեական վարույթներից բացի՝ Հակակոռուպցիոն դատարանում քննվող՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցերի շրջանակում ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից եւ նրան փոխկապակցված 25 անձանցից՝ ներառյալ որդիներ՝ Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյաններից, պահանջվում է բռնագանձել 210 անշարժ գույք, 13 տրանսպորտային միջոց, նաեւ ավելի քան 33 միլիարդ դրամ:

 

 

 

ԻՆՉ ՀԱՐՑԵՐ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Քննարկվել են Գյումրի համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության աշխատանքի հետ կապված հարցեր։

Հաստատվել են Կուսակցությանն անդամակցելու հայտ ներկայացրած քաղաքացիների դիմումները։

 

 

ԱՄՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ԿՈՉԸ

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը  ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ՝ Ֆրենք Փալոունի, Գուս Բիլիրակիսի, Ադամ Շիֆի  եւ Դեյվիդ Վալադաոյի  համատեղ հայտարարությունը, որով Բայդենի վարչակազմին կոչ է արվում պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Արցախի էթնիկ զտումների համար, նպաստել Արցախ հայերի վերադարձին եւ ադրբեջանական շարունակական ագրեսիայի պայմաններում աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը:

Մեկնաբանելով կոնգրեսականների նախաձեռնությունը՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է. «Մեր համայնքը, կոալիցիոն գործընկերները եւ Կոնգրեսի դաշնակիցները միավորված են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու իր ռազմական հանցագործությունների համար՝ սկսած Ալիեւի կողմից Արցախի էթնիկ զտումից եւ քրիստոնեական սրբավայրերի ոչնչացումից մինչեւ Հայաստանի տարածքի շարունակական օկուպացիան եւ հայ գերիների ապօրինի կալանավորումն ու բռնությունը։ Նախագահ Բայդենը, ով զինեց Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպանությունը, այժմ պետք է ղեկավարի Արցախի հայերի անվտանգ եւ կայուն վերադարձի գլոբալ արշավը՝ միջազգային մանդատի ներքո, պաշտպանված միջազգային խաղաղապահների կողմից»:

Կոնգրեսի հայկական հանձնախմբի հայտարարությունը, որը համընկնում է այս շաբաթ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի բացման հետ, կոչ է անում Բայդենի վարչակազմին «ապահովել, որպեսզի Ադրբեջանը առերեսվի իր գործողությունների հետեւանքներին եւ չխրախուսվի ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների ոտնահարման եւ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 120.000 հայերի էթնիկ զտման համար»:

Նշվում է. «Ամերիկան պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը եւ մերժի Ադրբեջանի ագրեսիվ պահանջները։ Սա նշանակում է՝ դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին եւ պատժամիջոցներ կիրառել չարաշահումների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ»:

Կոչը եզրափակվում է՝ նշելով. «Քանի որ առաջնորդները հավաքվում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Բայդենի վարչակազմը պետք է երաշխավորի, որ Ադրբեջանը հետեւի է միջազգային օրենքներին՝ ներառյալ հայ ռազմագերիների վերադարձը, մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությունը եւ Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը՝ միջազգային երաշխիքների ներքո։

Մանրամասները՝ ArmLur.am կայքում:

 

 

ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԸ՝ ԹԱՓՈՒՐ

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը դեռ թափուր է մնում։

Հիշեցնենք, որ հուլիս 3-ին Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմում խուզարկությունների արդյունքում բերման էին ենթարկվել Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանն ու նրա տեղակալ Դավիթ Բալասանյանը։ Վերջիններս ձերբակալվել էին։

Քննչական կոմիտեից հայտնել էին, որ վարույթը հարուցվել է մի խումբ պաշտոնյաների կողմից, իշխանական լիազորությունները չարաշահելով, առանձնապես խոշոր չափով վնաս պատճառելու, կաշառք ստանալու, տալու եւ կաշառքի միջնորդության հոդվածներով։ Առանց անուններ նշելու՝ իրավապահները հայտնել են՝ մեղադրանք է առաջադրվել 8 մարդու, այդ թվում՝ 3 պաշտոնյայի։

Խուզարկությունից մեկ օր անց Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանն ու նրա երկու տեղակալները՝ Գեղամ Կարապետյանն ու Դավիթ Բալասանյանը կալանավորվեցին:

Վարչական շրջանի ղեկավար Ազատյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը եւ 30 մլն դրամ գրավ. իսկ տեղակալներն անազատության մեջ են:

«Ժողովուրդ» օրաթերթին քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնեց, որ Արաբկիրի թաղապետի ԺՊ մինչ օրս չի նշանակվել։

Այսինքն՝ թաղապետի կալանավորումից շուրջ 6 օր անց՝ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը թափուր է մնում։

 

 

 

2,4 ՄԼՆ ԴՈԼԱՐ՝ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ

ԱՄՆ ՄԶԳ-ն 2,4 մլն դոլար կտրամադրի ՀՀ-ին քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացման համար: Այս մասին իր ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կառավարիչ Սամանթա Փաուերը։

«Այս պահին հայտարարում եմ եւս 2,4 մլն դոլարի ֆինանսավորման մասին, որը կօգնի ամրապնդելու իրավական դաշտը, որպեսզի տեխնոլոգիաներն այնպես զարգանան, որ պաշտպանված լինեն քաղաքացիների անձնական տվյալները, եւ որպեսզի երաշխավորված լինեն քաղաքացիների, մարդու իրավունքները»,-հայտարարել է նա:

 

 

 

 

 

 




Լրահոս