Ամառվա այս օրերին շատերն արդեն հասցրել են կազմակերպել իրենց հանգիստը, ինչպես Հայաստանից դուրս, այնպես էլ Հայաստնանի ներսում:
«Ժողովուրդ» օրաթերթը շատ անգամներ է անդրադարձել Հայաստանի տեսարժան վայրերում հանգստի գոտիների արժեքներին, այս անգամ հերթը Ենոքավանինն է:
Այսպիսով՝ «Ապագա Ռեզորթ» հյուրանոցում կան 12 երկհարկանի քոթեջներ, յուրաքանչյուր քոթեջում առկա է 2 սենյակ։
Հյուրանոցում կգտնեք նաեւ ձիավարման ծառայություն, արշավներ, ձկնորսություն, ֆուտբոլի եւ վոլեյբոլի դաշտեր:
Այդտեղ ստանդարտ մեկտեղանի քոթեջի արժեքը 22.500 դրամ է:
Երկտեղանի ստանդարտ քոթեջի արժեքը 25.500 դրամ է, հյուղակը՝ 30.700 դրամ: Դելյուքս մեկտեղանի քոթեջը արժե 33.700 դրամ:
Հյուրանոցում կա բար, ռեստորան, ավտոկայանատեղի, կոնֆերանս դահլիճ, անվճար Wi-Fi ինտերնետ:
«Լաստիվեր Ռեզորթ»-ում (2 անձ, երկտեղանի մահճակալ) սենյակի արժեքը 22.500դրամ է:
Լյուքս համարինը (2 + 2* անձ, 1 երկտեղանի king size մահճակալ եւ 1 բացվող բազմոց)՝ 37.500 դրամ:
Դելյուքս համարների արժեքը (2 + 2* անձ, 1 երկտեղանի king size մահճակալ եւ 1 բացվող բազմոց)՝ 27.500 դրամ:
Ընտանեկան համար (4 + 2* անձ, 1 հատ երկտեղանի մահճակալ, 2 հատ մեկտեղանի մահճակալ եւ բացվող բազմոց)՝ 45.000 դրամ:
«Գետահովիտ ռեզորթ»-ում հետեւյալ գներն են գործում՝
Փաթեթ 1: 3 օր/ 2 գիշեր. մեկ անձի համար նախատեսված սենյակների արժեքը 30.000 դրամ է:
Սնունդը՝ նախաճաշ: Հյուրանոցի մեկ օրվա արժեքը մեկ անձի համար ստանդարտ համարում 15.000 դրամ է:
Փաթեթ 2: 4 օր/ 3 գիշեր, երկու անձի համար, արժեքը՝ 75000 դրամ: Սնունդը՝ նախաճաշ:
Հյուրանոցի մեկ օրվա արժեքը երկու անձի համար ստանդարտ համարում 25.000 դրամ է:
Ինչո՞վ է առանձնանում Ենոքավանը. Ենոքավանն առանձնանում է ոչ միայն իր բնությամբ, այլ նաեւ էքստրեմալ հանգիստ կազմակերպելու հնարավորությամբ՝ սուր զգացողություների սիրահարների համար։
Սա այն գյուղն է, որտեղ 2016 թվականի ապրիլին բացվեց «Յելլ Էքսթրիմ Պարկ»-ը։ Այն փորձությունների այգի է՝ վայր, որտեղ կարող եք, առանց պրոֆեսիոնալ մարզիկ լինելու, զբաղվել էքստրեմալ տարբեր սպորտաձեւերով։
«Յելլ Էքսթրիմ Պարկ»-ը հայտնի է հատկապես զիփլայնով, այն Հայաստանում առաջինն էր։ Ունի հինգ թռիչքուղիներ, որոնցից յուրաքանչյուրը տարբեր բարձրություն եւ տարբեր երկարություն ունի։ Եթե ճանապարհն սկսեցիր, ապա անպայման ավարտին պիտի հասցնես։ Սա էքստրեմալ հաճույք է, որն անպայման պետք է վայելել։
Բացի զիփլայնից՝ փորձությունների այգին առաջարկում է նաեւ փեյնթբոլ, արտաճանապարհային տուրեր եւ ձիարշավային տուրեր։
ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«ԳՅՈՒՐՋԻԵՎ» ԱՆՍԱՄԲԼԻ ՆՈՐ՝ «ԶԱՐԹԻՐ» ԱԼԲՈՄԸ
Հուլիսի 16-ին՝ ժամը 19։00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում բացառիկ համերգային ծրագրով հանդես կգա «Գյուրջիեւ» անսամբլը, որի ընթացքում տեղի կունենա նաեւ երաժշտախմբի նոր՝ «Զարթիր» ալբոմի շնորհանդեսը։
Այս տարի գերմանական հեղինակավոր ECM Records լեյբլում թողարկվեց «Գյուրջիեւ» անսամբլի երրորդ՝ «Զարթիր» խորագրով ալբոմը։ Այն վերաիմաստավորում է հայազգի մեծանուն մտավորական, հոգեւոր ուսուցիչ, կոմպոզիտոր, պարուսույց եւ փիլիսոփա Գեորգի Գյուրջիեւի երաժշտությունը՝ ժողովրդական գործիքավորմամբ։
Ձայնասկավառակում անդրադաձ կա նաեւ հայ աշուղների եւ բանաստեղծների հարուստ ավանդությանը՝ Ջիվանի, Բաղդասար Դպիր, Սայաթ-Նովա։ Ալբոմի տպավորիչ շապիկի պատկերը Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից է:
Վերջին տարիներին միջազգային լայն ճանաչում ձեռք բերած անսամբլում ընգրկված են հայկական ավանդական գործիքներ կատարող փայլուն երաժիշտներ։ Անսամբլի հարուստ ստեղծագործական պատմությունը ներառում է Music of Georges I. Gurdjieff եւ Komitas ալբոմները, որոնք արժանացել են հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Նիդեռլանդական Edison Awards-ը:
Ելույթներ ունենալով 30 երկրի շուրջ 150 քաղաքներում՝ աշխարհի ամենահեղինակավոր համերգասրահներում եւ խոշոր միջազգային փառատոներում, հայկական «Գյուրջիեւ» անսամբլը՝ Լեւոն Իսկենյանի ղեկավարությամբ, գեղարվեստական որակի նոր նշաձող է սահմանում՝ կապելով արեւելքի եւ արեւմուտքի հնագույն եւ ժամանակակից ավանդույթները, ներկայացնում հայկական հոգեւոր եւ մշակութային էության բարձրարվեստ դրսեւորումներ:
The New York Times-ը գրում է. «Հզոր եւ հիպնոտիկ: «Գյուրջիեւ» անսամբլը ունկնդիրներին հնարավորություն է տալիս լսել երաժշտության էթնիկ առանձնահատկությունն ամենավառ գույներով»:
The Guardian, BBC, Songlines, The Independent – այս պարբերականների հիացական գնահատականները հայ ավանդական երաժշտության, ազգային գործիքների խորհրդավոր հնչողության եւ անսամբլի կատարողական բարձր վարպետության վերաբերյալ ինքնին խոսուն են։
8 ՄԵԴԱԼ՝ ՖԻԶԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Խանտի Մանսիյսկում տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադային Հայաստանի հավաքականն արժանացել է 2 արծաթե եւ 6 բրոնզե մեդալների։ Բոլոր աշակերտները Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի եւ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտներն են։ Օլիմպիադային մասնակցում էր 19 երկրի 108 աշակերտ։
Արծաթե մեդալի են արժանացել ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արսեն Աղայանը եւ ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի սան Արտյոմ Գասպարյանը:
Բրոնզե մեդալի են արժանացել ՀԱՊՀ-ի ավագ դպրոցի սաներ Արմեն Գազազյանը, Նարեկ Մովսիսյանը եւ Արսեն Ասատրյանը, իսկ ֆիզմաթ դպրոցից՝ Նարեկ Գալստյանը, Սմբատ Պողոսյանը եւ Գոռ Հասրաթյանը:
ՌՈՒՍՆԵՐԸ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԾԱԽԵԼ ԶՈՐԱՆՈՑԸ
Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղից տեղեկացանք, որ ավելի քան 10 օր առաջ ռուսական զինուժը ՀՀ ԱԱԾ-ին ի պահ է հանձնել Ոսկեպարի սահմանագոտում կառուցված զորանոցը։ Այդտեղ գտնվող 20-30 հոգանոց ՌԴ զորախումբը հեռացել է։ Ռուսական կողմը փորձել է Հայաստանին վաճառել հավաքովի մոդուլներից կառուցված զորանոցը, սակայն թանկ գին են ասել, գործարքը չի կայացել։ Ռուսական զինուժը հետո կքանդի այդ զորանոցը։ Հայտնի չէ, թե ինչ կլինի հայ-ռուսական երկթեւ խաչքարի հետ, որը հառնում է զորանոցի կողքին։ Ռուսական զինուժը Ոսկեպարի սահմանագոտում էր գտնվում 2021 թվականի օգոստոսի 2-ից. սկզբում ռուսաստանցի զինծառայողները բնակվում էին Ոսկեպարի դատարկ տներից մեկում, հետո ՀՀ կառավարության առաջարկով Նոյեմբերյան համայնքի կողմից նվիրաբերված 2 հեկտար տարածքում զորանոց կառուցեցին։
ԾՐԱԳԻՐԸ ՁԱԽՈՂՎԱԾ Է
ՔՊ-ական իշխանությունը տարփողեց, որ մինչեւ 2026 թվականը ՀՀ կառավարությունը կիրականացնի Հայաստանում 300 դպրոցի ու 500 մանկապարտեզի նորոգման, կառուցման եւ վերակառուցման ծրագիրը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք, թե ներկայումս Տավուշի մարզում քանի՞ դպրոց ու մանկապարտեզ է կառուցվում։ Մարզպետարանից պատասխանել են. «Տավուշի մարզում ներկայումս կառուցվում է Բագրատաշենի մոդուլային մանկապատեզը եւ Գանձաքարի, Կիրանցի, Դովեղի նոր դպրոցները» ։ Դովեղի դպրոցի շինարարությունը ֆինանսավորման ընդհատման պատճառով ավելի քան 3 ամիս է՝ դադարեցված է։ Ադրբեջանին միակողմանի կերպով տարածքներ հանձնելու հետեւանքով նոր ձեւավորված սահմանից 50 մետր հեռավորությամբ կառուցվող Կիրանցի դպրոցի շենք, ամենայն հավանականությամբ, Կիրանցի աշակերտները չեն հաճախելու, նորակառույց շենքը ծառայելու է որպես սահմանապահների զորանոց։
ՏԱՎՈՒՇԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է 541 ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾ
2023թ. աշնանը Տավուշի մարզում բնակություն է հաստատել Արցախից բռնագաղթած 780 ընտանիք՝ 2970 անձ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք, թե ներկայումս մարզում Արցախից բռնագաղթած քանի՞ ընտանիք, քանի՞ անձ է բնակվում։ Մարզպետարանից պատասխանել են. «2024թ. հունիսի 15-ի դրությամբ Տավուշի մարզի բնակավայրերում հաշվառված է ԼՂ-ից բռնի տեղահանված 694 ընտանիք, 2429 անձ»։ Արցախցիները Տավուշից հեռացել են, որովհետեւ սահմանամերձ մարզում սեփական բնակարան չունեն, չեն կարողանում իրենց մասնագիտությամբ աշխատատեղ գտնել, Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի դեպքում թիրախներից մեկը Տավուշի սահմանագոտին է լինելու, ինչն անհանգստացնում է Ադրբեջանի հարձակման հետեւանքով զոհեր տված, հայրենիք, տուն, ապրուստ կորցրած արցախցիներին, որոնք իրենց համար բնակության ապահով վայրեր են ընտրում։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ