Հայաստանի վաստակավոր արտիստ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, պարարվեստի նվիրյալ Սոֆի Դեւոյանը նշեց ծննդյան 75-ամյակը:
Օրվա շրջանակում Ժողովրդական երաժշտության եւ պարի ազգային կենտրոնը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում իրականացրել է «Սոֆի Դեւոյանն ու Պարի պետականը» խորագրով Հայաստանի պարի պետական անսամբլի համերգային երեկոն: Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Շնորհավորելով պարուհուն՝ Ժաննա Անդրեասյանը նշել է. «Այն, ինչով Դուք զբաղվում եք, ոչ միայն մշակույթ է, այլեւ մարմնի կրթություն ու գեղագիտական ճաշակ, որի շնորհիվ բազմաթիվ երեխաներ ստացել են ճիշտ ուղղորդում ու գիտելիք։ Վստահ եմ՝ այդ դպրոցն անցնելով՝ մենք ձեռք ենք բերել ոչ միայն պարուհիներ ու արվեստի մարդիկ, այլեւ լավ քաղաքացիներ։
Գնահատելի է այն աշխատանքն ու արվեստը, որ շարունակաբար կերտում եք՝ մասնակիցը դարձնելով նաեւ մեզ, որովհետեւ Ձեր յուրաքանչյուր ներկայացում վայելք է»։ Նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ոսկե մեդալով է պարգեւատրել Սոֆի Դեւոյանին՝ պարարվեստում ունեցած նշանակալի ավանդի, երկարամյա գործունեության, ինչպես նաեւ ծննդյան 75-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ծնվել է 1949 թ. հուլիսի 8-ին, Երեւանում: 1951թ. ընտանիքով տեղափոխվել է Օրենբուրգի շրջանի Բուզուլուկ քաղաք, որտեղ ընդունվել է միջնակարգ դպրոց: 1961թ. ընտանիքով վերադարձել է Երեւան: 1961-67 թթ. սովորել է Երեւանի պարարվեստի պետական ուսումնարանի դասական պարի բաժնում: 1967 թ. ընդունվել է Հայաստանի Պարի պետական համույթ, որտեղ շուրջ 25 տարի պարել է որպես մենակատար, իսկ 1986 թվականից եղել է համույթի պարուսույցներից: Ելույթներ է ունեցել աշխարհի տարբեր երկրների բեմերում` «Օլիմպիա», «Գրանդ Օպերա», «Մետրոպոլիտեն Օպերա», «Կարնեգի Հոլլ» եւ այլն: Պարի պետական համույթի պարացանկում պարել է «Սուսերով պար», «Շալախո», «Ուզունդարա», «Սայաթ-Նովա», «Խաղողի պար», «Գնչուական», «Սյուիտ», «Չինար ես», հայկական ժողովրդական եւ այլ պարեր: Լոնդոնում «Ղարաբաղի եղնիկ» պարի կատարմամբ հռչակավոր բալետմայստեր Ջորջ Բալանչինի կողմից արժանացել է «Հայկական կարապ» կոչմանը: 1973 թվականին նկարահանվել է «Կամոյի վերջին սխրանքը» ֆիլմում: 1992 թվականին ստեղծել է «Պարի եւ հոգու թատրոնը»: Հեղինակել է մի քանի բեմադրություններ` «Կոմիտասը մեր աչքերով», «Ամարաս», «Ընդդիմություն», «Ազնավուրյան ակնթարթներ», «Ես հավատում եմ», սյուիտ՝ նվիրված Սերգեյ Փարաջանվին եւ շուրջ 800 պարային համար: Պարարվեստի ուսումնարանի տնօրեն Թերեզա Գրիգորյանի պատվերով բեմադրել է «Սամսարա» պարը` միջազգային փառատոնի համար, որը տեղի է ունեցել Շվեյցարիայի Լոզան քաղաքում եւ ընդգրկվել է լավագույն բալետմայստերների տասնյակում: Դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ հյուրախաղերով հանդես է եկել Բեյրութում: 2005 թվականին նկարահանվել է նրանց համատեղ տեսահոլովակը: 1995 թվականին ստեղծել է նոր ոճ, որտեղ չկան զգեստ, դեմք. կան միայն ոտքեր եւ ձեռքեր: Այդ ոճի մեջ արտացոլվում են հայկական մանրանկարչությունը եւ փիլիսոփայությունը: 1994 թ. ստեղծել է մշակույթի կենտրոն, որտեղ գործում են բազմաթիվ պարային խմբակներ, ինչպես նաեւ մանկական անսամբլներ: 2009 թվականից համագործակցել է «Արմենիա» հեռուստաընկերության հետ, որտեղ խաղացել է մի քանի հեռուստասերիալներում: 1984 թվականին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2009 թվականին՝ ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:
«ՎԱՐՊԵՏ» ՄՐՑԱՆԱԿԸ ՀԱՆՁՆՎԵԼ Է Գ. ՊԸԼՏՅԱՆԻՆ
Երեւանի՝ «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնի շրջանակում փառատոնի պատվավոր հյուրերը, մասնակիցները եւ կազմակերպիչները հյուրընկալվեցին Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում գործող «Aratashen winery» գինարանում: Օրը հատկապես նշանավորվեց նրանով, որ հենց Aratashen Winery գինարանում, կինոյում մեծ ավանդի համար, «Վարպետ» մրցանակը հանձնվեց Գրիգոր Պըլտյանին, ով, ցավոք, առողջական խնդիրների պատճառով չկարողացավ ներկա գտնվել արարողությանը։
Պըլտյանը լայնորեն ճանաչված է իբրեւ ժամանակակից արեւմտահայ գրականության ամենակարեւոր գրական գործիչներից եւ արեւմտահայերենով գրող ամենանորարար ստեղծագործողներից մեկը։ Բեղուն տաղանդով վիպագիր, ակնարկագիր եւ գրաքննադատ Պըլտյանը հեղինակել է ավելի քան 30 հատոր աշխատանք, որոնք լույս են տեսել Մերձավոր Արեւելքում, Եվրոպայում, Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում։ Ծնված լինելով Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝ արդեն երկար տարիներ նա ապրում է Փարիզում եւ դասախոսություններ կարդում Եվրոպայում ու ԱՄՆ-ում։
«ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՐԳԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
«Ֆասթ» բանկի աջակցությամբ «Մետրո» թատրոնում կայացել է «Հեղինակային երգի» միջազգային փառատոնի նախընտրական փուլը: Ելույթ են ունեցել 60 հայտերից ընտրված 27 հեղինակ-կատարողներ: Մասնագիտական ժյուրին՝ երգահան Էդուարդ Զորիկյանի գլխավորությամբ, ընտրել է տասը լավագույններին:
«Շնորհակալությունս պետք է հայտնեմ «Ֆասթ» բանկին: Շնորհիվ այդ աջակցության՝ մենք այսօր հնարավորություն ունենք երիտասարդությանն ինտեգրելու, հնարավորություն ունենք ժանրի գործունեությունը զարգացնելու փառատոնային ձեւաչափի մեջ: Այդ աջակցության շնորհիվ է, որ երիտասարդները հնարավորություն են ստանում ավագ սերնդի հետ այդ խաչմերուկը ձեւավորել, ստեղծագործական կյանք ունենալ եւ այդ ընթացքը ստանալ հենց այս փառատոնի շրջանակներում», – նշել է «Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը։
Հավելենք, որ հուլիսի 19-ից 21-ը Սեւանում տեղի կունենա հեղինակային երգի «Հուսո առագաստ -2024» միջազգային փառատոնը: Փառատոնային եռօրյա համերգային ծրագրի շրջանակներում կլինեն նաեւ հյուրեր այլ երկրներից: «Ֆասթ» բանկն արդեն երկրորդ տարին է, ինչ փառատոնի գլխավոր հովանավորն է: Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարեւոր մաս է աջակցությունը Հայաստանի մշակութային նախագծերին:
ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի պատվիրակությունը հուլիսի 12-24-ը Հունգարիայի Դեբրեցեն եւ Միշկոլց քաղաքներում կմասնակցի Եվրոպական համալսարանական խաղերին:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, Հայաստանի պատվիրակության ղեկավար Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ խաղերին կմասնակցեն Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները:
ՀՊՏՀ-ի ուսանողները հանդես կգան աղջիկների սեղանի թենիս, իսկ ՀՖԿՍՊԻ ուսանողները՝ պարա սեղանի թենիս, շախմատ եւ թաեքվոնդո մարզաձեւերում:
«Սպասելիքները մեծ են, քանի որ մասնակցելու են Հայաստանի հավաքականների կազմերը համալրած ուսանող մարզիկները, որոնք մեր երկրի անունը բարձր են պահում նաեւ տարբեր միջազգային մրցաշարերում»,- ասում է Հովհաննես Գաբրիելյանը:
ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների թիմում ներառված են Մանե Ղազարյանը, Ասյա Պողոսյանը եւ Հայաստանի անհատական առաջնության չեմպիոն Ռիմա Խլղաթյանը: Մարզիչն ամբիոնի դասախոս Մեսրոպ Ղազարյանն է, որն ընդգրկված է նաեւ Հայաստանի սեղանի թենիսի հավաքականի մարզչական շտաբում:
Պարա սեղանի թենիս մրցաձեւում Հայաստանը կներկայացնի ՀՖԿՍՊԻ ուսանող Գեւորգ Բեգլարյանը: Նրան կուղեկցի ամբիոնի վարիչ, մարզիչ Ռիմա Բեգոյանը:
Շախմատի հավաքական թիմում ընդգրկված են գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը եւ Արտյոմ Մանուկյանը: Մարզիչը Երվանդ Հակոբյանն է:
Թաեքվոնդոյի թիմում ընդգրկված են Հայաստանի առաջնությունների տիտղոսակիր մարզիկներ, միջազգային տարբեր մրցաշարերի մասնակիցներ Մելինե Հովհաննիսյանը եւ Դավիթ Թորոսյանը:
Եվրոպական համալսարանական խաղերին կմասնակցի 36 երկրի շուրջ 5000 պատվիրակ: Մրցաշարը կանցկացվի 20 մարզաձեւից:
ԻՍՊԱՆԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ՝ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ
Իսպանիայի հավաքականը երեկ (խմբ.) հաղթեց Ֆրանսիային (2-1) եւ դարձավ պատմության մեջ առաջին թիմը, որը հաղթեց Եվրոպայի առաջնությունում վեց հանդիպում անընդմեջ մեկ մրցաշարի ընթացքում:
Նախկինում մրցաշարի ռեկորդը կիսում էին 1984 թվականի Եվրոպայի (Ֆրանսիա) եւ 2020 թվականի (Իտալիա) առաջնության հաղթողները՝ 5-ական հաղթանակ։
Իսպանիայի հավաքականը Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում արդեն 13 գոլ է խփել: Սա Եվրո-2020-ում Իսպանիայի հավաքականի ռեկորդի կրկնությունն է։