«Ժողովուրդ» օրաթերթն օրերս հարցումով դիմել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին՝ հետեւյալ հարցադրումներով. «Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը հունիսի 13-ին ծավալուն դիմում է ներկայացրել Խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին՝ ներկայացնելով խոշտանգման սարսափելի փաստեր: Վստահաբար, որեւէ կասկած չկա, որ խոշտանգումներ են կիրառվում նաեւ մյուս հայ բանտարկյալների նկատմամբ: Ձեր կողմից այսօր ՀՀ քաղաքացիների խոշտանգումների մասով թույլ եւ ընդհանրական արձագանք եղավ (դիմումից 12 օր անց):
- Արդյո՞ք Ձեր արձագանքի ուշացումը պայմանավորված է արցախցի գործիչների հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի (մասնավորապես՝ «ԼՂ-ի կղերաֆեոդալական էլիտայի» մասին հայտարարությունը), իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որոշ ներկայացուցիչների, ինչպես նաեւ իշխանամերձ փորձագետների (օրինակ՝ Դանիել Իոաննիսյանի գնահատականները) հայտարարություններով: Եթե ոչ, ինչո՞վ կբացատրեք այդ համընկնումները:
- Բացի ընդհանրական գնահատականից՝ առ այն, որ «այդ հանգամանքն անընդունելի է եւ միջազգային հանրության կողմից պետք է արժանանա պատշաճ գնահատականի», նախատեսո՞ւմ եք արդյոք ՄԻՊ-ի ինստիտուտի գործիքակազմով քայլեր ձեռնարկել Բաքվի բանտում՝ ՀՀ քաղաքացիների խոշտանգումների հարցի հետ կապված: Խնդրում ենք մանրամասնել, թե ե՞րբ եւ հստակ ի՞նչ քայլեր եք նախատեսում ձեռնարկել»:
ՄԻՊ Անահիտ Մանասյանի գրասենյակից ստացանք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք հետեւյալը. Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքով սահմանված դեպքերում՝ նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը։
Այս համատեքստում ցանկանում ենք ընդգծել, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ունի միջազգայնորեն հաստատված անկախության ամենաբարձր՝ «A» կարգավիճակը։ Մարդու իրավունքների պաշտպանն իր մանդատի սահմաններում որեւէ խնդրի վերաբերյալ բարձրաձայնելուց կաշկանդված չէ։
Ի պատասխան Ձեր հարցի՝ տեղեկացնում ենք, որ ներկայացված խնդիրը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի մանդատի շրջանակներում չէ։ Միեւնույն ժամանակ, ՄԻՊ Անահիտ Մանասյանը միջազգային գործընկերների հետ հանդիպումների եւ այլ ձեւաչափով հաղորդակցության շրջանակում մշտապես է բարձրաձայնում ինչպես Ռուբեն Վարդանյանի, այդպես էլ Ադրբեջանի կողմից ազատությունից զրկված մյուս էթնիկ հայերի հիմնարար իրավունքներին առնչվող հարցեր։
Շարությունը՝ ArmLur.am կայքում:
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երեկ հերթական անգամ տապալեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԿԿՀ անդամի պաշտոնի համար առաջադրվել էին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վարչության նախկին պետ Նարինե Ավետիսյանն եւ արցախցի իրավաբան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախկին փորձագետներից Վաղարշ Աղաբեկյանը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՔՊ-ականները հիմնականում դրական տրամադրվածություն են ունեցել Նարինե Ավետիսյանի նկատմամբ ու կողմ են եղել նրա թեկնածությանը, իսկ Վաղարշ Աղաբեկյանն ի սկզբանե ՔՊ-ականների «սրտով» չի եղել: Երեկ՝ ԿԿՀ անդամի ընտրության քվեարկությունից առաջ, ՔՊ-ն ֆրակցիայի փակ նիստ է արել եւ, ի վերջո, թեկնածուներից ոչ մեկը բավարար ձայներ չհավաքեց: Հավանաբար, իշխանականները փնտրում են իրենց «սրտի» թեկնածուին, ով անմնացորդ լոյալություն կցուցաբերի եւ աչք կփակի իրենց կոռուպցիոն սկանդալների վրա, բայց ընդդիմադիրների հայտարարագրերը կստուգվեն ամենայն մանրամասնությամբ:
ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը կուսակցական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՌԴ-ն «փուլ առ փուլ» դուրս է գալիս Հայաստանից։ Մանիպուլյացիաների ու ստերի տարածումը ՔՊ-ականների համար վաղուց սովորություն է դարձել։ Այդ շարքից է նաեւ պատգամավորուհու՝ հարցազրույցում արած պնդումը։ Միայն թե, արժեր Սոնա Ղազարյանին հիշեցնել, օրինակ, Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, թե ռուս սահմանապահները դուրս կգան Հայաստանի մի շարք մարզերից, բայց կմնան հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին։ Ընդ որում, շատ կարեւոր է հայ-իրանական սահմանին ռուս սահմանապահների ներկայությունը, քանի որ, եթե Թուրքիայի հետ ունենք չկարգավորված հարաբերություններ ու ռազմական ագրեսիայի վտանգ, ապա հայ-իրանական սահմանին այդ վտանգն առկա չէ: Հիմա ՌԴ-ի՝ իբր Հայաստանից «փուլ առ փուլ» դուրս գալու մեկ այլ օրինակ. Վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մայիս ամիսների արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշները։ Եվ ահա, այս ընթացքում ՌԴ-ի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը կազմել է ընդհանուր առեւտրի 45.9 տոկոսը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 36.1 տոկոս էր։ 16.3 մլրդ դոլար առեւտրից 7.5 մլրդ դոլարը բաժին է հասնում ՌԴ-ին։ Ընդ որում, ավելի քան 5 անգամ աճել է Ռուսաստանից ներկրումների ցուցանիշը։ Էլ չենք ասում, որ Հայաստանի համար առանցքային կարեւորություն ունեցող ոլորտները՝ էլեկտրաէներգիա, գազ, երկաթուղի եւ այլն ռուսական ընկերություններինն են։
Իսկ որեւէ երկրի ներկայությունը միայն ռազմաբազաների տեսքով չէ, այլ նաեւ տնտեսական։
Օրինակները բազմաթիվ են, եւ պատգամավորին չէր խանգարի նման ցուցանիշներին ծանոթանալ՝ նախքան ելույթ ունենալը։
Մի բան էլ՝ իր գործընկերները վերջերս հաճախակիացրել են այցերը դեպի ՌԴ՝ հակառակ հակառուսական հայտարարությունների։ ԱԺ պատգամավորների այցելությունները Ռուսաստանի Դաշնություն՝ ՌԴ-ի՝ ՀՀ-ից «փուլ առ փուլ» դուրս գալու տրամաբանության մե՞ջ են։
Հունիսի 12-ին՝ Աժ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ, լրագրողներին բռնությամբ ԱԺ օթյակից դուրս հանելու միջադեպով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով վարույթ է նախաձեռնվել։ Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ 2024թ. հունիսի 12-ին հրապարակվել է՝ «Պատգամավորները քաշքշում են միմյանց. ընդմիջման ժամանակ կրքերը չեն հանդարտվում» վերտառությամբ տեսանյութ, որը, ենթադրաբար, նկարահանված է լրագրողների կողմից՝ ԱԺ նիստերի դահլիճի օթյակից (օթյակը նախատեսված է նիստը լսելու եւ ցանկության դեպքում նաեւ նկարահանելու համար): Տեսանյութի 4-րդ րոպեի 45-րդ վայրկյանից լսվում է, թե ինչպես են լրագրողներին դուրս հրավիրում օթյակից, մինչդեռ ԱԺ նիստը տեղի էր ունենում բաց ընթացակարգով, այսինքն՝ այն կարող էր ձայնագրվել, տեսանկարահանվել, լուսանկարահանվել, ուղիղ հեռարձակվել: Անհայտ անձը (ամենայն հավանականությամբ՝ ԱԺ անվտանգության աշխատակիցներից որեւէ մեկը) ստիպում է լրագրողներին դուրս գալ օթյակից, ինչով նա խոչընդոտում է լրագրողների մասնագիտական գործունեությունը: «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողները եւս այդ պահին գտնվել են օթյակում եւ արձանագրել են, որ ՊՊԾ աշխատակիցներին այդ հրահանգը անձամբ տվել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը եւ անձամբ օթյակի միջանցքում հետեւել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում օթյակից։ Հուսանք՝ քննչական ծառայությունները ԱԺ աշխատակազմի ենթադրյալ ինքնիրավչության վրա աչք չեն փակի, եւ Առաքելյանը օրենսգրքի ողջ խստությամբ կպատժվի՝ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար: