ԱԴՐԲԵՋԱՆԸ ՈՒԺԻ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանի հետ:

 

-Տիկին Հայրապետյան, նախ անդրադառնանք Վաշինգտոնում, Բլինկենի միջնորդությամբ` Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ կայացած հանդիպմանը։ Անմիջապես հանդիպումից հետո Արարատ Միրզոյանը գրառում էր արել այն մասին, որ պետք է սեղմ ժամկետում խաղաղւթյան պայմանագրի ստորագրման գնալ։ Այնուհետեւ Բլինքենը հայտարարեց, որ երկար ժամանակ չի մնացել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, արդեն կնքում են այն։ Դուք այս հայտարարությունները իրատեսական համարու՞մ եք։ Հնարավո՞ր է, որ առաջիկայում պայմանագիր կնքվի՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը գնալով նոր պահանջներ է առաջ քաշում. ասում է, որ մինչեւ ձեր Սահմանադրությունը չփոխեք, չի լինելու խաղաղության պայմանագիր։

-Կարծում եմ, որ ո՛չ։ Խաղաղության պայմանագիր չի ստորագրվելու, ինչը հոյակապ գիտակցում են թե՛ Վաշինգտոնում, թե՛ Երեւանում, սակայն, ընդհանուր առմամբ, փորձում են կենդանի պահել գործընթացը։ Առհասարակ Ադրբեջանը, նույն Ալիեւի խոսնակները, պատգամավորները եւ այլք, նշում են, որ Վաշինգտոնը որեւէ դերակատարում չի կարող ունենալ գործընթացում, որ գործընթացը երկկողմ է, որ պայմանները թելադրում են իրենք։

Դա այն տրամաբանությամբ, երբ Ադրբեջանը վերջին կես տարվա ընթացքում մոտ վաթսուն վարժանք ու զորավարժություն է անցկացրել՝ անհատական, համատեղ եւ այլն, ցույց է տալիս, որ այդ պետությունը չի գնում խաղաղության հաստատման ճանապարհով։ Ասեմ ավելին՝ հենց նույն Օ՛ Բրայենի այցից հետո Ադրբեջանը փաստացի ռազմաքաղաքական եւ ռազմավարական համագործակցության հռչակագիր ստորագրեց Ադրբեջանի հետ եւ պատրաստվում է միանալ BRICS-ին։ Այսինքն՝ հստակորեն ցույց տվեց իր քաղաքական դիրքորոշումը, որը չի փոխվելու։ Իրականության մեջ ես լավատեսության ոչ մի նշան չեմ տեսնում։

-Տիկի՛ն Հայրապետյան, ըստ Ձեզ, հնարավո՞ր է իրավիճակն այնպես դասավորվի, որ Ադրբեջանը գնա ռազմական գործողությունների՝ սահմանին՝ հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանը ստանում է այն ամենն ինչը պահանջում է Հայաստանից։

-Եթե ինչ պահանջում է ստանում է, ապա, լավագույն դեպքում, կկիրառի ուժի սպառնալիքը, ոչ թե բուն ուժը։ Իսկ եթե պարզապես սպառնալիք է հնչեցնում, ինչպես Տավուշում տեղի ունեցած դեպքերից առաջ, ապա այդ դեպքում սպառնալիքը հնչեցվեց, քարոզը շարունակվեց, Նիկոլ Փաշինյանը այդ սպառնալիքը վերցրեց բերեց այստեղ։ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության ղեկավարությանն օգտագործում է հայ ժողովրդի դեմ՝ բանակցային գործընթացում։ Սա է ողջ տրամաբանությունը։ Չեմ բացառում, որ նույն տրամաբանությունը կգործի նաեւ Սահմանադրության դեպքում։ Այսինքն՝ կլինեն սպառնալիքներ, Նիկոլ Փաշինյանը կասի «Ուզու՞մ եք պատերազմ լինի, եթե չէ, ապա գնացե՛ք, քվեարկե՛ք», իսկ եթե գործողություններ լինեն, կասի՝ «դուք եք մեղավոր, որ մեր երկրի դեմ գործողություններ են գնում»։ Անհեթեթ տրամաբանություն է, բայց այն աշխատում է որոշ շրջանակների դեպքում։

-Սահմանադրության օրվա առթիվ իր ուղերձում էլ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ մեզ նոր Սահմանադրություն է պետք։ Այսինքն՝ հստակ հայտարարեց, որ կատարելու է այս պահանջը։

-Դե, ըստ էության, բոլոր պահանջներն էլ կատարել է մինչեւ հիմա։ Պատմական եւ իրական Հայաստանների մասին թեզն է անգամ գեներացվել։ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի թեզերը նույնն են, անգամ բառ առ բառ են կրկնվում, նույնիսկ հոմանիշներ չեն ընտրվում։ Ես վստահ եմ, որ այդ թեզերը Բաքվում են գեներացվում եւ հրամցվում են իրեն։

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ԿՀԱՆՁՆՎԻ 23 ՄԼՆ 671 ՀԶ. ԱՐԺՈՂՈՒԹՅԱՄԲ ԳՈՒՅՔ

ՀՀ կառավարության նիստերի օրակարգից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ առաջարկվում է, որպես նվիրատվություն ՀՀ-ին, ընդունել կառուցապա¬տողներ Արսեն Առուշանյանին, Միքայել Միքայելյանին եւ Կարապետ Հայրապետյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երեւան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոց 28/3 հասցեի գույքը՝ 507.0 հազար դրամ ընդհանուր շուկայական արժեքով նշված գույքն ամրացնել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին եւ վարձակալության հանձնել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին։ Հաջորդ կառույցը Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի փողոց 23/6 շենք, 27/1 հասցեի 9.4 քառ. մետր մակերեսով պոմպակայանն է եւ պոմպակայանի սարքավորումները՝ 4414000 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն հավելվածի։

Երրորդ գույքը Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ա. Չեխովի փողոց, 47 շենք, 3-րդ մ/շ, 140 հասցեի պոմպակայանը` 16.1 քառ. մետր մակերեսով, եւ պոմպակայանի սարքավորումներն են՝ 18750000 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն հավելվածի։

Այսօր կայացած կառավարության նիստում նմանատիպ 3 չզեկուցվող հարց կա։

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին վարձակալությամբ հանձնված շինությունների շուկայական արժեքը կազմել է 507 հազար դրամ, 4 մլն 414 հազար դրամ եւ 18 մլն 750 հազար դրամ. ընդհանուր առմամբ` 23 մլն 671 հազար արժողությամբ։

Հարցը կառավարության չզեկուցվող հարցերի օրակարգում էր։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԱՌԱՐԿԱՅԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ»

Կառավարության երեկվա՝հուլիսի 11-ի նիստում կայացված որոշմամբ «Հայոց պատմություն» առարկան այսուհետ կդասավանդվի «Հայաստանի պատմություն» անվամբ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մանրամասնել է, որ ծրագրի բովանդակության մեջ հիմնականում շեշտադրվելու են պետականության վերականգնմանը, արժեւորմանը եւ պահպանմանը վերաբերող փաստերը, պատմական իրողությունները, իրադարձությունները.

«Փոխվում է այդ իրադարձությունների եւ երեւույթների մեկնաբանման մեթոդաբանական սկզբունքը, որը դառնում է պետության հետագա գոյության, զարգացման տեսանկյունից պատմական իրողությունների վերարժեւորման դիտանկյուն։ Մասնավորապես, օրինակ, այս կերպ կարող են նորովի վերագնահատվել պատմական բոլոր այն իրադարձությունները, երբ տեղի է ունեցել պետության կորուստ՝ սովորողների մոտ ձեւավորելով հնարավոր մարտահրավերների նկատմամբ ավելի վերլուծական, քննական հայացք, ինչպես նաեւ ամրապնդելով այն արժեքային կողմնորոշումը, որ պետությունը ժողովրդի եւ ազգի կազմակերպման բարձրագույն ձեւն է, ու դա պետք է ամրապնդել։

Սովորողները հնարավորություն են ստանում նորովի վերաիմաստավորել բոլոր այն ժամանակահատվածները, երբ պետությունը եւ պետական համակարգը չեն գործել: Սովորողը կկարողանա համեմատել ու համադրել այն մարտահրավերները, որն ունեցել է հայ ժողովուրդը պետության բացակայության պայմաններում»,- ասել է նա։

 

 

ՍԱՀՄԱՆԻՆ ՏԻՐՈՂ ԻՐԱՎԻՃԱԿԸ

ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ԵՄ քաղաքացիական առաքելության հետ դիտարկել է սահմանին տիրող իրավիճակը։

«Միացյալ Նահանգները ողջունում է տեւական եւ արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի գրանցած առաջընթացը»,- նշում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

 

 

ՆԱՏՕ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչն անդրադարձել է Վաշինգտոնում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպմանը:

Կոլոմինան «X»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝  նշելով, որ Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են ՆԱՏՕ-Ադրբեջան երկկողմ գործակցությունը եւ խաղաղության բանակցությունների զարգացումները:

«ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը եւ երկարատեւ խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- նշել է Կոլոմինան:

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտնել է, որ Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ռուսական կողմում ծայրահեղ ափսոսանք է առաջացրել: Նրա խոսքով՝ Երեւանը հեռացել է խնդիրների քննարկման կառուցողական մոտեցումից։

«Խոսելով անվտանգության ոլորտի մասին՝ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ, հանդես է գալիս որպես ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտներում երկկողմ բազմաթիվ պայմանավորվածությունների մասնակից՝ Երեւանի ունեցած մտահոգությունները քննարկելու կառուցողական մոտեցման փոխարեն, ցավոք, այնտեղ այլ ճանապարհ են ընտրել»,- ասել է Միխայիլ Գալուզինը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում։

Փոխարտգործնախարարը հավելել է, որ Հայաստանում նախընտրում են մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին մասնակիցների հետ:

«Հայաստանը գերադասում է մեծացնել փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի կամ դաշինքի առանձին անդամների հետ, հատկապես ՆԱՏՕ-ի չափանիշների ներդրման, զենքի գնման կամ համատեղ մարտական պատրաստության աշխատանքներ իրականացնելու առումով, էլ չեմ խոսում այս օրերին Վաշինգտոնում կայանալիք այդ ռազմաքաղաքական դաշինքի գագաթնաժողովին մասնակցելու մասին»,- ասել է նա։

Գալուզինը դա որակել է «միաժամանակ երկու աթոռին նստելու» փորձ։ Միխայիլ Գալուզինի խոսքով՝ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցության խորացումը կարող է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում:

 




Լրահոս