Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից armlur.am-ը հետաքրքրվեց` բացի պատգամավորական խումբ Քեսաբ գործուղելուց` ինչ այլ ռեալ քայլեր են կատարվում քեսաբահայերին օգնելու համար:
Քեսաբահայության օգնությունը նախ և առաջ կազմակերպում են տեղում շտապօգնության միավորները: «Նրանք առանց կորուստների դուրս հանեցին ժողովրդին: Քեսաբահայերի բոլոր խնդիրները` կենցաղային, սնունդ լուծում են մեր հայրենակիցները, այն շտապ օգնության մարմինները, որոնց հետ մենք ամեն օր աշխատում ենք»,- ասաց նախարարը:
Նախարարն ասաց, որ ինքն անընդհատ կապի մեջ է Քեսաբի քաղաքապետի հետ, որը ներկայացնում է իր խնդրանքներն ու ցանկությունները:
Տիկին Հակոբյանի խոսքով` քեսաբցիներն օր առաջ ուզում են վերադառնալ Քեսաբ: Դա է քեսաբցիների ամենամեծ ցանկությունը: «Իսկ դա կարող է լինել այն դեպքում, երբ ազատագրված կլինի Քեսաբը: Սիրիական բանակն ու միջազգային կառույցներն անում են ամեն ինչ այդ ուղղությամբ»,- ասաց տիկին Հակոբյանը:
-Հայաստանից հումանիտար օգնություն կուղարկվի՞ Քեսաբ:
-Սփյուռքի մեր համայնքներն օգնություն են ուղարկում Քեսաբ: Հայաստանը ևս այս առումով տանում է նախապատրաստական աշխատանքներ: Իսկ տեղում հումանիտար օգնության կազմակերպման աշխատանքները դրված են մեր դեսպանի հյուպատոսի վրա, որոնք ամեն օր են այնտեղ: Փորձում ենք բոլորին մոբիլիզացնել, որպեսզի ինչքան հնարավոր է շատ օգնություն հասնի Քեսաբ:
Սոնա Դավթյան