«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով 2021 թվականին Ազգային Ժողովի պատգամավոր է ընտրվել Զարուհի Բաթոյանը։
Բաթոյանը մինչ 2018 թվականի հեղափոխությունը համագործակցել է մի շարք հասարակական կազմակերպությունների հետ՝ որպես փորձագետ։ 2018-2019 թվականներին հեղափոխությունից հետո եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, ապա 2019-2020 թվականներին՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար:
2021 թվականից ԱԺ պատգամավոր է և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։
Զարուհի Բաթոյանի՝ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն՝ պատգամավորը 2014 թվականին միանձնյա սեփականությամբ ձեռք է բերել բնակարանը բազմաբնակարան բնակելի շենքում, որը գտնվում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։
ԱԺ պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են գրեթե 12,5 մլն դրամ։ Նրա հաշվետու տարվա եկամուտները կազմել են 11 մլն 327 հազար դրամ, որից 10 մլն 107 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից, իսկ 587 հազար դրամը կենսաթոշակ է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Սեռական և վերարտադրողական իրավունքի եվրպական պառլամենտական ֆորումում կատարած աշխատանքի համար Բաթոյանը ստացել է 72 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։
Բաթոյանը Արդշինբանկից ևս ստացել է եկամուտ 559 հազար դրամ։
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երեք պատգամավորները՝ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը և Ծովինար Վադանյանը նախագծերի փաթեթ են ներկայացրել, որը հասարակության շրջանում և սոցցանցերում մեծ աղմուկ է բարձրացրել։
Փաթեթում կար կետ կուսության ստուգումն արգելելու մասին։ Կանայք առաջարկում էին փաթեթում ներմուծել նաև «զուգընկեր» հասկացությունը, որով, ըստ որոշ քաղաքացիների, քողարկված պաշտպանության տակ էին առնում նույնասեռականներին։ Այս նախագծով առաջարկվում էր նաև բռնությունից պաշտպանել այն զուգընկերներին, որոնք ամուսնացած չեն, սակայն նշանված են կամ հանդիպում են։ Պատգամավորների հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ու կից օրենքներում և մի շարք օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց։
Էմմա Միքայելյան