Արցախցի Լուսինե Աղաբաբյանն, ով հիմա բնակություն է հաստատել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում, ահազանգում է այն մասին, որ պարեկները ծեծի են ենթարկել իր տղային և տեգրոջը։
Լուսինե Աղաբաբյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմեց ողջ եղելությունը, նշեց, որ երեկ՝ 17․07․2024-ին, ժամը առավոտյան 09։50-ի սահմաններում, իր տղան տանից դուրս է եկել՝ աշխատանքի գնալու նպատակով։
«Երեկ առավոտ շուտ՝ 09։50-ի սահմաններում, երեխաս աշխատանքի պետք է գնար, աշխատավայրից շուտ էին կանչել։ Աշխատավայրից անընդհատ շտապեցնում էին ու հեռախոսազանգերը ստանալուց հետո, մեր մեքենան գազ տվեց, որ շուտ հասնի աշխատավայր, ու այդ պահին պարեկներն ընկնում են իրենց հետևից։ Թե աշխատավայրում ոնց ա եղել, ինչ ա եղել՝ չգիտենք»,- ասաց Լուսինե Աղաբաբյանը։
Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ պարեկները իր տղայի հետևից հասել են մինչև Վարդենիս համայնք, այնուհետև ծեծի ենթարկել։
«Տղաս արագ գալիս ա իմ տեգրոջ տուն՝ Վարդենիս, վռազ գալիս ա, պարեկներն էլ իր հետևից են գալիս ու մտնում են տուն։ Պարեկները գազ են փչում, ինչ են փչում երկուսի դեմքներին, իմ տղային քաշում են իրենց ոտքերի տակ, քացով դոշին, մեջքին, դեմքին խփում են ու նույնն էլ տեգրոջս հետ են անում, իսկ սկեսրոջս էլ հրել ու գցել են գետնին, գլուխը հարվածել է պատին։ Այս ամենը արել են նրա համար, որ չի կանգնել, արագ ա քշել»,- ասաց Լուսինե Աղաբաբյանը։
Ահազանգողի խոսքով՝ իր տղային ուզում են ազատազրկել 5-8 տարով․
«Պարեկներն ինչ-որ բաներ են ասում, ինչ-որ բաներ են անում, որը իմ տղան մինչև հիմա էլ կանգնում, ասում ա, որ նման բան չի եղել։ Պարեկներն էլ չգիտեմ ինչ են ուզում անել, որ «Գայ»-ի վրա ցուցմունք չտանք, որովհետև ուզում են իմ տղային 5-8 տարով փակել։ Ես ցուցմունք տալու եմ»։
Աննա Սրապիոնյան