Հնարավոր է բանակցությունները տևեն 30 տարի․ սա միայն ներքին PR-ի համար է․ քաղտեխնոլոգը՝ վիզաների ազատականացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ տևած բանակցություններից հետո հուլիսի 17-ին Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով ի վերջո հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին, այս մասին երեկ հայտնել էր «Ազատություն»-ը։

«Ժողովուրդ» օրաթերթը սրա շուրջ զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։

-Պարո’ն Բադալյան, գիտենք, որ վիզաների ազատականացման գործընթացը, առհասարակ, բավական երկար է տևում, եւ այդքան էլ հեշտ գործընթաց չէ: Խնդրում եմ, որպես քաղտեխնոլոգ, մեկնաբանեք, թե որքանո՞վ եք հավանական համարում սա: Ի՞նչ գործընթացներ պետք է լինեն այս մասով և որքան ժամանակում վիզաների ազատականացումը իրականություն կդառնա։

-Շատ պրոտոկոլներ կան։ Ազատ վիզայի ռեժիմի սահմանումը դեևս չի նշանակում, որ ով, երբ ուզի կարող է գնալ ԵՄ որևէ պետություն և որքան ցանկանա մնա այնտեղ: Պետք է միանգամից ընդունվի վերադարձի ժամկետի սահմանման օրենք: Անձը որոշակի ժամանակով մեկնում է և երբ այդ սահմանված վերադարձի ժամկետը լրանա, պետք է վերադառնա, հակառակ դեպքում՝ կվտարվի և մուտքը ԵՄ տարածք կարգելվի:

Այսինքն, սա զուտ PR նշանակություն ունի, քան իրական, քանի որ այսօր էլ ԵՄ տարածքի որևէ պետություն մեկնել ցանկացողները կարող են հանգիստ գնալ և վերադառնալ: Իսկ աշխատանք ունենալու համար այնտեղ պետք է շատ դժվար գործընթաց անցնի անձը:

Առհասարակ վիզաների ազատականացման հարցը երկար տարիների տևական գործընթաց է, կարող է տասնհինգ քսան տարի տևել, իսկ, թե ինչ կլինի Հայաստանն այդ ընթացքում, ոչ ոք չգիտի: Կամ առհասարակ Հայաստանը կլինի, թե ոչ:

– Այսինքն, Ձեր դիտարկմամբ, սա հերթական PR գործողությո՞ւն է իշխանությունների կողմից մեր հասարակության համար։

-Այո, իշխանությունը փորձում է ժողովրդին ցույց տալ, որ հիմա վիզաներն ազատականացնում ենք, վաղը գնալու ենք Եվրոպա ու Փարիզի կենտրոնում մեզ համար սուրճ խմենք: Եվ դա գինն էր Արցախը հանձնելու:

-Անդամ 27 երկրների հավանությունից հետո հարցը պետք է դեռ հաստատման կդրվի ԵՄ Խորհրդում, ապա կփոխանցվի Եվրահանձնաժողովին, ըստ Ձեզ, որքա՞ն կտևի այս գործընթացը, երբ ի վերջո սրա վերջնարդյունքը կտեսնենք։

-Երկար բանակցություններ պետք է լինեն, ինչպես նաև Արցախի հարցի ամբողջական լուծում, խաղաղության պայմանագրի ստորագրում: Իհարկե դա չեն ասում, սակայն ավելի քան հստակ է, քանի որ Եվրոպական միությունը չի ցանկանում պատերազմող պետությունների հետ նման պայմանագրեր կնքել: Հետևաբար այս ամբողջ խաղաղության գործընթացի փաթեթը պիտի ավարտվի և դրանից հետո տեսնենք կկնքի, թե ոչ:

Հնարավոր է բանակցություններ սկսեն և տևեն 30 տարի, սակայն հենց այս իշխանությունը փոխվի, այդ հարցը կփակվի, քանի որ հաջորդող իշխանությունը գալու է Արցախն ազատագրելու: Ինչից հետո, իհարկե, Եվրոպական միությունն այդ հարցը նորից փակելու է։ Սա տարիներ պահանջող աշխատանք է:

-Ըստ Ձեզ, ԵՄ անդամ բոլոր պետությունները կհամաձայնե՞ն Հայաստանի հետ վիզաների ազատականացմանը, կհաստատե՞ն որոշումը։

– Դա էլ է դեռ քննարկման առարկա: Հենց դրա համար էլ սա տասնյակ տարիներ ձգվոր գործընթաց է, իսկ մենք չգիտենք հինգ օր հետո Հայաստանը կլինի, թե ոչ: Սա միայն ներքին PR-ի համար է:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս