
Եվրախորհրդարանը Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում է Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերընտրվել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահի պաշտոնում:
Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 720 անդամից 401-ը, դեմ՝ 284, ձեռնպահ՝ 15-ը։
Ֆոն դեր Լայենը իր նախընտրական ծրագրում խոստացել է Եվրամիությունը դարձնել պաշտպանական միության, սահմանել պաշտպանության հարցերով եվրահանձնակատարի պաշտոն, հզորացնել պաշտպանական արդյունաբերությունը, ավելացնել ու վերահսկել պաշտպանական ծախսերը։ Նա նաև առաջարկել է ուժեղացնել վերահսկողությունը ԵՄ արտաքին սահմանների նկատմամբ, եռապատկել ԵՄ սահմանային և առափնյա պահպանությունը, կարգավորել միգրացիայի խնդիրը:
Եվրահանձնաժողովի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել շարունակել ռազմական և ֆինանսական աջակցությունն Ուկրաինային, ուժեղացնել վերահսկողությունը ԵՄ-ում մեդիադաշտի վրա, զարգացնել հավասար պայմաններով մրցակցությունը ԱՄՆ-ի և Չինաստանի հետ՝ արագ զարգացող նոր ոլորտներում, ինչպիսիք են կանաչ տեխնոլոգիաները:
Նա նշել է, որ «Կանաչ գործարքի» շրջանակներում հիմնական շեշտը դրվելու է գործող օրենքների իրականացման վրա, այլ ոչ թե նոր կարգավորումների ընդունման: