«Ազատության» դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։
«Առանձին, բայց լավ հանդիպումներ էին», – «Ազատության»-ն ասել է բանակցություններին մոտ կանգնած դիվանագետներից մեկը։
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Լոնդոնում մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։ Ավելի վաղ Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրեցին ղեկավարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումը տապալելու համար։
Եվրոպայի խորհրդի ղեկավարի միջնորդությամբ նախորդ հանդիպումն անցած ամռանն էր Բրյուսելում։ Միշելն անկեղծ ու բովանդակային էր գնահատել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների այդ բանակցությունները։