ՄԵՐՁԱՎՈՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԳԵՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼԻՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետությունում «մեկօրյա պատերազմի» ընթացքում անհետ կորած 21 անձանց հարազատները կարծում են, որ նրանք կարող են գտնվել ադրբեջանական գերության մեջ։

 

Խոսքը Արցախի դեմ 2023թ. սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի եւ դրան հաջորդած ժամանակահատվածում ողջ հայ բնակչության վտարման մասին է։ Այդ ողբերգական օրերին Ստեփանակերտի մոտակաւքում տեղի ունեցավ նաեւ բենզինի պահեստի պայթյուն՝ խլելով բազմաթիվ կյանքեր։ Մինչեւ այժմ երկու տասնյակ մարդկանց մարմիններ չեն գտնվել եւ չեն նույնականացվել։

Զոհվածների եւ անհետ կորածների հարազաներն այսօր առավոտից բողոքի ակցիա են իրականացնում  կառավարության շենքի առջեւ։ Զոհվածների հարազատները պահանջում են իրականացնել ներկայում օկուպացված՝ Լեռնային Ղարաբաղում թաղվածների մնացորդների վերաթաղում Հայաստանի տարածքում։ Անհետ կորածների հարազատները իշխանություններից պահանջում են զբաղվել իրենց հարազատների ճակատագրով։

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ տեղեկություն կա, որ բենզինի պահեստի պայթյունի տեղում աշխատել են ադրբեջանական ծառայությունների ներկայացուցիչները։ Ինչպես հավաստիացնում են անհետ կորածների հարազատները` պայթյունի տեղում գտնված բջջային հեռախոսները եւ փաստաթղթերը չեն պատկանել անհետ կորածներին։ Ավելին` հոկտեմբերին անհետ կորածներից մեկը զանգահարել է ընկերուհուն։ Այս տեղեկությունը հանձնվել է ԱԱԾ, սակայն այդ ժամանակվանից ի վեր պաշտոնական աղբյուրներից հարազատները ոչ մի տեղեկություն չեն ստացել։

Նրանք կարծում են, որ իրենց մերձավորները կարող էին ողջ մնացած լինել եւ այժմ գտնվում են ադրբեջանական գերության մեջ։ Մարդիկ չեն պատրաստվում հեռանալ՝ պահանջելով, որ իրենց մոտ գան կառավարության ներկայացուցիչները եւ տեղեկացնեն, թե ով է զբաղվելու այդ հարցով եւ ինչ է արվում։

Ակցիան շարունակվել է ավելի քան մեկ ժամ, սակայն ոչ ոք կառավարությունից չի բարեհաճել գոնե իջնել վշտից կորացած մարդկանց մոտ։

Նշենք, որ երեկ պատերազմի ժամանակ զոհվածների եւ անհետ կորածների հարազատները հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով ներկայիս իշխանությանը գտնել իրենց հարազատներին, զբաղվել որոնման հարցերով։

Ակցիայի մասնակիցները պատրաստվում են այնքան մնալ կառավարության շենքի դիմաց, մինչեւ իրենց որեւէ մեկը կառավարությունից մոտենա եւ արձագանքի։

 

 

 

ՀԱՅ-ԲԵԼԳԻԱԿԱՆ ԿԱՊԵՐ

Ինչպես միշտ հաճելի էր հանդիպել իմ գործընկեր Հաջա Լաբիբի հետ: Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Տեղի ունեցավ հետաքրքիր զրույց` հայ-բելգիական կապերի եւ ԵՄ-ի հետ ՀՀ գործընկերության հետագա ամրապնդման ուղիների վերաբերյալ: Մենք գնահատում ենք այն, ինչին հասել ենք եւ ձգտում ենք ավելիին: Մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային հարցերի վերաբերյալ, տեղեկացրի ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ գործընթացի մասին»,- ասված է գրառման մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի կազմավորման 75-ամյակին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:

Կողմերը նշել են խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պատմական պայմանագրի կնքման ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից գրանցված առաջընթացը եւ համաձայնել են շարունակել աշխատանքները։

Էնթոնի Բլինքենը հանդիպմանը նշել է, որ Բաքուն եւ Երեւանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը։

Հանդիպումից հետո ՀՀ ԱԳ նախարարը եւս գրառում էր կատարել՝ վերահաստատելով Հայաստանի քաղաքական կամքը՝ հնարավորինս շուտ ավարտելու եւ կնքելու խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի հետ։

 

 

ՀԱՅ ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ԱԶԱՏ ԱՐՁԱԿՄԱՆ ՀԱՐՑՈՎ

Մինչեւ դիվանագետները հանդիպում են Վաշինգտոնում՝ ԱՄՆ միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների համար, հայ բանտարկյալները հյուծվում են ադրբեջանական բանտերում. սա ակնհայտ կերպով հակասում է խաղաղության ցանկացած հռետորաբանության: Այս մասին նշվում է Free Armenian Prisoners-ի ֆեյսբուքյան էջում:

«Մենք հորդորում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման հարցն առաջնահերթություն դարձնել: Չի կարող իրական խաղաղություն լինել, քանի դեռ մարդիկ շարունակում են ապօրինի կալանավորված մնալ:

Մենք կոչ ենք անում ԱՄՆ Պետքարտուղարությանն ու ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելությանը՝ դիմել կոնկրետ գործողությունների, այլ ոչ միայն խոսել: Տեւական խաղաղությունը կարող է կառուցվել միմիայն արդարության եւ մարդու իրավունքների հարգանքի հիման վրա»,-նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ անցած ամիս Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավաբանական թիմը հրատապ դիմում էր ներկայացրել ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի հատուկ զեկուցողին՝ հայտնելով նրա նկատմամբ իրականացված խոշտանգումների մասին:

Անցած շաբաթ հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ ԵԽԽՎ նախագահը՝ Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով անհապաղ վերականգնել Խոշտանգումների կանխման կոմիտեի հետ աշխատանքը:

 

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ 49 ԱՎՏՈՄԵՔԵՆԱ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ

ՀՀ կառավարությունը ավելի քան 1 մլրդ դրամով 49 մեքենա է ձեռք բերել «Ավանտգարդից», որոնց գերակշիռ մասը էլեկտրամոբիլներ են։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Ավտոմեքենաների ձեռքբերման գնման ընթացակարգերի շրջանակներում ընտրված մասնակից է ճանաչվել «Ավանտգարդ» ՍՊԸ-ն։ Ընկերության հետ պայմանագրերը կնքվել է այս տարվա հունիսի 27-ին։

Մեքենաները ձեռք բերելու համար ՀՀ կառավարության ներքո հաստատված միջոցներից 1 մլրդ 38 մլն 600 հազար դրամը կհատկացվի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին:

Մեքենաների մեջ ներառված են ներկայացուցչական 1 ամենագնաց, 6 էլեկտրական սպասարկող ամենագնաց, 39 էլեկտրական ծառայողական ամենագնաց, 3 ներկայացուցչական սեդան։

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿ

Երեկ մեկնարկել է ԱԺ արտահերթ նստաշրջանը:

Օրակարգում 13 հարց է եղել՝ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որը հնարավորություն է տալիս Արցախի ԱԱԾ այն աշխատակիցներին, որոնք կընդունեն ՀՀ քաղաքացիություն, աշխատանքի անցնել Հայաստանի ԱԱԾ-ում: Օրակարգում լինելու է «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին աղմկահարույց օրենքի նախագիծը, որով Հայաստանում կթույլատրվի հղիության ընդհատումը դեղորայքով՝ ամբուլատոր կամ հիվանդանոցային պայմաններում, սեռաբջիջը կարող են նվիրատվություն կատարել, արտահանել, ներմուծել, իսկ սուրոգատ կնոջ համար նախատեսված տարիքը կբարձրացվի։

Խորհրդարանը արտահերթ նստաշրջանին նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ կընտրի. թեկնածուները երկուսն են` Վաղարշ Աղաբեկյանը եւ Նարինե Ավետիսյանը:

 

ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին` Վաշինգտոնում եռակողմ հանդիպում կազմակերպելու համար:

X-ի իր էջում գրառմամբ Միրզոյանը վերահաստատել է Հայաստանի քաղաքական կամքը` հնարավորինս շուտ ավարտելու եւ կնքելու խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ՝ նպատակ ունենալով հաստատել կայուն խաղաղություն եւ կայունություն Հարավային Կովկասում:

 

 




Լրահոս