ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԱՐԺԵՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի բնակչության մեծամասնությունը նախընտրում է իրենց միջոցառումները կազմակերպել ամառային այս օրերին: Շատերը իրենց տոնական միջոցառումները իրականացնելու համար նախապես են ամրագրում ռեստորանները: Ինչպես երեկ գրել էինք՝ մեզ դիմած քաղաքացիները ասում են, որ ստիպված են եղել մի քանի ռեստորանի դիմել` իրենց առիթը կազմակերպելու համար, քանի որ շատ ռեստորաններում արդեն ազատ օր չի եղել:

 

Քաղաքացիներից մեկն ասաց, որ Չարենցավանի ռեստորաններից մեկում իրենց առիթը կազմակերպելու համար առաջարկել են սպասել մինչեւ սեպտեմբեր:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Գինաց» ռեստորանի փոխտնօրեն Վահան Պողոսյանն ասաց, որ իրենց մոտ ազատ տեղեր կան, բայց քիչ:

Նրա խոսքով՝ հուլիս եւ օգոստոս ամիսներին արդեն սրահները ամրագրված են՝ պայմանավորված սեզոնով:

«Բոլոր տեղերում 90% զբաղվածություն է լինում: Չաշխատող ռեստորան չի լինում հուլիս-օգոստոս ամիսներին»:

Փոխտնօրենի խոսքով՝ իրենց ռեստորանում անգամ սեպտեմբեր եւ հոկտեմբեր ամիսների համար կան ամրագրումներ:

Իսկ Խնձորենի ռեստորանի մենեջեր Մանվել Բազիրյանն ասաց, որ ամրագրումները այդքան էլ շատ չեն:

Ենթադրելի է, որ խրախճանքներն անպակաս են հասարակության կյանքից՝ կնունքներ, հարսանիքներ, ծնունդներ, գործնական հավաքույթներ, տարբեր մրցանակաբաշխություններ եւ ավարտական երեկոներ։

Ներկայացնենք նաեւ, թե ինչ արժեքների միջեւ են տատանվում ռեստորանների գները՝ մեկ անձի համար:

Դիլիջան – այստեղ կարելի է առանձնացնել «Գետափ» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրը։ Մեկ անձի համար ռեստորանում աժեքը տատանվում է 14 հազարից 15 հազարի միջեւ։

Հաջորդը «Հովեր գարդենն» է, որտեղ մեկ անձի համար արժեքը սկսվում է 16 500 ՀՀ դրամից եւ տատանվում է մինչեւ 25 հազար դրամի սահմաններում։

Դիլիջանն ամփոփենք «Դիլիջազ» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրով։ Այստեղ մեկ անձի համար արժեքը տատանվում է 21 500-ից մինչեւ 35 000 ՀՀ դրամի միջեւ։

Աշտարակ – «Վանա Լիճ» ռեզորթ, որտեղ մեկ անձի համար ռեստորանային արժեքը սկսվում է 18 000 դրամից։

«Օլդ Աշտարակ» ռեստորանում մեկ անձի համար կարող եք վճարել 17 500 դրամից սկսած։

«Վան Արդի» գինեգործարանի այգիներ։ Մեկ անձի համար ռեստորանում արժեքը տատարվում է 18 000 դրամից մինչեւ 25 000 դրամի միջեւ։

«Նազանի». «Արմենիա Վայն» գինեգործարանի ռեստորանում հստակ մենյուներ չկան, սակայն մենյու սեթեր ընտրելուց հետո` վստահ եղեք, որ այն կլինի 18-ից 25 հազար դրամի սահմաններում՝ չափազանց լի եւ առատ։

«Թուֆենկյան» հյուրանոցներ, ռեստորաններ` Ավան-Ձորագետում, Ծափաթաղում, Երեւանում եւ Դիլիջանում: այստեղ մեկ անձի համար կարելի է աթոռ ամրագրել 180 հազար դրամից սկսած։

Անդրադառնալով ավելի թանկ ռեստորաններին՝ կարելի է առանձնացնել «Պրայմ հոլլ»-ը եւ «Դվին» հյուրանոցը, որտեղ համապատասխանաբար` մեկ անձի համար պետք է վճարել 25 000 եւ 50 000 ՀՀ դրամից սկսած գումար։

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ,  ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

 

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ ՇՐՋԱՆՑԵԼ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթեւեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։

Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման եւ Մ-1 Երեւան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչեւ Իջեւան հատվածը երթեւեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթեւեկությունը միակողմանի է։

Խաշթառակ եւ Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է: Գործում է Իջեւան-Լուսահովիտ-Խաշթառակ այլընտրանքային ավտոճանապարհը (գրունտային):

Մ-6 ավտոճանապարհից Դսեղ գյուղ տանող ճանապարհահատվածը (կամրջի վերանորոգման պատճառով) փակ է, գործում է Եղեգնուտ-Դեբեդ-Դսեղ այլընտրանքային ավտոճանապարհը։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

 

ՀՈՍԱՆՔԱԶՐԿՈՒՄՆԵՐ. ՀԷՑ-Ը ՉԳԻՏԻ՝ ԵՐԲ ԿԿԱՐԳԱՎՈՐՎԻ

Երեւանի փոքր կենտրոնում հոսանքազրկումները չեն դադարում, ինչպես պարբերաբար, այնպես էլ երկար ժամանակով։

Հանրապետության 61 հասցեում երեկվանից մինչեւ այսօր (խմբ.) հոսանքազրկված է, ինչի հետեւանքով էլ որոշ հաստատություններ չեն կարողանում իրականացնել իրենց աշխատանքները։

Նշենք նաեւ, որ պարբերաբար հոսանքազրկվում են քաղաք Երեւանի շատ այլ հասցեներ, ինչը եւս դառնում է մեծ խնդիր։

Երեկ` ժամը 18։30-ի հատվածում (խմբ.) Աբովյան փողոցը հոսանքազրկված է եղել, ինչի պատճառով էլ չէին աշխատում փողոցներում տեղադրված լուսացույցերը, ինչն էլ իր հերթին ստեղծել էր խցանում։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Երեւանհէկ-ում հրդեհ էր բռնկվել, որի պատճառով էլ մինչ օրս շարունակվում են հոսանքազրկումները։

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ՀԷՑ-ի մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշել է.

«Մենք հայտարարություն ենք տարածել այս մասին, վթար է տեղի ունեցել։ Այս պահին չեմ կարող ասել, թե խնդիրը երբ է վերջնական լուծվելու, ամեն օր այդ ուղղությամբ աշխատում ենք։ Երբ վերջնական կկարգավորվի, եւս հայտարարություն կտանք, որ վերջնականապես կարգավորված է»։

Նատալյա Սարջանյանը նաեւ նշեց, որ վթարի հետեւանքով է, որ պարբերաբար հոսանքազրկումներ են լինում։

 

 

 

 

ԱՎՏՈՃԱՆԱՊԱՐՀԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են՝ շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 10-ից երթեւեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի Կիրանց գյուղով անցնող հատվածը։ Տվյալ հատվածը վարորդները կարող են շրջանցել Հ-58-Աճարկուտ-Հ-58 ավտոճանապարհով։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Ինչո՞ւ է  «ժամանակավորապես» փակվել Կիրանց գյուղով անցնող հատվածը. այն միշտ էլ փակ է լինելու, քանզի տարածքը հանձնվել է Ադրբեջանին: Կիրանց գյուղի տարածքները, միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամուրջը, Ադրբեջանին հանձնելուց հետո, Մ4 միջպետական ավտոճանապարհը դարձրել են Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհ։

 

 

ԿԻՐԱՆՑՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ՞ ՄԱՐԶԱԲԱԶԱ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հետեւյալ հարցն ենք ուղղել. «Մայիսի 29-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցած՝ Տավուշի գյուղատնտեսական զարգացման ծրագրի ղեկավար կոմիտեի նիստում, որին մասնակցել են Դուք, Ֆրանսիայի Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Ֆրանսիայից ժամանած դեպարտամենտի խորհրդի անդամներ ու այլք, Տավուշի մարզի «Զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախագահ Սոս Խաչիկյանը ներկայացրել է Կիրանց բնակավայրի տնտեսական զարգացման նախագիծը, ինչի շուրջ եղել է ակտիվ քննարկում: Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված Կիրանցի տնտեսական զարգացման նախագծով, որքա՞ն գումար է այդ նպատակով նախատեսված, ովքե՞ր են նախագծի դոնորները»։ Մարզպետարանից պատասխանել են. «2024 թվականի մայիսի 29-ին ՀՀ  Տավուշի մարզպետի աշխատակազմում Ֆրանսիայի Օ-Դը-Սեն դեպարտամենտի ներկայացուցիչների հետ Տավուշի գյուղատնտեսական զարգացման ծրագրերի ղեկավար կոմիտեի նիստի ժամանակ Կիրանց բնակավայրի տնտեսական զարգացման նախագծի ներկայացումը եղել է «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ։ Առաջարկվող նախագծով նախատեսվում է Կիրանց բնակավայրում կամ հարակից տարածքներում ստեղծել մարզաբազա եւ համայնքային բիզնես-ինկուբատոր, որը կնպաստի Կիրանցի եւ հարակից բնակավայրերի սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Նախագծի շրջանակներում «Տավուշի մարզի զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ն պատրաստվում է աշխատանքներ իրականացնել միջազգային կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ՝ ծրագրային դրույթները կյանքի կոչելու համար»։

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս