«Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի պրոդյուսերներից Անի Որսկանյանը հուլիսի 8-ին Փարաջանովի 100-ամյակի առթիվ Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցած փակ ցուցադրության ժամանակ, անդրադառնալով ֆիլմի ստեղծման ճանապարհին` նշեց.
«Այս ֆիլմն իրականություն դարձավ մեր յուրահատուկ թիմի, նրանց յուրահատուկ աշխատանքի շնորհիվ, ինչպես նաեւ այն մարդկանց շնորհիվ, ովքեր միշտ ֆիլմի կողքին էին: Շնորհակալ ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնին, ԿԳՄՍ նախարարությանը, ինչպես նաեւ Սերգեյ Փարանջանովի անվան տուն-թանգարանի ամբողջ անձնակազմին: Այս բոլոր մարդկանց եւ թիմերի շնորհիվ ունենք նման վավերագրական ֆիլմ, որն էլ նվիրում ենք Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին»:
Ֆիլմը հայ-ֆրանսիական համատեղ արտադրություն է, որին մասնակցություն է ունեցել նաեւ Մեծ Բրիտանիան:
Նախքան ցուցադրությունը` շնորհակալական խոսքով հանդես եկավ նաեւ ֆիլմի հեղինակ, պրոդյուսեր եւ ռեժիսոր Զառա Ջյանը: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր 9 հերոսներին եւ ասաց, որ ֆիլմի 10-րդ հերոսը հենց Փարաջանովն է:
Տարբեր սերունդների մշակութային գործիչներ աշխարհի տարբեր ծայրերից՝ Հայաստան, Սերբիա, Ֆրանսիա, Իտալիա, ԱՄՆ, Լատվիա, Կանադա։ Ընդհանուր գաղափարների, նպատակների եւ լուծումների որոնում` տարբեր բարիկադներում գտնվող հերոսներով, որոնց միավորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը:
Ֆիլմում անցյալը հանդիպում է ներկային։ Փարաջանովի կյանքի եւ ստեղծագործության միջոցով եւ հենց նրա հետ միասին կհետազոտվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են մարդու ազատության թեման ոչ ազատ պայմաններում, ինչպես են փշալարերը եւ պատերազմները ազդում մշակույթի եւ մշակութային գործիչների վրա, որն է, գուցե միակ ճիշտ ընտրությունը տոքսիկ իրականության պայմաններում եւ այլն: Կյանքն ու ստեղծագործելը գոյություն ունեն՝ չնայած արգելքներին եւ բռնապետություններին:
Փարաջանովն աշխարհահռչակ էր. նա մինչ օրս նշաձող եւ օրինակ է: Մեծ է նաեւ այս ֆիլմի աշխարհագրությունը: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Սերբիայում, Լատվիայում եւ Գերմանիայում, Սերբիայում՝ 2023-ի հունիսին, որտեղ նկարահանվել է հարցազրույց Էմիր Կուստուրիցայի հետ, Ռիգայում (Լատվիա)՝ 2023-ի օգոստոսին, որտեղ նկարահանվել են հարցազրույցներ Չուլպան Խամատովայի, Լորա Գուերայի հետ, Բեռլինում՝ 2024-ի փետրվարին, որտեղ նկարահանվել է հարցազրույց Ատոմ Էգոյանի հետ եւ Երեւանում՝ 2023-ի հուլիս-հոկտեմբեր եւ 2024-ի փետրվար ամսի ժամանակահատվածում, հարցազրույցներ՝ Արտավազդ Փելեշյանի, Ժոել Շապրոնի, Ալի Համրաեւի, Լեւոն Աբրահամյանի հետ: 2024-ի հունվարին, ֆիլմում նկարահանվելու նպատակով, հատուկ ճանապարհորդություն դեպի Երեւան կատարեց նաեւ Տարսեմ Սինգխը։ Երեւանում է նկարահանվել նաեւ ֆիլմի խաղարկային մասը։
Հավելենք, որ փակ դիտման պատվավոր հյուրերն էին ռեժիսորներ Ատոմ Էգոյանը եւ Տարսեմ Սինգխը, ովքեր ֆիլմի հերոսներից են։ Նրանք երկուսն էլ փաստում են, որ Փարաջանովն իրենց ստեղծագործական գործունեության վրա մեզ ազդեգություն է ունեցել՝ ոգեշնչնման աղբյուր հանդիսանալով:
ՍՏՐԱԴԻՎԱՐԻՈՒՍԻ ԵՎ ԳՎԱՐՆԵՐԻԻ ՋՈՒԹԱԿՆԵՐԸ
Կապանի միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Երեւանում էր աշխարհում ջութակի վաճառքով զբաղվող առաջատար ընկերություններից մեկի՝ համաշխարհային ճանաչում վայելող Florian Leonhard Fine Violins ընկերության ղեկավար Ֆլորիան Լեոնհարդը։
Նա Հայաստան է բերել եւ Կապանում ցուցադրել է իր հավաքածուից բացառիկ նմուշներ՝ Անտոնիո Ստրադիվարիուսի եւ Ջուզեպպե Գվարների դել Ջեզուի լեգենդար ջութակները։ Սա առաջին համագործակցությունը չէ մեր երկրի հետ. հունիսին անցկացված Խաչատրյանի անվան 20-րդ միջազգային մրցույթի առաջին տեղը զբաղեցրած ջութակահարը թույլտվություն ստացավ մեկ տարի օգտագործել Ֆլորիան Լեոնհարդի, Fine Violin հավաքածուի բացառիկ ջութակներից մեկը։
Խոսելով Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի դափնեկրին շնորհված հատուկ մրցանակի մասին՝ Ֆլորիան Լեոնհարդն ընդգծում է՝ շատ կարեւոր է, որպեսզի խոշորագույն միջազգային ստուգատեսներին, որտեղ նաեւ համաշխարհային ճանաչում ունեցող անհատներ են ներկա, առանձնահատուկ շեշտվի առաջին մրցանակի նշանակությունը։
Ֆլորիան Լեոնհարդը լավագույն գործիքների եւ երաժիշտների հետ աշխատելու ավելի քան 40 տարվա փորձ ունի։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ Հայաստան գալով՝ նպատակ ուներ իր հնարավորությունների սահմաններում աջակցելու մեր երկրին։ Նրա խոսքով՝ կա հայ տաղանդավոր երաժիշտների մի մեծ ցանկ, որոնք աշխարհում հայտնի անուններ են։ Նրանցից շատերն ապրում են Հայաստանից դուրս, սակայն ինքը նպատակ ունի օգնելու տեղի երաժիշտներին, որպեսզի երաժշտության նորագույն միտումներին կարողանան ծանոթանալ հենց Հայաստանում եւ մնան իրենց հայրենիքում՝ գործունեություն ծավալելով հենց այնտեղ։
Ֆլորիան Լեոնհարդի հավաքածուի ջութակները մեկ շաբաթ ցուցադրվել են Կապանում։ Ցուցադրությունն ունեցել է շուրջ 2 հազար 300 այցելու։ Նա ուրախությամբ է շեշտում այն փաստը, որ Հայաստանի հեռավոր շրջանում ներկայացվում է դասական երաժշտությունը, եւ ինքն էլ հնարավորություն է ունեցել կրթելու նպատակ հետապնդող այդ գեղեցիկ նախաձեռնության մի մասնիկը լինել։
ԱՆԳԼԻԱՆ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
Անգլիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Նիդեռլանդներին եւ դարձել Եվրո-2024-ի եզրափակիչ անցած երկրորդ հավաքականը։
Հանդիպման յոթերորդ րոպեին հաշիվը բացել է հոլանդացի Խավի Սիմոնսը։ 18-րդ րոպեին Անգլիայի հավաքականի ավագ Հարի Քեյնը 11 մետրանոցից հավասարեցրել է հաշիվը։ Վճռորոշ պահը եղել է երկրորդ խաղակեսի 90-րդ րոպեին, երբ հարձակվող Օլի Ուոթկինսը խփել է Անգլիայի հավաքականի հաղթական գնդակը։
Եվրոպայի առաջնության եզրափակիչը կկայանա կիրակի՝ հուլիսի 14-ին, Երեւանի ժամանակով 23:00-ին։ Իսպանիան կփորձի նվաճել չորրորդ տիտղոսը, իսկ Անգլիան՝ իր պատմության մեջ առաջինը:
ՀԱՅՏՆԻ ԵՆ ԲՈԼՈՐ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Հուլիսի 10-ին կայացան Ուիմբլդոն 2024-ի տղամարդկանց մենախաղի մրցաշարի վերջին քառորդ եզրափակիչ հանդիպումները, որոնց արդյունքներով որոշվեցին կիսաեզրափակիչի զույգերը։
Դանիլ Մեդվեդեւ (Ռուսաստան) – Կարլոս Ալկարաս (Իսպանիա)
Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – Լորենցո Մուզետի (Իտալիա)
Միայն 22-ամյա Մուզետին երբեք չի խաղացել Ուիմբլդոնի կամ ընդհանրապես Մեծ սաղավարտի մրցաշարերի կիսաեզրափակիչ փուլում։ Նովակ Ջոկովիչը, ում Լորենցոն կհանդիպի կիսաեզրափակչում, Ուիմբլդոնում ունի 7 տիտղոս։
ԴԵՇԱՄԸ ԿՄԱՐԶԻ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ
Ֆուտբոլի Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կշարունակի աշխատանքը ազգային թիմում։ Այդ մասին հայտնել է այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն.
«Որեւէ պատճառ չկա Դեշամի գործող պայմանագիրը կասկածի տակ դնելու համար։ Նախորդ մրցաշարերի արդյունքները միայն փաստում են, որ Դեշամն ու թիմը հասել են իրենց առջեւ դրված նպատակներին։ Դիդյեն կշարունակի մարզել Ֆրանսիայի հավաքականը»,- Դիալոյի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը։
55-ամյա Դեշամը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ մինչեւ 2026 թ. հուլիսի 31-ը գործող պայմանագիր ունի։ Նա հավաքականը մարզում է 2012 թ. հուլիսից։ Անվանի ֆուտբոլիստի գլխավորությամբ ֆրանսիացիները 2018 թ. դարձել են աշխարհի չեմպիոն, 2022 թ.` փոխչեմպիոն, 2019 թ. հաղթել են Ազգերի լիգայի խաղարկությունում, իսկ 2016 թ. Եվրոպայի տնային առաջնությունում հասել են եզրափակիչ։ Եվրո-2024-ում Ֆրանսիայի հավաքականը դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ 1-2 հաշվով պարտվեց Իսպանիայի ընտրանուն։