Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաճախ է մարզեր այցելում։ «Ժողովուրդ» օրաթերթը այդ այցելությունների մեկնարկից դեռ օրեր առաջ դրանց իրական նպատակների մասին գրել էր. Փաշինյանն իր վարկանիշը բարձրացնելու համար է գնում մարզեր, իրեն մատուցում՝ իբրեւ հասարակ հասանելի ղեկավար՝ հեռանկարում 2026 թվականի ընտրությունների համար ձայներ հավաքելու հույսերով։
Իսկ ովքե՞ր են նրան ուղեկցում հանդիպումների ժամանակ. բացի տեղական ինքնակառավարման մարմիններից՝ Փաշինյանին մարզերում ողջունում են ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Եղիազար Վարդանյանը, զինվորականներ եւ ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց շարքերում թերեւս ստվերում կա եւս մեկը, ով Նիկոլ Փաշինյանի կողքին է գրեթե յուրաքանչյուր այցի ժամանակ։ Խոսքը ստվերում մնացած, բայց ոչ ստվերային, «նախկինների» ժամանակներից ղեկավարների կողքին կանգնած Սարգիս Բաղինյանին է վերաբերում։
Իսկ ո՞վ է Սարգիս Բաղինյանը. Նա քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի նախկին տնօրեն է եղել։ Բաղինյանի ներկայացրած պաշտոնական հայտարարագրից տեղեկանում ենք, որ վերջին իշխանությունների օրոք՝ 2021 թվականին նա եղել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի խորհրդական, ապա դադարեցրել է պաշտոնական պարտականությունները 2023 թվականի մարտին։ Բաղինյանը, սակայն, շարունակում է Փաշինյանի կողքին մնալ՝ որպես Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչ։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը գործունեություն է ծավալում համայնքային ենթակառուցվածքների վերականգնման գործում, այսինքն՝ Փաշինյանի այցերը դպրոցներ եւ մանկապարտեզներ Բաղինյանի հետ ուղիղ կապ ունեն, քանի որ, ինչպես ArmLur.am-ը տեղեկացավ, ծրագրերը իրականացվում են այս հիմնադրամի աջակցությամբ։
Սարգիս Սուրիկի Բաղինյանի որդին՝ Սուրեն Սարգիսի Բաղինյանը, համաձայն հայտարարագրի՝ աշխատում է ազգային անվտանգության ծառայությունում՝ որպես քննչական գլխավոր վարչության ավագ քննիչ։ Սակայն, հարկ է նշել, որ 2024 թվականի տարեսկզբին ՀՀ ԱԱԾ-ի քննչական գլխավոր վարչության գործառույթները փոխանցվել են քննչական կոմիտեին։ Սարգիս Բաղինյանը հենց որդու գործոնով պամանավորված է այս տարի ներկայացրել 2023 թվականի՝ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիր։
Այսպիսով՝ քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի նախկին տնօրենը 2014 թվականին ժառանգությամբ ստացել է մեկ անվտոտնակ եւ մեկ անհատական բնակելի տուն, որոնք գտնվում են Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանում։
Բաղինյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 735 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 30 մլն դրամ, 75 հազար դոլար եւ 16 հազար եվրո։
Սարգիս Բաղինյանի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 726 հազար դրամ, որից 11 մլն 19 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից, իսկ 2 մլն 707 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ՏԿԵ նախարարությունից, քանի որ 2023 թվականի առաջին եռամսյակում նա դեռ նախարարի խորհրդական է եղել։
Բաղինյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 130 հազար դրամ։
«Հայաստանի Հանրապետությունում մամուլը հեղափոխությունից հետո ազատ է առավել, քան երբեւէ». իշխանության գալուց մեկ տարի անց՝ 2019 թվականին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն էր արել լրագրող-վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա այս հայտարարություններից շուրջ վեց տարի անց, սակայն, իրական պատկերը եւ փաստերը լրիվ այլ բանի մասին են վկայում: «Լրագրողների իշխանություն» համարվող ՔՊ-ի օրոք իշխանության վերահսկողությունից դուրս ԶԼՄ-ների նկատմամբ գրաքննությունը գնալով մեծ թափ է առնում: Իշխանությունները մի կողմից, իրենց իրավունքի ու ազատության պահապան հռչակած մի շարք ՀԿ-ներ մյուս կողմից, որոնք շատ դեպքերում առնչություն էլ չունեն լրագրության հետ, իրենց պարտքն են համարում մեդիադաշտի կարգավորման անվան տակ՝ ԶԼՄ-ներին վերահսկելու նոր մեխանիզմներ մշակելու: Հիմա էլ հերթը «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ինն է, որի նախագահը «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի կինն է՝ Տաթեւիկ Մատինյանը՝ մասնագիտությամբ՝ իրավաբան: Երեկ «Լիբերալ քաղաքականության ինստիտուտ» ՀԿ-ն, ՀՌՀ-ի հետ համատեղ, «Խթանել թափանցիկ եւ վստահելի մեդիայի զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում հանրային քննարկում էր նախաձեռնել, որի ժամանակ էլ «ավետեցին», որ մտադիր են տեսալսողական մեդայում տարածվող ատելության խոսքը վերահսկել ու այս նպատակով նոր մեխանիզմներ են մշակում: Հեռուստանման մեդիա (ԹիՎի լայք) անվան տակ մտադիր են գրաքննել եւ խմբագրել «Յութուբում», «Ֆեյսբուքում», «Տելեգրամում» եւ սոցցանցերում տարածվող կոնտենտը, չխմբագրվողներին՝ վարչական պատասխանատվության ենթարկել՝ տուգանել: Այսինքն՝ ատելության խոսք տարածող ԶԼՄ-ները, որոնց տվյալները հայտնի են, պատասխանատվության կենթարկվեն:
Առաջին հայացքից այս դրական նախաձեռնությունն այդքան մտահոգիչ չէր լինի, եթե խնդրահարույց շատ հարցեր չլինեին:
Օրինակ՝ ինչպես է մեխանիզմը գործելու օրեցօր աճող «սունկ» կայքերի դեպքում, որոնց տվյալները բացակայում են, իրական շահառուն հայտնի չէ, կամ բացվում են յութուբյան, տիկտոկյան կամ այլ սոցհարթակների էջեր, որոնք ատելության խոսք են տարածում:
Սստացվում է՝ նախագիծը մահակ է միայն այն ԶԼՄ-ների համար, որոնք բաց եւ թափանցիկ են գործում եւ պատշաճ կերպով ներկայացնում իրական շահառուների վերաբերյալ տարեկան հայտարարագիրը. կամ որո՞նք են ատելության խոսքի եւ քննադատության չափորոշիչները, ո՞վ է կարգավորելու դաշտը, ինչպես է վերահսկելու կամ արդյո՞ք վերահսկողության քողի ներքո գրաքննության չեն ենթարկելու լրատվամիջոցների աշխատանքը:
Ի վերջո, արդյոք սա նոր գործիք չի՞ դառնա իշխանության ներկայացուցիչների համար՝ ատելության խոսքի անվան տակ իրենց վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցների նկատմամբ ճնշումներ բանեցնելու համար:
Սրանք հարցեր են, որոնք անհանգստացնում են մեզ՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներիս, եւ որոնց պատասխանները քնարկման հեղինակները չտվեցին:
Ի դեպ, թեեւ նախագիծը ՀՌԱՀ-ի հետ համատեղ պետք է արվեր, սակայն այդ կառույցից որեւէ ներկայացուցիչ չկար:
Քաղաքական իշխանությունը ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի գիտնական անդամի փնտրտուքի մեջ է եւ իր սրտով թեկնածուի չի կարողանում ընտրել. ու թեեւ խորհրդարանը արձակուրդում է, այնուամենայնիվ, փնտրտուքները շարունակվում են։ Իսկ մինչ այդ ողջ ամառ ԲԴԽ-ն կաշխատի ոչ լիարժեք կազմով, քանի խորհրդարանը արձակուրդի մեջ է ու հանգստից կվերադառնա միայն սեպտեմբերին: Մինչ այդ՝ աթոռը թափուր է: Հիշեցնենք, որ Վիգեն Քոչարյանի՝ ԲԴԽ-ում լիազորություններն ավարտվել են բոլորովին վերջերս՝ հունիսի 25-ին՝ պաշտոնավարման հինգ տարին լրանալու հիմքով։ Եվ անցնող 5 տարիներին, քանի որ Վիգեն Քոչարյանը ԲԴԽ-ում պաշտոնավարել է քաղաքական իշխանությանը չհակադրվելու, այլ ծառայություն մատուցելու սկզբունքներով, հիմա առավել մեծ հավակնություններ ունի։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԲԴԽ նախկին անդամ Վիգեն Քոչարյանը՝ Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու է դարձել։ ԲԴԽ-ն հուլիսի 10-ին դռնփակ նիստում որոշում է կայացրել՝ «Վճռաբեկ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա անձանց ցուցակը կազմելու, հաստատելու եւ ԱԺ-ին առաջարկություն ներկայացնելու մասին» որոշումը: Եվ ահա, այդ որոշման համաձայն, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ցուցակում են հայտնվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գուրգեն Մալխասյանը, նոտար Ատոմ Հայրապետյանը եւ ԲԴԽ նախկին անդամ, ԵՊՀ դասախոս Վիգեն Քոչարյանը։
Հուլիսի 14-ին Եվրոպան լարված սպասում էր ԵՎՐՈ-2024-ի վերջին՝ Իսպանիա-Անգլիա խաղին։ Կիրակի օրը վճռորոշ էր երկու երկրների թիմերի համար եւ այդ օրերին՝ հունիսի 14-15-ը, ՀՀ Կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, որոշեց մենակ չթողնել եվրոպացիներին։ Հենց նույն օրը աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնությունում էր Հայաստանի կառավարության պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, ով մեկ օր ավելի պետք է մնար՝ հունիսի 14-16-ը եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչը. համաձայն վարչապետի որոշման՝ Նիկոլ Փաշինյանինը, Արայիկ Հարությունյանինը եւ Տիգրան Մեհրաբյանինը: Ինչպես նաեւ հայտնի դարձավ, որ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման եւ հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի համար նախատեսված միջոցների հաշվին, իսկ Գագիկ Վանոյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին: Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները աշխարհում տեղի ունեցող ուշագրավ սպորտային իրադարձություններին մասնակցելու հեշտ եւ հարմար եղանակ են գտել՝ պաշտոնական այց դեպի այդ երկիր՝ պետական բյուջեի հաշվին։