ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎ. ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը զրուցել է Վ. Բրյուսովի անվան համալսարանի նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանի հետ:

 

-Պարո՛ն Ակոպյան, Դուք օրերս մի ուշագրավ գրառում էիք արել այն մասին, որ Վ. Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը որոշել է ուսանողներին «պատժելու» համար չեղարկել դիպլոմների տրամադրման արարողությունը, սակայն հետո ճնշումների կամ այլ ուժի արդյունքում հետ է կանգնել այդ մտքից: Ինչո՞ւ էր որոշել պատժել ուսանողներին, եւ ի՞նչ պատահեց հետո, որ հրաժարվեց կայացրած որոշումից:

-Անցած շաբաթ ուսանողներից զանգ ստացա, որ անհանգիստ են եւ իմ օգնության կարիքն ունեն՝ կապված  համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Ինձ համար զարմանալի չէր,  քանզի գիտեմ, որ այնտեղ շատ տարօրինակ երեւույթներ են կատարվում, եւ հաճախ ենք ականատես լինում ուսանողների եւ դասախոսների իրավունքների ոտնահարման:

Խնդիրն այն էր, որ դիպլոմների հանձնման արարողությունը պլանավորված էր անցկացնել համալսարանի դահլիճում, որը բավականին փոքր է՝ նախատեսված է մոտ 200 անձի համար. միջոցառումն այնտեղ անցկացնելու որոշումն արդեն իսկ սխալ էր, քանի որ ուսանողներին հայտարարել էին, որ իրենց ծնողները ներկա գտնվել չեն կարող այդ կարեւոր օրը, քանզի տարածքը փոքր է, եւ շոգ ամռանը անհնար կլինի դահլիճում նման արարողություն իրականացնել: Նշեմ, որ  դիպլոմների հանձնման միջոցառումը միշտ տեղի է ունեցել այլ վայրերում՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում եւ այլ վայրերում, իսկ երբ բուհում ենք իրականացրել, ապա բակում եւ երեկոյան ժամերի: Համալսարանում աշխատելուս 10 տարվա ընթացքում դիպլոմների հանձնման արարողությունը երբեւէ չի եղել դահլիճում, եւ երբեք չի պատահել, որ հայտարարեն, թե ծնողները ներկա գտնվել չեն կարող իրենց զավակների ավարտական միջոցառմանը:

Մի խումբ ուսանողներ, ուսանողական խորհրդի ներկայացուցիչների մասնակցությամբ խնդրել են ռեկտորին, որպեսզի վերանայի իր որոշումը. խոսակցությունն այնքան էլ հարթ չի ընթացել եւ ռեկտորը զայրացել է ու որոշել, որ միջոցառումն առհասարակ չի կայանա:

Ինձ հատկապես դա զարմացրեց, որ  ռեկտորը, լինելով գիտությունների թեկնածու եւ ուսյալ անձ, ուսանողներին դեմ լինելու համար՝ նման քայլի է գնացել:

-Պարո՛ն Ակոպյան, նշել էիք, որ համալսարանում այլ տարօրինակ իրադարձություններ էլ են կատարվում, կմանրամասնե՞ք:

-Դեպքերը բազմաթիվ են. համալսարանից դոկտոր-պրոֆեսորներ են ազատվում աշխատանքից, անցած տարի շատերի ժամաքանակն էին կրճատել, եւ բազմաթիվ նմանատիպ այլ երեւույթներ են կատարվում:

-Այսինքն՝ ազատում են աշխատանքից նախկին դասախոսների՞ն, ի՞նչն է պատճառը:

-Այո՛, ազատում են այն դասախոսներին, որոնք աջակցել են մեզ, դեմ են եղել ներկայիս ռեկտորի վարած քաղաքականությանը: Նրանց փոխարեն բերում են մարդկանց, որոնք բացարձակապես կապ չունեն բուհական համակարգի հետ, դիցուք՝  վերջերս աշխատանքից ազատվեց մի դասախոս, որին ազատել էին այն պատճառով, որ ղեկավարել էր մի ուսանողի մագիստրոսական թեզ, ով «հանդգնել» էր  քննադատել իր ավարտական աշխատանքում ներկա իշխանությանը. այսինքն՝ ակնհայտ քաղաքական ենթատեքստով են առաջնորդվում եւ հեռացնում իրենց տեսակետը չկիսող մասնագետներին:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՎԱՐԿԻ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 10-ին  հոդված էր հրապարակել՝ «Ինչպես է ՀՀ ֆինանսների նախարարը մեկ տարում մարել 1 մլն դոլար վարկը» վերնագրով։

Հոդվածում ներկայացրել էինք ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի՝ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիրը։ Հետաքրքրական էինք համարել, թե մեկ տարում ուր է անհետացել ՀՀ ֆինանսների նախարարի 400 մլն դրամ վարկը, քանի որ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու ժամանակ, Հովհաննիսյանն ունեցել է 1 մլն դոլար վարկ կամ փոխառություն։ 2022 թվականի հաշվետու տարում «ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ» բաժնում 1 մլն դոլարը դեռ առկա էր, սակայն 2023 թվականի հաշվետու տարվա «եկամուտների, ստացված վարկերի եւ փոխառությունների» բաժնում 1 մլն դոլար վարկը (գրեթե 400 մլն դրամ) անհետացել է:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ֆինանսների նախարարից փորձեց ճշտել ինֆորմացիան, քանի որ նախարարի մամուլի քարտուղարը հորդորել էր հարցում ուղարկել։ Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան՝ վարկի «անհետանալը» ՀՀ Ֆինանսների նախարարն այսպես մեկնաբանեց. «Իմ՝ 2022 թվականի հայտարարագրում դուք կտեսնեք, որ ես ունեմ վերցրած փոխառություն 1 մլն դոլար եւ ունեմ բաժնետոմսեր, փայամասնակցություն «Կարիտաս Իտալիանա» ՓԲԸ-ում։ 2023 թվականի հայտարարագրում կտեսնեք, որ ո՛չ մեկը կա, ո՛չ մյուսը. դա պայմանավորված է նրանով, որ այդ բաժնետոմսերը եւ պարտավորությունները ես տրամադրել եմ 3-րդ անձի։ Ես այդ 1 մլն դոլար գումարը ժամանակին վերցրել եմ որպես պարտք, որպեսզի գնեմ այդ ընկերությունը։ Արման Կարապետյանը ինձ տրամադրել է այդ փոխառությունը, որպեսզի գնեմ ընկերությունում փայամասնակցություն»։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՈՒ՞Մ ՀԱՇՎԻՆ Է ՖՈՒՏԲՈԼ ԴԻՏԵԼ

Կիրակի օրը համացանցում լուսանկարներ հրապարակվեցին, որտեղ Փաշինյանը, նրա տիկինը եւ երեխան(երը) ինքնաթիռոմ են եւ մեկնում են պետության կարիքների հետ ոչ մի կապ չունեցող Եվրո-2024 ֆուտբոլի եզրափակիչ՝ Անգլիա-Իսպանիա խաղը դիտելու։

Ըստ եվրոպական, մասնավորապես գերմանական Բիլդ հանդեսի, եզրափակիչ խաղի տոմսերի արժեքները սկսում են 85 եվրոյից՝ հասնելով մինչեւ 93 հազար եվրոյի։ Եթե (ցանկացած գնի) տոմսերը գնվել են Փաշինյանների ընտանեկան բյուջեից, ապա դա մեծ հարված է հասցրել տարեկան 9 միլիոն դրամ վաստակող վարչապետի ընտանեկան միջոցներին։ Եթե եզրափակչի տոմսերը գնել է որեւէ գործարար, ապա սա կոռուպցիա է, համենայն դեպս՝ քաղաքակիրթ Եվրոպայում եւ ՀՀ օրենսդրությամբ։

Ամեն դետալ հրապարակել են՝ ինքնաթիռ, հագուստ, երեխաներ, բայց չեն գրում՝ փողը ով է տվել: Վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը Եվրո-2024 ֆուտբոլի եզրափակիչ Անգլիա-Իսպանիա խաղին ներկա է եղել ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի հրավերով։ Հստակեցնող հարցին՝ դա ենթադրում է, որ հրավիրող կո՞ղմն է հոգացել Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի՝ ֆուտբոլային խաղի տոմսերի գումարը՝ Նազելի Բաղդասարյանն ասաց, որ ավելացնելու այլ բան չունի։

 

 

ՄԻՐԶՈՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ Է

Հուլիսի 15-16-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Նյու Յորքում: Այդ մասին ասված է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի ֆեյսբուքյան էջում:

«Նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ-ի՝ Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական ֆորումի նախարարական սեգմենտին։

ՀՀ կառավարության անունից նախարար Միրզոյանը կներկայացնի կայուն զարգացման օրակարգի եւ նպատակների ու թիրախների իրականացման առաջընթացն ամփոփող իր երրորդ կամավոր ազգային զեկույցը։

Այցի շրջանակում ծրագրված են նաեւ երկկողմ հանդիպումներ եւ հարակից միջոցառումներ։ Նախորդ երկու ազգային զեկույցները ներկայացվել են համապատասխանաբար 2018 թ. եւ 2020 թ.», – նշված է գրառման մեջ։

 

ԱՆԴՐԱԴԱՐՁ՝ «ՄԻՋԱՆՑՔԻ» ՀԱՐՑԻՆ

«Ժամանակին, երբ ակտիվ շրջանառության մեջ դրվեց կոմունիկացիաների ապաշրջափակման թեման, այն ներառում էր տարածաշրջանային բոլոր ճանապարհների բացում», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Սակայն Թուրքիայի ու Ադրբեջանի ջանքերով եւ պաշտոնական Երեւանի պարտվողական/զիջողական քաղաքականության հետեւանքով՝ ներկայում թեման միջազգային օրակարգում ամրագրում է ստացել «Զանգեզուրյան միջանցքի» համատեքստում:

Բացի նրանից, որ թուրանական քաղաքական գծի կրողներն ամեն գնով փորձում են ճանապարհը միջանցքի վերածել, այսօր, կարծես, որեւէ մեկը չի հիշում, որ Հայաստանը եւս, արտաքին աշխարհ, բաց ճանապարհներ պետք է ստանար», – գրել է նա:

 

ՎԵՐԱԲԱՑՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը վերսկսել է գործունեությունը: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

2024 թվականի մարտին հայտնի էր դարձել, որ Թեհրանն ու Բաքուն պայմանավորվել են ադրբեջանցի դիվանագետների՝ Իրան վերադարձի շուրջ։ Հարցը քննարկվել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ նրա այն ժամանակվա իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպմանը։

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը դադարեցվել էր 2023 թվականի հունվարի 27-ին՝ դիվանագիտական ներկայացուցչության վրա զինված հարձակումից հետո, որի հետեւանքով սպանվել էր դեսպանատան անվտանգության աշխատակիցը, վիրավորվել էին նրա երկու գործընկեր։

 

 

 

 




Լրահոս