«Զվարթնոց» օդանավակայանը հայտարարություն է տարածել՝ մեկնաբանելով, թե որն է սահմանային անցակետում հերթերի պատճառը:
«Ամառային ծանրաբեռնված սեզոնին ընդառաջ ավելացող չվերթերի և մեծ ուղևորահոսքի ֆոնին ուղևորներին հնարավորինս արագ սպասարկելու ուղղությամբ օդանավակայանը նախաձեռնում է բոլոր անհրաժեշտ միջոցները. հերթերը կառավարելու համար համալրվում է անհրաժեշտ քանակությամբ աշխատակիցներով, ինչպես նաև իրականացնում է համակարգված աշխատանք սահմանապահ ծառայության հետ, որն օդանավակայանի ծառայություն չի հանդիսանում:
Հիշեցնենք, որ նախորդ տարի օդանավակայանը սպասարկել է ռեկորդային թվով ուղևորներ՝ ավելի քան 5,3մլն: Չնայած դրան, մենք ամեն ջանք գործադրում ենք այս ներհոսքը կառավարելու և ուղևորներին հաճելի ճանապարհորդական փորձ ապահովելու համար:
Եղանակային պայմաններից ելնելով և ավիաընկերությունների չվացուցակում տեղի ունեցող փոփոխությունների արդյունքում չվերթերի կուտակումն առաջացնում է ոչ պլանավորված խցանում, քանի որ տարբեր օպերատիվ պայմաններից ելնելով չվերթերը ուշ կամ շուտ են ժամանում: Արդյունքում սահմանային անցակետում գոյանում են մեծ հերթեր:
Ուղևորների ճանապարհորդությունը հարմարավետ և արագ դարձնելու համար օդանավակայանն ու ավիաընկերություններն առաջարկում են տարբեր ծառայություններ, ինչպես օրինակ` օդանավակայանում գործող «Fast Track», «VIP» ծառայությունները, ավիաընկերությունների կողմից առաջարկվող բիզնես դասի տոմսերը և այլ տարատեսակ վճարովի ծառայություններ: Այն ամբողջ աշխարհում ընդունված կարգ է և օդանավակայանը բացառություն չէ այս հարցում:
Ցանկանում ենք նշել, որ մեր լիազորությունների շրջանակներում մեր թիմն արել և անում է հնարավոր ամեն ինչ ավելացած երթևեկությունն ավելի արդյունավետ կառավարելու համար և հավատարիմ է ուղևորների փորձի բարելավմանն ու ուսումնասիրում է տարբեր լուծումներ»: