Դեռեւս 2010 թվականի հունվարի 11-ին` ժամը 4:00-ի սահմաններում, նախկին «Ջիանի» ակումբում տեղի ունեցած վիճաբանության արդյունքում էստրադային երգիչ Սարո Թովմասյանը, ով ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանի հովանավորյալն էր, կալանավորվեց երկու ամիս ժամկետով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երգիչ Սարոն արդեն ազատության մեջ է եւ շարունակում է իր գործունեությունը:
Հիշեցնենք, «Ջիանի» ակումբը գտնվում էր Երեւանի Ալեք Մանուկյան փողոցում եւ այժմ դարձել է պիցցերիա: Էստրադայի ներկայացուցիչ Սարոն գրեթե ամեն օր երգում էր «Ջիանի» ակումբում, որտեղ եւ տեղի էր ունեցել միջադեպը:
Վերը նշված օրն իր մտերիմների հետ ակումբում էր եղել Ազգային Ժողովի պատգամավոր Լեւոն Սարգսյանը` Ալրաղացի Լյովիկը, ներկա էր եղել նաեւ Գրիգոր Սուքիասյանը, ով առավել հայտնի է Գլորիայի Գրիշ մականունով («Գլորիա» անունով խաղատուն ունի): Հարկ չկա եւս մեկ անգամ նշել, որ Երեւանում շատերն են ծանոթ Լեւոն Սարգսյանի վարվելակերպին, ում` զվարճանքի վայրեր կատարած այցելությունները մեկ անգամ չէ, որ նման միջադեպերով են ավարտվել: Երգչին ունկնդրելու ընթացքում Ալրաղացի Լյովիկը պահանջել է գալ եւ իր սեղանի մոտ երգել, իսկ երբ Սարոն չի կատարել նրա կամքը, սկսել է վիրավորել եւ հայհոյել երգչին: Սարո Թովմասյանը ստիպված է եղել պատգամավորին հիշեցնել, որ ինքն էլ պատգամավոր բարեկամ ունի` փորձելով հասկացնել, թե պետք չէ իր հետ այդպես վարվել: Սակայն պատգամավոր Լեւոն Սարգսյանը չի հասկացել կամ չի ցանկացել հասկանալ` շարունակելով վիրավորել եւ նսեմացնել երգչին ու նրա հովանավոր պատգամավորին: Մեր տեղեկություններով` Սարոյի եւ Լեւոն Սարգսյանի միջեւ «լեզվակռիվը» բավական երկար է տեւել: Ի վերջո, երգիչ Սարոն ստիպված է եղել զանգահարել իր բարեկամ Սեյրան Սարոյանին եւ ասել, որ իրեն «նեղում են, հասե՛ք, փրկե՛ք…»: Սեյրան Սարոյանն էլ ինչ-որ մի օբյեկտում նստած է եղել եւ հանկարծակի լսելով, որ իր հովանավորյալին նեղում են, միանգամից կողմնորոշվել է, թե ինչ է պետք անել:
ԱԺ պատգամավորն ուղարկել է իր թիկնազորի անդամներին` Լեւոն Սարգսյանի հարցերը լուծելու համար: Թիկնազորի «ներկայացուցիչները»` Ռոման Միրզոյանն ու Հայկ Մարտիրոսյանը, մտնելով «Ջիանի» ակումբ, ոչ միայն դաժան ծեծի էին ենթարկել Գրիգոր Սուքիասյանին եւ Լեւոն Սարգսյանին, այլեւ կրակել, ինչից հետո Լեւոն Սարգսյանը մի կերպ փախել էր ակումբից, իսկ Գրիգորը տեղափոխվել հիվանդանոց:
Ըստ տարածված լուրերի` Սեյրան Սարոյանի թիկնազորի անդամները (նշվում է, որ նրանց թիվն ավելի շատ է եղել) ծեծել էին նաեւ ոստիկանության հատուկջոկատայիններին, որոնք մտել էին ակումբ` կռիվը հանդարտեցնելու համար: Միջադեպից հետո Ռոման Միրզոյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Սարո Թովմասյանը գնացել էին ոստիկանություն եւ խոստովանել իրենց մեղքը:
Ի դեպ, ոստիկանությունը պաշտոնապես տեղեկություն էր տարածել, որ Գրիգոր Լուսավորչի փողոցում գործող «Ջիանի» ռեստորանային համալիրում մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, վիճաբանել Գրիգոր Սուքիասյանի հետ, ծեծի ենթարկել նրան եւ անկանոն կրակ արձակել հաստատության ներսում: Այդպես էլ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի անունը չնշվեց:
Ի վերջո հարուցվեց քրգործ` խուլիգանության հոդվածով: Մեղադրող դատախազ Արմեն Աֆանդյանը դատարանից պահանջեց Սարո Թովմասյանին դատապարտել 1 տարի 6 ամիս ազատազրկման, իսկ Հայկ Մարտիրոսյանին եւ Ռոման Միրզոյանին` 1-ական տարի ազատազրկման` խափանման միջոց կալանքը թողնելով անփոփոխ: Վերջիններս լիովին ընդունեցին իրենց մեղքը եւ արագացված դատաքննության կարգով` 2 դատական նիստով, գործն ավարտվեց:
Դատավոր Ժորա Վարդանյանը ապրիլի 9-ին վճռեց որպես պատիժ նշանակել տուգանք` Սարո Թովմասյանին 400 հազար դրամի չափով, իսկ Հայկ Մարտիրոսյանին եւ Ռոման Միրզոյանին` 300 հազար դրամի չափով` դատարանի դահլիճից ազատ արձակելով նրանց:
Սակայն մեղադրող կողմը Ժորա Վարդանյանի վերը նշված վճիռը բողոքարկեց վերաքննիչ դատարանում` խնդրելով կալանավորել երիտասարդներին: Դիմումը բավարարվեց: Այնուհետեւ 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները «Լորանժ» սրճարանից բոլորի ներկայությամբ գետնին պառկեցրին, ապա բերման ենթարկեցին Սարո Թովմասյանին:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանը Սարո Թովմասյանի նկատմամբ որպես խափանման միջոց երկամսյա կալանք ընտրելու որոշում էր կայացրել: Կալանավորվել էին նաեւ գեներալի անվտանգության ծառայության եւս 2 աշխատակիցները: Իսկ այսօր արդեն երգիչ Սարոն ազատության մեջ է: Մենք փորձեցինք միջադեպի հետ կապված մի քանի հարց ուղղել նրան, սակայն վերջինս համառորեն պնդում էր, որ ինքը չի ցանկանում դեպքի մասին որեւէ բան ասել: Երգիչը ոչ մի բառ չասաց իր կալանքի եւ իր հետագա գործունեության մասին` հայտարարելով, որ դա իր իրավունքն է, եւ ինքը չի ցանկանում անցյալը հիշել:
ՍԱՐՈՆ ԷԼԻ ԵՐԳՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ