6-ԱՄՅԱ ՏՂԱՆ ԸՆԿԵԼ Է ՄԵՔԵՆԱՅԻ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նոյեմբերի 15-ին` ժամը 08.45-ի սահմաններում, արտառոց դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Ակնաղբյուրի գյուղամիջյան ճանապարհին. «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 6-ամյա տղային, որը տեղում մահացել է:
Դեպքն արտառոց է այն առումով, որ վարորդի ու եւս երկու անձանց կողմից մեքենան հրելուց հետո ճանապարհի վայրէջքային հատվածում այն շարժվել է, վերջիններս փորձել են նստել մեքենան` կանգնեցնելու համար: Վարորդը չի կարողացել արդեն շարժի գցած մեքենան կանգնեցնել: Ճանապարհին հայտնվել է 6-ամյա Սպարտակ Թուխիկյանը եւ ընկել մեքենայի անիվների տակ:
«Ժողովուրդ»-ն Իջեւանի հիվանդանոցից տեղեկացավ, որ ժամը 9:30-ի սահմաններում  հարազատները երեխային արդեն մահացած վիճակում տեղափոխել են այնտեղ եւ իրենք որեւէ բան չեն կարողացել անել:  
Տեղեկացանք, որ առավոտյան 6-ամյա տղայի հայրը երկու  զավակներին մեքենայով դպրոց է տարել, սակայն ճանապարհը փակ է եղել` ճամփեզրին կայանել է մի մեքենա, ինչի պատճառով հնարավոր չի եղել անցնել: Սպարտակ Թուխիկյանի հայրը հարեւաններին խնդրել է օգնել երթեւեկությանը խանգարող մեքենան  ճանապարհից հանելու համար: Երկու դրկիցներով հրել են կանգնած բեռնատարը` 6-ամյա տղայի հորն օգնելու համար, իսկ մեքենայի ղեկին եղել է հարեւանի որդին:
«ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան միանգամից սկսել է աշխատել, ինչն անակնկալ է եղել «հրողների» համար, որոնք չեն կարողացել այն կանգնեցնել: Մեքենան  հարվածել 6-ամյա Սպարտակին, որը տեղում մահացել է: Ոստիկանության Տավուշի մարզային քննչական բաժնի քննիչ Արթուր Մելիքբեկյանը հայտնեց, որ նշանակվելու է մեքենայի տեխնիկական փորձաքննություն:
Նշենք միայն, որ Տավուշի մարզի գյուղերի փողոցներում շատ են տեխնիկապես անսարք մեքենաները, որոնք խանգարում են երթեւեկությանը, ինչն էլ նման դժբախտ պատահարների պատճառ է դառնում: Խնդիրը բազմիցս քննարկվել է մարզխորհրդի նիստերում, մարզպետ Արմեն Ղուլարյանը գյուղապետերին հորդորել է անսարք մեքենաները հանել ճանապարհից, սակայն հարցն այդպես էլ չի լուծվել:
«Ժողովուրդ»-n Արթուր Մելիքբեկյանից տեղեկացավ, որ դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ  քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասով` ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով:

Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս