ԱՄՆ գործող նախագահ, նախագահի թեկնածու Ջո Բայդենը երեկ հայտարարեց նախագահական ընտրապայքարից դուրս գալու մասին։
Ամերիկյան CNN լրատվականի հաղորդմամբ՝ մրցապայքարից դուրս գալու վերաբերյալ վերջնական որոշումը կայացվել է վերջին 48 ժամում, իսկ պատճառը, ըստ ԶԼՄ-ների, Դոնալդ Թրամփի հետ վերջին անբարենպաստ բանավեճն էր, որը բացասական հետք ունեցավ Բայդենի վարկանիշի վրա։
Վերջինս ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրել է ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը, որը նույնպես Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ է։
«Իմ գործընկեր դեմոկրատնե՛ր, ես որոշել եմ հրաժարվել առաջադրումից և իմ ողջ ուժերը կենտրոնացնել նախագահի պարտականությունների կատարման վրա իմ պաշտոնավարման մնացած ժամանակահատվածում։ Որպես կուսակցության թեկնածու 2020 թվականին իմ առաջին որոշումն էր Քամալա Հարիսին ընտրել փոխնախագահ: Եվ դա իմ երբևէ կայացրած լավագույն որոշումն էր: Այսօր ես ուզում եմ հայտարարել իմ լիակատար աջակցության մասին, որ Քամալան լինի մեր կուսակցության այս տարվա թեկնածուն: Դեմոկրատնե՛ր, ժամանակն է միավորվել և հաղթել Թրամփին։ Եկեք դա անենք»,-երեկ թվիթերի իր էջում գրել էր Բայդենը։
ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ մտադիր է պաշտոնապես առաջադրվել Դեմոկրատական կուսակցությունից և հաղթել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին 2024 թվականի նոյեմբերի ընտրություններում։
ԱՄՆ նախագահի նոր թեկնածուն՝ Քամալա Հարիսը, մասնագիտությամբ իրավաբան է, 2011-2017 թթ-ին զբաղեցրել է Կալիֆոռնիայի գլխավոր դատախազի պաշտոնը, 2017 թ-ին ընտրվել է նաև Կալիֆոռնիա նահանգի ԱՄՆ սենատոր, իսկ ԱՄՆ փոխնախագահ է սկսած 2021 թվականի հուվարի 20-ից։
Այսպիսով, նոյեմբերի 5-ին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններում թեժ մրցապայքար է գնալու ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի և ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի միջև։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի դիտարկմամբ՝ Հարիսի թեկնածությունը լուրջ գլխացավանք է Թրամփի համար: Նրա շուրջ համախմբվելու է ամբողջ լիբերալ թևը, և դա բավականին ուժեղ ալիք է ստեղծելու: Նրան աջակցելու է ողջ ՆԱՏՕ-ն և ողջ ԵՄ-ն: Իրականում Թրամփն աշխարհի կեսի դեմ է կռիվ տալու:
«Իսկ Քամալա Հարիսն իր 70-80 միլիոնանոց ձայները «քնած» ունի», – գրել է Սուրեն Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Քրիստինա Մուշեղյան