«Պետք է հավաքենք 50 հազար ստորագրություն և հանձնենք ԱԺ»․ արտախորհրդարանական ուժերը ստորագրահավաք կանեն՝ ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը մտադիր է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի հարցով ստորագրահավաք կազմակերպել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է «Հայաստանի Եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս հարթակը դիմել էր ԱԺ՝ հանրաքվե անցկացնելու առաջարկով, սակայն Նիկոլ Փաշինյանը «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ԵՄ-ին անդամակցելու համար հանրաքվե չի անցկացնի, քանի որ ինքը, որպես երկրի ղեկավար, արդեն իսկ գիտի ՀՀ ժողովրդի կարծիքը։

Ստորագրահավաք անցկացնելու վերաբերյալ ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել «Հայաստանի Եվրոպական» կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին։

– Պարո՛ն Խզմալյան, ինչպես առաջացավ ստորագրահավաք անցկացնելու գաղափարը, ինչպե՞ս եք սկսելու այդ գործընթացը։

-Մենք համարում ենք, որ սա Սահմանադրության պահանջն է՝ միջազգային որևէ կառույցին անդամակցելու համար պետք է հանրաքվե անցկացվի։ Մենք անհրաժեշտ ենք համարում ստորագրահավաք սկսել ու չսպասել մինչ դա բարեհաճեն մեր իշխանությունները։

Ստորագրահավաքի համար դիմելու ենք ԿԸՀ, որտեղից մեզ կփոխանցեն պետական ձևաչափերով սահմանված փաստաթղթերը, մենք պետք է հավաքենք 50 հազար ստորագրություն և հանձնենք ԱԺ՝ որպես պահանջ՝ հանրաքվե անցկացնելու։

Մենք հանրաքվե չենք կարող նախաձեռնել, դա պետք է հանձնենք ԱԺ կամ Կառավարություն։

-Նիկոլ Փաշինյանը արդեն մեկ անգամ մերժել է հանրաքվեի Ձեր առաջարկը՝ ասելով, թե դրա կարիքը չկա, քանի որ ինքն արդեն գիտի ժողովրդր կարծիքը, ինչ է՞ փոխվելու հիմա։

-Նա իր անձնական կարծիքը հայտնեց, իսկ նույն ֆորումի ժամանակ նա ի պատասխան իմ հարցին ասաց՝ պետք է հարցնել ժողովրդին՝ ուզո՞ւմ են ԵՄ անդամ դառնալ։ Ես տրամաբանական հակասություններ եմ տեսնում երկու հայտարարությունների միջև, ուստի մենք անցնում ենք երկրորդ մասին՝ հարցնելու ենք ժողովրդին։

-Իսկ ե՞րբ եք մտադիր սկսել ստորագրահավաքը։

-Մենք հաշվարկել ենք՝ մոտավորապես երկու-երեք շաբաթ կպահանջվի, որ հանձնենք փաստաթղթերը, շրջայցեր կլինեն մարզեր, որպեսզի մեր համախոհները ևս իրազեկ լինեն ու մասնակցեն ստորագրահավաքին։

Խոսքը գնում է օգոստոսի կեսերի մասին, ստորագրահավաքն ունի ժամկետ՝ 45-60 օր, այնպես որ մենք արդեն սեպտեմբերի վերջին պետք է ավարտած լինենք այն։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս