ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործության մասին հաղորդում ընդդեմ Գառնիի և Աբովյանի ոստիկանապետերի․100 հոգու մասնակցությամբ միջադեպը նոր թափ է ստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չարենցավանի մի խումբ քաղաքացիներ հաղորդում են ներկայացրել իրավապահներին ընդդեմ Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանի և Գառնու ոստիկանապետ Հրաչ Աթաբեկյանի ու պահանջել նրանց պատասխանատվության կանչել: Ասել է, թե երկու օր առաջ տեղի ունեցած դեպքը նոր թափ է ստանում:

Հիշեցնենք, որ իրավապահները գնացել էին դեպքի վայր ու սկսվել էր իրարանցում։ Խնջույքի մասնակիցները ծեծել էին ոստիկանության պաշտոնյաներին. նրանցից մեկը փորձել է փախուստի դիմել, Աբովյանի ոստիկանապետ Էդմոնդ Այվազյանը փորձել է կանխել փախուստն ու կանգնեցնել մեքենան, սակայն նրան` մեքենայից կախված վիճակում, 20 մետր քարշ տալով վարել են մեքենան. իսկ Գառնու ոստիկանապետ Հրաչ Աթաբեկյանին բազմաթիվ հարվածներ են հասցրել, կան մեծ թվով ձերբակալվածներ։
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը մեզ հետ զրույցում պնդել էր, որ իրականությունը գլխիվայր շրջել են:

«Ակնհայտորեն, վիճաբանության ժամանակ ոստիկանների կողմից դաժան ու բիրտ ծեծի են ենթարկվել քաղաքացիները, սակայն, սովորույթի համաձայն, բերման են ենթարկել քաղաքացիներին ու արդյունքում քրեական վարույթը նախաձեռնել են քաղաքացիների նկատմամբ ու նրանց են թիրախավորել»,- նկատել էր փաստաբանը։
Ըստ փաստաբանի` ոստիկանությունը, եթե անգամ օպերատիվ տեղեկություններ էր ստացել, պարտավոր էր ներկայանալ որպես ոստիկանություն` եւ համապատասխան գործողություններ իրականացներ ու բերման ենթարկեր, ոստիկանությունը իրավասու չէր` գնար, ծեծի ենթարկեր, հրազեն գործադրեր անզեն քաղաքացիների նկատմամբ, որոնց մոտ ոչ մի զենք չի եղել, նույնիսկ փայտ չի եղել։

«Ամեն ինչ գլխիվայր է շրջվել ու ոստիկանության անօրինականությունները մեկնաբանվում են հօգուտ ոստիկանության, հետեւաբար պետք է անաչառ քննություն իրականացվի»։

Քնար Մանուկյան




Լրահոս