Առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարվի ՔՊ-ականներին պատկանող տարածքում պայթուցիկ տեղադրելու քրեական վարույթով։
Դեռեւս փետրվարի 20-ին ՔՊ գրասենյակի, ինչպես նաեւ ՔՊ պատգամավորներ Գուրգեն Արսենյանին եւ Գագիկ Մելքոնյանին պատկանող տարածքներում ռումբ տեղադրելու գործով քրեական վարույթ կա նախաձեռնված։
Նկատենք, որ ՔՊ գրասենյակի եւ «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: Գործով կալանավորվածներից մեկը ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյան է եւ Վահան Հովհաննիսյանը:
ՀՀ քննչական կոմիտեն պարզել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու համար, 2024 թվականի փետրվարի 20-ին, կիրառելով քողարկման և չբացահայտվելու համար անհրաժեշտ որոշակի միջոցներ, քաղաքացին գնացել է Երևան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ և ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված, որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ և պենտալիտ, իսկ որպես խոցման միջոց՝ հեղյուսներ և մանեկներ պարունակող, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։
Ապա նույն ժամանակահատվածում պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդ կերպ առաջացնելով պայթյունի և հրկիզման իրական սպառնալիք՝ զուգորդված քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով: Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել, և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմը հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:
Քնար Մանուկյան