«ՈՎ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ ԱՆԻ, ՈՎ ՆՍՏԻ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

24 տարբեր դրվագներով` մաքսանենգության, փաստաթղթեր, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելու մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանը (Գայդը) եւ նույն գործի շրջանակներում կալանավորված Օնիկ Հովհաննիսյանն ու Սեդրակ Հովհաննիսյանը նոյեմբերի 24-ին կբերվեն Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Մնացած 6 մեղադրյալներն ազատության մեջ են:
Հիշեցնենք, որ խոսքն ԱԱԾ-ում քննվող մաքսանենգության գործի մասին է, որի շրջանակներում հենց առաջին փուլում 2011-ի մայիսի 6-ին ձերբակալվեց ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանի թիկնապահը` Արմեն Սարգսյանը (Գայդը): Այնուհետեւ մայիսի 10-ին կալանավորվեց նաեւ ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի վարորդը` Օնիկ Հովհաննիսյանը, ապա` թիկնապահը` ՍեդրակՀովհաննիսյանը:
Գայդն այն մարդն է, որն իշխանական էլիտայի ներկայացուցիչներին ապահովել է թանկարժեք մեքենաներով, որոնք գողացված են եղել արտերկրից եւ Հայաստան բերվել մաքսանենգ ճանապարհով: Մամուլում վերջերս գրվեց, որ Արմեն Սարգսյանի կողմից ապօրինի ճանապարհով ձեռք բերված Bentley ավտոմեքենան պատկանում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Արսեն Ղազարյանի հորեղբոր որդուն` Էդիկ Ղազարյանին: ԱԱԾ աշխատակիցները պարզել էին, որ ավտոմեքենաները ոչ միայն մաքսանենգ ճանապարհով են հասցվել Հայաստան, այլեւ դրանք գողացված են եղել Եվրոպայի տարբեր երկրներում: Այսինքն` Գայդի մաքսանենգ կերպարը հայտնի է գոնե իշխանական էլիտային: Բայց Օնիկ Հովհաննիսյանին եւ ՍեդրակՀովհաննիսյանին` որպես «գողացած մեքենաների գործով» զբաղվողների, կարծես քչերն են ճանաչում, ուստի նրանց կալանավորումը տարակուսանք է առաջացնում:
«Ժողովուրդ»-ը զրուցեց Օնիկ Հովհաննիսյանի տիկնոջ` Գյուլնարա Հովհաննիսյանի հետ, ով ասաց. «Դատախազն ու քննիչների ղեկավարն իմ ամուսնուն ապօրինի պահում են: Ի՞նչ է արել Օնիկը, որ կալանավորել են: Ես չգիտեմ, թե ով է կեղծել, ով է խաբել, ով է ինչ արել, բայց հաստատ իմ ամուսինը տենց գործերի մեջ չկա»: Տիկին Գյուլնարայի խոսքերով` իրական հանցագործները գտնվում են ազատության մեջ, իսկ անմեղները` բանտում, քանի որ քննչական խմբի ղեկավար Միքայել Համբարձումյանն օրենքով նախատեսված քննություն չի իրականացրել: «Ինձ ասում են, թե քո ամուսնուն նստացնելով` մուռ են հանում, բայց չգիտեմ, թե ում մուռը»,-ավելացրեց տիկին Հովհաննիսյանը:
«Ես չեմ հասկանում, թե ինչու պետք է իմ ամուսինը դատապարտվի նույն Գայդի հոդվածով: Ի՞նչ է արել նա: Մենք ի՞նչ գիտենք` ով է կեղծել, ով է մեքենա բերել, ի՞նչ կապ ունի մեզ հետ այդ ամենը: Նույն քննչականի ղեկավարը շատ լավ գիտի, թե ովքեր են իրական հանցագործները, բայց աչք է փակում»,-մեզ հետ զրույցում ասաց Սեդրակ (Սերոժ) Հովհաննիսյանի կինը` Զարան:  
Ե՛ւ Օնիկի, ե՛ւ Սեդրակի կանայք հայտնեցին, որ գլխավոր մաքսանենգ Գայդն իր տված ցուցմունքներում գրել է, թե Օնիկն ու Սեդրակը որեւէ առնչություն չունեն իր գործերի հետ: Ավելին, ասել է նաեւ, որ տեղյակ չեն: «Ժողովուրդ»-ի հարցին, թե այդ դեպքում ինչ հիմքերով են նրանց կալանավորել, տիկին Գյուլնարան պատասխանեց. «Էդ քննչականի ղեկավարն իր ենթադրության հիման վրա է նստացրել: Ասում ա` ես տենց եմ կարծում: Ինչի տենց բան ա լինո՞ւմ: Է, ես էլ կարծում եմ, որ հենց ինքն ա հանցագործ, ու հենց ինքն էլ պիտի նստի: Ուրեմն պիտի նստացնե՞ն էդ մարդում: Ես ձեզ ասում եմ` ամեն ինչ սարքում են էդ դատախազ Հովսեփ Սարգսյանը եւ քննիչների ղեկավար Միքայել Համբարձումյանը: Նրանք խաբում են բոլորին, խաբում են երկրի ղեկավարին եւ իմ ամուսնուն անմեղ տեղը նստացրել են: Աստված տա, Միքայել Համբարձումյանն իմ ամուսնու օրն ընկնի, իր ընտանիքն էլ մեր օրին, որ հասկանա` չի կարելի անմեղ մարդուն դատել»: Տիկին Գյուլնարան հույս ունի, որ երկրի ղեկավարը կմիջամտի այս գործին, եւ իր ամուսնուն ազատ կարձակեն: «Ես ուզում եմ, որ Սերժ Սարգսյանն իմանա, որ էդ Համբարձումյանին տանի, Օնիկի տեղը նստացնի,-ասաց  տիկին Հովհաննիսյանը` ավելացնելով,-Կարապետյան Կարոյին որ հարցնեք, սաղ գիտի: Գիտի, թե ինչ անօրինականություններ են արել: Հարցրե՛ք, թող ասի»:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապվել պատգամավոր Կարապետյանի հետ, սակայն նրա հեռախոսին մշտապես պատասխանում էր մի տղամարդ` ասելով, թե երկրում չէ: Բայց մեզ հայտնի է, որ նա Երեւանում է: Թե ինչու էին խաբում, անհասկանալի մնաց:
Առաջիկայում կփորձենք ներկայացնել նաեւ Կարապետյանի պարզաբանումները, մինչեւ դատական նիստը սկսվի:

ԹԱՄԱՐԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ




Լրահոս