Արդարադատության նախարարությունն այսօր անակնկալ կերպով տեղեկացրել է, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի այսօրվա նիստը չի կայանալու և հետաձգվում է անորոշ ժամանակով։
Այսօրվա նիստին պետք է քննարկվեր կայուն մեծամասնության սահմանադրական նորմը չեղարկելու հարցը:
Հետաձգման պատճառը խորհրդի անդամներից մի քանիսի բացակայությունն է եղել, ինչի պատճառով քվորում չի եղել.
«Արդարադատության նախարարությունից ասում են, թե քվորում չի եղել, բայց ոչ մի տեղ գրված չի, եթե նախարարությունում մատից հոտ են քաշում ու ասում են՝ քվորում չկա, դա հիմք է, նիստը չանելու համար»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասում է «Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:
Նրա խոսքով՝ ռիսկ կա, որ նիստերի հետաձգման պատճառով հանձնաժողովի աշխատանքի ժամկետները կուշանան եւ չեն հասցնի մինչեւ 2026թ-ը.
«Եթե խոսում ենք 2026թ-ի ընտրությունների մասին, ապա Ընտրական օրենսգիրքը գոնե մինչեւ 2025թ-ի հունիս պետք է փոխվի, դեռ նախագիծը Վենետիկի հանձնաժողով պետք է ուղարկվի, ՍԴ ուղարկվի ու էլի շատ այլ ընթացակարգեր կան»,-ասում է Իոաննիսյանը:
Քրիստինա Մուշեղյան