ՀԱԿ-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ՏԱԿՏԻԿԱՅԻ ԽՆԴԻՐ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել էր, որ Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում է նոյեմբերի 25-ի կայանալիք  իր հանրահավաքին, նույնիսկ անհրաժեշտության դեպքում  պատրաստ է դիմել նստացույցի կամ շուրջօրյա հանրահավաքի:

ՀԱՐՑ. Ձեր կարծիքով` Հայ ազգային կոնգրեսը կդիմի՞ նստացույցի, եւ ի՞նչ կտա այդ ակցիան քաղաքական դաշտին:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, որ Հայ ազգային կոնգրեսը  չի դիմի նստացույցի, քանի որ քաղաքական դաշում գործընթացներն իրենց բնականոն հունով են ընթանում:  Իսկ եթե դիմի նստացույցի, այն քաղաքական դաշտին ոչինչ էլ չի տա:

ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ` հնարավոր է, որ ՀԱԿ-ը դիմի նստացույցի, բայց համոզված եմ, որ այդ դեպքում Վահագն Խաչատրյանը չի նստի այլոց նման, այլ իրենց փոխարեն կգտնեն միամիտների: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե այդ ակցիան ինչ կտա քաղաքական դաշտին, կարծում եմ, որ ոչինչ էլ չի տա, քանի որ նրանք ոչ մի նոր բան չեն ասելու, ինչպես նաեւ նրանց մոտ նոր ծրագիր չկա: Նստացույցի գնալու քայլն անիմաստ եմ համարում, քանի որ մարդիկ հոգնել են շարունակ նույնը լսելուց, եթե չկա ոչ մի նորություն, ոչ մի նոր ծրագիր, մարդիկ հոգնել են այդ միօրինակ հավաքներից: Նրանք գործում են նույն սցենարով, նրանց մոտ բացակայում է քաղաքական ոգին, իրենք ունեին հնարավորություն որեւէ բան փոխելու համար, բայց չօգտագործեցին այն ու  հիմա կառչել են փրփուրներից:

ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍՅԱՆ  
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես համարում եմ, որ քաղաքական գործիչներն իրենք են մշակում իրենց մարտավարությունը: Կարծում եմ` անիմաստ է մեկնաբանել Վ.Խաչատրյանի  խոսքերը: Իսկ ինչ վերաբերում է, թե ինչ կտա այդ ակցիան, ասեմ, որ անիմաստ է անել կանխատեսումներ, քանի դեռ բուն գործընթացը չի սկսվել: Թող լինի, հետո կտեսնենք, թե դա ինչ արձագանք կամ ինչ նորություն կտա քաղաքական դաշտին:

ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆ
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար


ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչպես ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում եւ ՀԱԿ-ն ինքն է որոշում իր քաղաքական  ծրագրերի նպատակահարմարությունը: Եթե ՀԱԿ-ը որոշել է  հանրահավաք հրավիրել եւ որոշել է, որ հնարավոր է` հանրահավաքին հաջորդի, ասենք, նստացույց կամ երթ, դա բացառապես ՀԱԿ-ի գործն է: Մենք ընդամենը դա ընդունում ենք ի գիտություն: Իսկ թե ինչ կտա այդ գործընթացը քաղաքական դաշտին, պետք է նշեմ, որ ընդամենը կլինի այն, որ քաղաքական դաշտը կֆիքսի, որ ՀԱԿ-ն արել է հանրահավաք եւ հրավիրել է նստացույց:   

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ

ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարող ասել` հանրահավաքից հետո կլինի նստացույց, թե ոչ: Կարծում եմ` դա կախված է ՀԱԿ-ի` այդ պահի որոշումից: Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ինչ կտա նրանց այդ քայլը քաղաքական դաշտին, կարծում եմ, որ դա տակտիկայի  խնդիր է: Միգուցե նրանք հաշվարկել են, որ արդյունքի պարագայում  կկարողանան խնդիրներ լուծել: Միգուցե ՀԱԿ-ը` որպես քաղաքական ուժ, իր ընտրական  քայլերն է հաշվարկում, դժվար է ասել` դա դրական, թե բացասական կանդրադառնա  քաղաքական դաշտի վրա:

ԵՐՎԱՆԴ ԲՈԶՈՅԱՆ
քաղաքագետ
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս