ՆԱԽԱՐԱՐԸ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է ԱՐԳԵԼՎԱԾ ՄԻՋՈՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 12-ին, երբ ընթանում էր Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանը, զուգահեռ իրականությունում՝ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խաղաղ հավաքի մասնակիցների դեմ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով, ներքին գործերի նախարարության զորքերի կողմից կիրառվեց լուսաձայնային 2 տասնյակից ավելի նռնակ։

 

Պայթյուններից հետո պարզվեց, որ կիրառվել է ռուսական արտադրության «Զարյա 2» եւ «Զարյա 3» ձեռքի (նետվում է ձեռքով) լուսաձայնային նռնակ, որը ֆիքսել են «Ֆոտոլուրի» մեր գործընկերները:

Նռնակների կիրառումը պաշտոնապես չի հերքվել:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ «Զարյա 3» տեսակի նռնակի կիրառությունն արգելված է եղել մինչեւ 2018 թվականը, այսինքն՝ մինչեւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։ 2018-ի իշխանափոխության օրերին ոստիկանությունը կիրառել է «Զարյա 2» տեսակի լուսաձայնային նռնակ։

Հունիսի 12-ին արգելված հատուկ միջոցը կիրառելուց 15 օր անց՝ հունիսի 27-ին, ՀՀ առողջապահության նախարարը «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները հաստատելու մասին» առողջապահության նախարարի N09-Ն հրամանում փոփոխություններ է իրականացրել եւ «Զարյա 3»-ի կիրառումը ներառել է թույլատրելի հատուկ միջոցների շարքում։

Փաստաբան Արսեն Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեց, որ որոշման փոփոխությունը եւս մեկ ապացույց է, որ իրավապահները գործել են օրենքից դուրս։

«Այստեղ մի շատ կարեւոր կանոն կա, որ դեպքից հետո է փոփոխությունը տեղի ունեցել. այսինքն, երբ կիրառել են հունիսի 12-ին,  հաստատվում է, որ կիրառման թույլտվություն չեն ունեցել։ Հունիսի 12-ի փոփոխությունից հետո չի կարող ոչ մի հետադարձ ուժ եւ իրավունք տրվել, որպեսզի կիրառեին։ Այսինքն՝ փորձել են դրանով իրավաբանական հնարք կիրառել, թե իբր ունեին իրավունք «Զարյա 3» օգտագործելու, դրա համար են փոփոխություն արել, սակայն օրենսդրական կարգավորումներն այլ բան են վկայում։ Ավելի ուշ արված փոփոխությունը չի կարող հետադարձ կիրառություն ունենալ։ Կարեւոր է նաեւ, որ հենց այս փոփոխությունով հաստատվում է, որ ոստիկանությունը հունիսի 12-ին «Զարյա 3» տեսակի արգելված հատուկ միջոցը կիրառելու օրինական իրավունք եւ իրավասություն չի ունեցել, հակառակ դեպքում այդ փոփոխությունը չէին անի։

Իշխանությունը, իր հայտի մեթոդները կիրառելով, փորձել է մեկնաբանել, թե արդեն կա օրենք, բայց իրավաբանությունը, սահմանադրությունը, օրենսդրությունը վերոնշյալը թույլ չեն տալիս։ Այդ փոփոխությունը կատարելով՝ չեն կարող ոստիկանությանը իրավունք վերապահել, նման գործողության, եւ չեն կարող կամ հասարակությանը հիմնավորել, որ իրենց քայլն անօրինական չէ: Սրանով լուծում են մի խնդիր, որ այսուհետ, երբ ուզեն, կկարողանան կիրառել «Զարյա 3» նռնակը։

 

 

 

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ

«Իրանի նախկին արտգործնախարար Զարիֆի հուշերից մի հատվածի հրապարակայնացումը, ըստ որի՝ Հայաստանը մերժել է պատերազմը պատվաբեր եղանակով եւ մեզ ավելի ձեռնտու փուլում կանգնեցնելու իրանական առաջարկը, Հայաստանի ներքին մթնոլորտը փոխելու հսկայական պոտենցիալ ունի»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, քաղաքական վերլուծաբան Վահե Հովհաննիսյանը։

 

«Մինչ այդ գիտեինք, որ Հայաստանը «44-օրյայի» ժամանակ երկու անգամ էլ մերժել է ռուսական կողմի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը։

Ստացվում է.

  1. Հայաստանի իշխանությունները պատերազմի ընթացքում մի քանի անգամ մերժել են պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը՝ իրենց վրա վերցնելով հազարավոր զոհերի, վիրավորների ու տարածքային կորուստների աննկարագրելի բեռը։
  2. Այս թեզը դառնում է Հայաստանի ցանկացած քաղաքական ուժի եւ անհատի ընտրության առանցքային կետը։ Շրջանցել այս հարցադրումը պետք է դարձնել անհնար։ Անհնար է հանգիստ շարունակել քաղաքական եւ սովորական կյանքը, երբ տիրապետում ես նման ինֆորմացիայի։

Սա այն հարցն է, որը չունի վաղեմության ժամկետ, եւ սա պետք է դառնա ազգային օրակարգի առանցքային հարցերից մեկը՝ ինչո՞ւ են մերժվել պատերազմը դադարեցնելու առաջարկները։

Այս հարցը ծնում է նոր հարցեր՝ իսկ գուցե մեկ այլ ուժ թույլ չի՞ տվել պատերազմը շուտ դադարեցնել, իսկ գուցե եղել են ա՞յլ դրդապատճառներ։ Վերջապես, այս հարցը չի կարող սահմանափակվել մեկ հոգու պատասխանատվությամբ։ Կա անձանց մի շրջանակ, որը պատասխաններ պետք է տա։ Այդ շրջանակը ներառում է այդ ժամանակվա գործող արտգործնախարարին, այդ ժամանակվա ՀՀ նախագահին, որը հետագայում փախավ Հայաստանից (գուցե հենց ա՞յդ պատճառով), Անվտանգության Խորհրդի անդամները։ Ո՞վ էր տեղյակ առաջարկներին, ո՞վ ձայն չհանեց, երբ մերժվում էին առաջարկները։ Ո՞վ գիտեր, թե ինչ է կատարվում ու չդիմեց ժողովրդին՝ կասեցնելու համար աղետը։

Մենք չենք կարող ձեւացնել, թե ոչինչ տեղի չի ունեցել, շարունակել թաքնվել մասնավոր հորինված ստի մեջ՝ ում ինչպես հարմար է։ Պատերազմի արագ դադարեցման (մերժման) առեղծվածը կարմիր գիծ է։

Սա նոր օրակարգ է նաեւ Բագրատ Սրբազանի համար։ Բարոյականության կենսական քարոզով պայքար տանող Սրբազանը վստահաբար պետք է այս թեման դարձնի առանցքային։ Ու սա կլինի հենց պրոցեսի քաղաքականացման իրական ուղերձ։

Պատերազմը վաղաժամ եւ պատվաբեր պայմաններով չդադարեցնելը ե՛ւ բարոյական հարց է, ե՛ւ ծայրահեղ քաղաքական։ Դրա գինը աննկարագրելի թանկ էր։ Սրբազանի «ներքին հաշտության» առանցքային ուղերձը նաեւ այս հարցի վրա պետք է խարսխվի։ Մեր ներքին հաշտությունը պետք է պահանջի ճշմարտության բացահայտում։ Ճշմարտություն՝ մեր նորագույն պատմության աղետալի էջի մասին։ Ի վերջո, սա բերում է նաեւ շատ կոնկրետ ու կարեւոր մեկ այլ հարց՝ արդյոք պատերազմը չդադարեցրած իշխանությունը կարո՞ղ է խաղաղություն բերել։ Մեր երկրի, մեր հասարակության, անհատապես մեր բոլորի ընթացիկ կյանքում մի հրեշավոր պատմություն կա, ու ձեւացնել, թե այն չկա, եւ շարունակել ապրել՝ կեղծ նորմալության հորինելով, չի ստացվելու»:

 

 

ԶԵԼԵՆՍԿՈՒ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Կիեւը մտադիր է համագործակցել ԱՄՆ-ում ցանկացած քաղաքական ուժի հետ, որը իշխանության կգա ընտրությունների արդյունքներով։ Խոսքը, մասնավորապես, «Հանրապետական» կուսակցության մասին է։ Այս մասին երկրի ղեկավարը նշել է հուլիսի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Կիեւը կշարունակի զարգացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ՝ անկախ նախագահական ընտրությունների արդյունքներից, ասել է նա։

«Կարծում եմ՝ եթե Թրամփը նախագահ դառնա, մենք կաշխատենք։ Ես դրանից չեմ վախենում», – ընդգծել է Զելենսկին։

Միաժամանակ նա հավելել է, որ «Հանրապետական» կուսակցությունում ճնշող մեծամասնությունը սատարում է Ուկրաինային։

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

«Մենք առաջ ենք գնում եւ առաջ ենք գնալու, ուղղակի մի քիչ ոլորաններով է ճանապարհը։ Մեր թիրախը մեկն է՝ բոլոր հնարավոր տարբերակներով հասնել այս մարդու հեռացմանը»։

Աբովյանում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը, – «Սա իմ պայքարն է նեռի եւ սատանայի դեմ, որը մեր երկրում մարմնավորված նստած է կառավարության համար 1 շենքում։

Մենք եկել ենք հաշտության, սիրո, պատվի, արժանապատվության օրակարգով։ Ատելությունը, թշնամանքը վերացնելու, հայրենիք վերականգնելու, հայրենիք վերադարձնելու, ինքնության ունենալու, ազգերի շարքերի մեջ գլուխներս բարձր քայլելու օրակարգով»։

Սրբազանի խոսքով՝ պայքարը մաքրվում է, ինչը շատ լավ է. «Երեւի Աստված այսպես է ուզում, որ հաղթանակի վերջնարդյունքին նեղ դռներով հասնենք, ոչ թե լայն դռներով»,- նշել է նա։

 

ԷՍՏՈՆԻԱՅԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը եւ երկրի կառավարությունը հրաժարական են տվել, բայց կշարունակեն աշխատել մինչեւ նոր կաբինետի ձեւավորումը։ Այս մասին հայտնում է էստոնական ERR պորտալը։

Առավոտյան երկրի կառավարությունը գումարել է արտահերթ նիստի, որի ժամանակ հրապարակվել է այս որոշումը։

Կալլասը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Ալար Կարիսին։ Այս որոշման պատճառն այն է, որ նա առաջադրվել է որպես ԵՄ դիվանագիտության ղեկավարի թեկնածու՝ Ժոզեպ Բորելի փոխարեն։

Էստոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել Էստոնիայի կլիմայի հարցերով նախարար Քրիստեն Միխալը։




Լրահոս