2024 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 17:40-ին սահմաններում, անհայտ անձից ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Չեխովի փողոցում կայանված ավտոմեքենայի սրահում գտնվող անձի ուղղությամբ կրակել են:
Նույն օրը՝ ժամը 20:25-ին, ահազանգ էր ստացվել նաեւ բժշկական կենտրոնից այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի 36-ամյա բնակիչ Կ.Բ.-ն՝ «Նստատեղի վիրավորում՝ ձախ ազդրի, ձախ նստանյարդի վնասումով հրազենային վիրավորումով ուղեկցված» ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44- 155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել էր քննչական խմբին: 36-ամյա տղամարդը ճանաչվել էր տուժող:
Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական եւ վարութային անհրաժեշտ գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել եւ վերցվել են 9 մմ տրամաչափի փամփուշտի պարկուճներ:
Քննությամբ իրականացված ապացուցողական գործողությունների, ինչպես նաեւ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված համակարգված միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած, ինչպես նաեւ միջադեպին ներկա անձանց ինքնությունը:
Մասնավորապես, տվյալներ են ստացվել այն մասին, որ դեպքի օրը Երեւան քաղաքի 34-ամյա բնակիչ Վ.Խ.-ն, տեղեկացված լինելով ընկերոջ՝ Երեւան քաղաքի 31-ամյա բնակիչ Ս.Հ.-ի կողմից Կ.Բ.-ին ապօրինի կյանքից զրկելու մտադրության մասին, 2024 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 17:12-ի սահմաններում, իր երկու ընկերների հետ, նրանցից մեկի կողմից վարվող «Toyota camry» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երեւան քաղաքի Բարբյուսի փողոց, որտեղ իրենց է սպասել Ս.Հ.-ն:
Ժամը 17:24-ի սահմաններում հասնելով Չեխովի փողոց՝ Վ.Խ.-ն, ավտոմեքենան ճանապարհային երթեւեկության կանոնների խախտմամբ վարելով, դուրս է եկել փողոցի հանդիպակաց գոտի՝ նպատակ ունենալով հարմար պայմաններ ստեղծել Ս.Հ.-ի համար, վերադասավորվել է «OPEL» մակնիշի տաքսի ավտոմեքենայի հետնամասում եւ կայանել խցանման մեջ՝ այդ կերպ խոչընդոտը վերացնելու եղանակով հեշտացնելով Ս.Հ.-ի կողմից Կ.Բ.-ին ապօրինի կյանքից զրկելու մտադրության իրագործումը:
Այնուհետեւ Ս.Հ.-ն մոտեցել է «OPEL» մակնիշի նշված մեքենայի հետեւի կողային հատվածին եւ, Կ.Բ.-ին կյանքից ապօրինի զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող 9 մմ տրամաչափի ակոսափող հրազենից 2 կրակոց արձակել նրա ուղղությամբ, սակայն հանցանքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Կ.Բ.-ն խույս է տվել կրակոցներից եւ դրանք դիպել են վերջինիս ձախ ազդրի շրջանին, որից հետո նա տեղափոխվել է բժշկական կենտրոն եւ ստացել անհրաժեշտ բուժօգնություն:
2024 թվականի ապրիլի 12-ին որոշումներ են կայացվել, դատարան ներկայացնելու նպատակով, Ս.Հ.-ին եւ Վ.Խ.-ին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը, սակայն նշված անձինք չեն հայտնաբերվել եւ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:
Ոստիկանության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում՝ 2024թ. հուլիսի 12-ին Վ.Խ.-ն եւ Ս.Հ.-ն հայտնաբերվել, ձերբակալվել եւ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:
Վ.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-44-155-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Ս.Հ.-ին՝ 44-155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննական մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ ավելի վաղ կիրառված խափանման միջոց կալանքը վերստին քննարկելու համար, որոնցից մեկը՝ Ս.Հ.-ի մասով, բավարարվել է, իսկ Վ.Խ.-ի վերաբերյալ միջնորդությունը մերժվել է, եւ վարույթ իրականացնող մարմնի կողմից, որպես խափանման միջոց, վերջինիս նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելքը:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ԱՆՀԵՏԱՑՈՒՄ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՑԻՑ ՀԵՏՈ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանի՝ Արագածոտնի մարզ այցից հետո ուշագրավ դեպք է տեղի ունեցել. քաղաքացին առեղծվածային կերպով անհետացել է. Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Եվ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արագածոտնի մարզ այցի ավարտից հետո առեղծվածային դեպք է եղել մարզի գյուղերից մեկում: Մասնավորապես , հուլիսի 12-ին ՀՀ վարչապետն այցելել էր Արագածոտնի մարզ ու տարբեր համայնքների բնակիչների հետ հանդիպել։ Արդյունքում, Լեռնապար գյուղում բնակիչների հետ հանդիպմանը նրան է մոտեցել Ծաղկահովիտ գյուղի բնակիչ Ս .Ներսիսյանը եւ վարչապետին բողոքել է ասֆալտապատման աշխատանքներից ու Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոցի բարեկարգման աշխատանքներից։ Եվ, հանդիպման հաջորդ օրը՝ հուլիսի 13-ին, իրավապահներին են ահազանգում Ս.Ներսիսյանի հարազատները ու հայտնում, որ որդին վաղ առավոտից տանից դուրս է եկել, նրան փնտրում են, բայց չեն գտնում։
Իրավապահները գնում են ահազանգի հետքերով ու Ապարան-Արթիկ ճանապարհին հայտնաբերում են Ս. Ներսիսյանի մեքենան՝ դռները բաց վիճակում, անձնական իրերը մեքենայում, իսկ վերջինս չկա։
Ողջ մարզում կասկածելի են համարում երիտասարդի անհետացումը ու բազմաթիվ վարկածներ առաջ քաշում։ Ավելի ուշ՝ երեկոյան, Ս.Ներսիսյանին հայտնաբերում են։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեպքով ՀՀ քննչական կոմիտեում կա նախաձեռնված քրեական վարույթ։ Ի պատասխան մեր տեղեկությունների՝ քննչական կոմիտեից հայտնեցին. «Կա նախաձեռնված վարույթ անձի անհետ կորելու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ավելի ուշ անձը ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին։ Ստուգվել են նրա կողմից ներկայացված իրարամերժ տվյալները, ստացված տվյալներով հերքվել են հնարավոր առեւանգման ու բռնության ենթարկման հանգամանքները։ Նախաքննությունը շարունակվում է»։
ԶԻՆՎԱԾԸ ՓՈՐՁԵԼ Է ՓԱԽՉԵԼ
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երեւանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները հուլիսի 13-ի գիշերը՝ ժամը 2:19-ին, Մայիսի 9-ի փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մի մեքենա։ Այդ ընթացքում մեքենայից իջել եւ փորձել է փախուստի դիմել մի երիտասարդ՝ նետելով ինչ-որ իրեր։ Պարեկները թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ սառը զենք պահելու կասկածանքով ձերբակալել եւ ոստիկանության Շենգավիթի բաժին են տարել փախուստի փորձ արած 19-ամյա երիտասարդին։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «EKOL P29» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով։ Մայիսի 9-ի փողոցի հարակից տարածքի զննությամբ հայտնաբերվել են երիտասարդի նետած իրերը՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածով փաթեթ եւ ծալովի դանակ:
19-ամյա երիտասարդը եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։ Նշանակվել է փորձաքննություն:
Հետագա միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 19-ամյա երիտասարդը փետրվարի 5-ից հետախուզվում էր ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով։ Խափանման միջոց ընտրվել է կալանքը: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
ՔԱՂԱՔԱՑԻՆ ԲԵՆԶԻՆԸ ԻՐ ՎՐԱ Է ԼՑՐԵԼ
Շաբաթ օրը ուշագրավ դեպք է եղել Գլխավոր դատախազության մոտ։ Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացին, դժգոհ լինելով իր շուրջ կատարվող իրավական գործընթացներից, գնացել է գլխավոր դատախազության շենք ու պահանջել հանդիպում կազմակերպել դատախազի հետ։ Արդյունքում՝ իր հորդորը ու պահանջը չի կատարվել, եւ Գլխավոր դատախազության շենքի մուտքի ընդունարանում նա բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահրկիզվել, սակայն ոստիկանները կանխել են նրա գործողությունները։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, երբ փրկարար ծառայությունը հասել է դեպքի վայր, ոստիկանությունը քաղաքացու գործողությունները կանխած է եղել։
«Ժողովուրդ» օրաթերթը Գլխավոր դատախազությունից փորձեց պարզել, թե ինչ է կատարվել, ի պատասխան հայտնեցին. «Խարդախության համար մեղադրվող, տնային կալանքի տակ գտնվող քաղաքացին ցանկացել է հանդիպել գործը հսկող դատախազին: Ոստիկանը բացատրել է, որ ոչ աշխատանքային օր է ու հորդորել է դիմում թողնել, սակայն քաղաքացին չի ենթարկվել ոստիկանի հորդորին ու բենզինը լցրել է իր վրա՝ ցանկանալով ինքնահրկիզվել, ինչը, սակայն, կանխվել է ոստիկանների կողմից»։