ԻՆՉՆ Է ՆՈՐԱՁԵՎ 2024-Ի ԱՄՌԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամառային տաք ու ջերմ օրերը կարծես թե սկսվում են. ժամանց, երեկոյան զբոսաքներ, ամառային հանգիստ: Յուրաքանչյուրիս զգեստապահարանն էլ թարմության կարիք ունի:

 

Այս ամռան նորաձեւության թրենդները դասականության, սպորտայինի եւ հանգստության մասին են: Եթե պատրաստ եք, ապա միասին հասկանանք, թե ինչն է նորաձեւ 2024 թվականի ամռանը:

Սպորտի աշխարհը հիշեցնող հագուստը. միկրո-մինի ծալքավոր կիսաշրջազգեստներ, պոլո շապիկներ, բեյսբոլի բաճկոն հիշեցնող բաճկոններ:

Բոհո ոճի հագուստ. 2024 թվականին բոհո ոճի հագուստը փոփոխություն է կրել: Այն ավելի նուրբ հյուսքերով եւ ծոպերով է, քան նախկինում: Ոճը թրենդային կլինի մինչեւ խոր աշուն:

Նեղ եւ ցածր սպորտային կոշիկներ. արդեն երկրորդ ամառն անընդմեջ մեծ եւ բարձր սպորտային կոշիկներն իրենց տեղը զիջում են նեղ եւ ցածր սպորտային կոշիկներին: Նախապատվությունը կարելի է տալ Adidas կամ Puma ապրանքանիշերի ցածր մոդելներին:

«Փոքր սպիտակ զգեստ». այս զգեստները կարելի է կրել թե՛ ցերեկային զբոսանքների, թե՛ երեկոյան խնջույքների ժամանակ՝ պարզապես համադրելով այն թեթեւ սանդալների եւ պարզագույն զարդերի հետ:

Րաֆֆիա պարագաներ. պայուսակներ, կոշիկներ, գոտիներ՝ մեկ խոսքով ամեն բան ծղոտի մասին: Սա այն ոճն է, որը միշտ թրենդային է ծովափին, սակայն 2024 թվականի ամռանը այն նորաոճ է ամենուրեք եւ ցանկացած լուքի հետ:

Կարագի դեղին. Այս գույնը 2024 թվականի ամռան ամենաթրենդային գույներից է: Այն նորաձեւ է համարվում թե՛ առօրյա հագուպակում, թե՛ երեկոյան կամ հարսանեկան արարողությունների ժամանակ կրելու համար:

Փայլեր. Ralph Lauren-ից մինչեւ Kate Spade՝ նորաձեւության տների ցուցադրություններն այս տարի լի էին փայլերով եւ շողշողուն զգեստներով: Զգեստներ, կոշիներ, շապիկներ եւ պայուսակներ. այս ամենը կարող է լինել փայլուն եւ շողշողուն:

«Մերի Ջեյն» ցածր կոշիկներ. նախորդ դարավերջին նորաձեւություն եկած այս կոշիկները դասական-սպորտային ոճի լավագույն մասն են: Դրանք կարելի է համադրել ջինսե տաբատների, դասական հագուստի եւ թեթեւ զգեստների հետ:

Լայն եւ անկանոն գոտիներ. նորաձեւության թրենդները, ինչպես միշտ, կրկնվելու հակում ունեն: Այս անգամ հերթը լայն եւ անկանոն գոտիներինն է, որոնք կարելի է կրել թե՛ ջինսերի, թե՛ լայն տաբատների եւ թե՛ զգեստների հետ:

Եթե փորձենք կարճ ամփոփել այս ամառվա նորաձեւությունը, ապա այն բազային հագուստի, դասական-սպորտային ոճի եւ 1980-1990-ականների լուքերի նոր դրսեւորումների համադրությունն է:

Դե ինչ, սիրելի՛ կանայք եւ աղջիկներ, զգեստապահարանը թարմացնելու ժամանակն է:

ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

 

 

 

 

Պ. ՍԵՎԱԿԻ ՓՈՂՈՑՈՒՄ ՇԵՆՔ ԿՊԱՅԹԵՑՎԻ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտի դարձավ, որ առաջիկա օրերին «Սրտաբանության գիտահետազոտական» եւ «Միքայելյան վիրաբուժական ինտիտուտների» հարեւանությամբ գտնվող շենքը կպայթեցվի: Շենքը անմխիթար վիճակում է եւ շատ մոտ է գտնվում բնակելի նորակառույց շենքերին:

«Ժողովուրդ» օրաթերթը բնակիչներից տեղեկացավ, որ իրենք նույնպես նման տեղեկություններ ունեն, սակայն պատկան մարմիններից ոչ ոք իրազեկման գործողություններ չի կատարել: Սակայն բնակիչներն ականտեսն են եղել շենքի հենասյուների բետոնե հատվածների քանդման աշխատանքներին:

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել նաեւ, որ ենթադրյալ պայթեցվող շենքի հարակից բազմբանակարան շենքերում են բնակվում Հայաստանի ՄԻՊ-ը, ԱԺ ՔՊ խմբակցության պտգամավոր Զարուհի Բաթոյանը, ինչպես նաեւ մոտակայքում է գտնվում ՔՊ Քանաքեռ-Զեյթուն տարածքային գրասենյակը:

 

 

ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՌՈՒՄ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում հուլիսի 12-13-ը կայացել է «Ռազմավարական եւ գործառնական վերափոխման մեջ Արհեստական Բանականության (ԱԲ) դերի եւ կարողությունների վերաբերյալ» դասընթացը:

Մասնակիցներին ողջունել, արհեստական բանականության գործառնական նշանակության եւ ճիշտ կիրառելիության մասին է խոսել ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գեւորգ Մանթաշյանը։

Դասընթացի մասնակիցները՝ ՀՀ կառավարության կառուցվածքային եւ ենթակա մարմինների ներկայացուցիչները, ուսումնասիրել են արհեստական բանականության ազդեցությունը տնտեսական զարգացման վրա, ձեռք բերել գործնական գիտելիքներ արհեստական բանականությունը տնտեսության տարբեր ոլորտներում ու հանրային կառավարման մարմիններում ձեւավորելու ու կիրառելու վերաբերյալ։

Ծրագրի շրջանակում «Մատենա» միջազգային դպրոցի առաջատար մասնագետները ներկայացրել են մի շարք թեմաներ տնտեսության եւ արդյունաբերության թվային վերափոխակերպման, արհեստական բանականության թվացյալն իրականությունից տարբերակելու, մի շարք այլ թեմաների շուրջ։

Մասնակիցներին հնարավորություն է տրվել բացահայտելու այնպիսի օրինաչափություններ եւ իրավիճակներ, որտեղ արհեստական բանականությունը կարող է կիրառվել։

Ներկայացվել են նաեւ օրինակներ անհատական դեպքերի վերաբերյալ:

 

 

 

 

ԴԵՌ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք, թե որքան է մայիսի26-ի ջրհեղեղից Տավուշի մարզի կրած վնասի չափը։ Մարզպետն անորոշ պատասխան է տվել. « ՀՀ Տավուշի մարզի համայնքների արտակարգ իրավիճակների հետեւանքով ֆիզիկական եւ իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանձնաժողովների կողմից կազմվել են արձանագրություններ, որոնք ներկայացվել են հանրապետական հանձնաժողովի քննարկմանը»։ Մարզպետին հարցրել ենք,, թե աղետից տուժածներին ի՞նչ կարգով է պետական աջակցություն ցուցաբերվելու։ Նա պատասխանել է. ««Հայաստանի Հանրապետության Լոռու եւ Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ին տեղացած հորդառատ անձրեւներով պայմանավորված` հեղեղումների պատճառով տուժած ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը եւ տրամադրման կարգը հաստատելու մասին» 2024թ. հուլիսի 4-ի թիվ 1033-Լ եւ «Հայաստանի Հանրապետության Լոռու եւ Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրեւներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետեւանքով` աղետի գոտում ֆիզիկական անձանց պատճառված վնասի փոխհատուցման կարգը հաստատելու մասին» 2024թ. հուլիսի 4-ի թիվ 1043-Ն ՀՀ կառավարության որոշումներով հաստատվել է անհատական բնակելի տների սոցիալական աջակցության եւ փոխհատուցման կարգը, իսկ գյուղացիական տնտեսությունների եւ տնտեսվարողների աջակցության հարցը գտնվում է քննարկման փուլում»։

 

 

ԻՆՉՈ՞Վ ԵՆ ԶԲԱՂՎԱԾ՝ ՆՈՐՈԳԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ

Տավուշի մարզի հանրակրթական 76 դպրոցների շենքերից 32-ը կարիք ունեն հիմնանորոգման կամ մասնակի նորոգման։ Սակայն, տարիներ շարունակ գումարներ չեն հատկացվում դպրոցների վատ վիճակում գտնվող շենքերը նորոգելու համար։ Դրա փոխարեն մեծ գումարներ են հատկացվում դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգողներին աշխատավարձ վճարելու համար։ Փոքր դպրոցների ինչի՞ն են պետք վարչատնտեսական մասի համակարգողները, եթե պետական բյուջեից գումարներ հատկացվեին, դպրոցի տնօրենը կարող էր կազմակերպել իր ղեկավարած դպրոցում փոքր հատվածների նորոգումը կամ տնտեսական հարցերի լուծումը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարց ենք ուղել՝ «Մինչեւ այժմ մարզի հանրակրթական դպրոցներից քանիսո՞ւմ եք նշանակել վարչատնտեսական մասի համակարգող։ Ե՞րբ է ավարտվելու մարզի բոլոր հանրակրթական դպրոցներում վարչատնտեսական մասի համակարգողների նշանակումը»։ Մարզպետարանից պատասխանել են. «Տավուշի մարզային ենթակայությամբ գործող հանրակրթական 76 ուսումնական հաստատություններից տասներկուսն ունի վարչատնտեսական մասի համակարգող: Դպրոցներում վարչատնտեսական համակարգողների նշանակման գործընթացը կավարտվի 2028թ.-ին»:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս