«Հայկական կինո» 1924-2022 երկլեզու կատալոգի շնորհանդեսը կայացավ Երեւանի «Ոսկե ծիրան» 21- րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Ներկա հրատարակությունը մի փորձ է տալ հայ կինոյի 100-ամյա արտադրանքի լիակատար պատկերը մեկ գրքում` ընդգրկելով Հայաստանում կամ Հայաստանի հետ համատեղ արտադրված խաղարկային, վավերագրական եւ անիմացիոն ֆիլմերի վերաբերյալ հնարավորին չափ սպառիչ տեղեկատվություն: Պետք է ասել, որ նման առաջին փորձ արվել է 60-ականների սկզբին հայ կինոյի հիմնադիրներից մեկի` Դանիել Դզնունու կողմից: Այն տարիներին նա կազմել էր նախորդ 35 տարվա արտադրանքի հիմնականում հավաստի ֆիլմացանկը, ինչպես նաեւ հայ կինոյին վերաբերող գրքերի եւ հոդվածների մատենագիտությունը:
«Հայկական կինո» կատալոգի առաջին եռալեզու (հայերեն-անգլերեն-ռուսերեն) հրատարակությունը լույս է տեսել 2000 թ.-ին Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ ներառում էր 1924-ից 1999-ը թվականներին նկարահանված հայկական ֆիլմերը: «Հայկական կինո» կատալոգի երկրորդ հրատարակությունը, որը լույս է տեսել 2009 թ.-ին՝ «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, համալրված էր 2000-ից մինչեւ 2008 թվականներին նկարահանված հայկական ֆիլմերով: Այս նոր լրամշակված երկլեզու (հայերեն-անգլերեն) հրատարակությունը ընդգրկում է առավել լիակատար տեղեկատվություն 1924-2022 թթ. եւ մասամբ 2023 թ. Հայաստանի կինոարտադրության մասին: Կատալոգի համար աղբյուր են հանդիսացել Հայաստանի ազգային կինոկենտրոնի, «Հայկ» վավերագրական ստուդիայի, ՀՀ Հանրային հեռուստատեսության, ինչպես նաեւ հայկական անկախ կինոարտադրողների եւ կինոստուդիաների կողմից մեզ տրամադրված տեղեկատվությունը:
Ֆիլմերը խմբավորված են ըստ տեսակների (խաղարկային, վավերագրական, անիմացիոն), ըստ արտադրության տարիների՝ այբբենական կարգով: Կատալոգը բովանդակում է ֆիլմերի հետեւյալ տվյալները. անվանումը, արտադրող ստուդիան, տեսակը (նշված է բաժնի խորագրում), ժանրը (եթե նշվել է արտադրողի կողմից), տեւողությունը` րոպեներով, մետրաժը (ժապավենային ֆիլմերի դեպքում) եւ մի շարք այլ տեխնիկական տեղեկություններ, ինչպես նաեւ նկարահանող խմբի կազմը, դերասանների ու նրանց մարմնավորած դերերի անունները եւ համառոտ ծանոթագրությունը բովանդակության մասին (անոտացիան):
Կատալոգն ունի նաեւ ֆիլմերի անվանումների այբբենական ցանկ:
Նախորդ երկու հրատարակության նախաբանի հեղինակն էր պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը: Ի հիշատակ եւ ի հարգանք հայ կինոյում մեծ վաստակ ունեցած կինոգետի՝ կազմողները որոշեցին վերահրատարակել Սուրեն Հասմիկյանի նախաբանը, որում հայկական կինոյի ուղին, զարգացման հիմնական փուլերն իմաստավորելու փորձ է արված: Շեշտը դրված է հիմնական միտումների եւ գործընթացների օրինաչափությունների վրա, ուստի նշված են սակավ ազգանուններ, մանավանդ, որ բուն կատալոգում նախաձեռնողները ձգտել են ոչ մի անուն մոռացության չմատնել:
«Հայկական կինո 1924-2022» լրամշակված երկլեզու կատալոգի հրատարակումն իրականացվել է Հայաստանի կինոգետների եւ կինոլրագրողների ասոցիացիայի կողմից՝ «Հայ կինո – 100» հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ:
«ԱՐԵՎՄՏՅԱՆ ԱԴՐԲԵՋԱՆ ՀՈՐԻՆՎԱԾ ԵԶՐՈՒՅԹԸ»
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Ադրբեջանի՝ 2014թ. ազգային ատլասի «պատմական» քարտեզների քննություն եւ «Արեւմտյան Ադրբեջան» հորինված եզրույթը» երկլեզու գրքի շնորհանդեսը, որը հեղինակել է հայտնի աշխարհագրագետ, քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանը։ Գիրքը հրատարակվել է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի եւ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հետ համագործակցությամբ։
Շնորհանդեսին մասնակցեցին գիտակրթական եւ պետական ոլորտի ներկայացուցիչներ։ Մասնակիցներին ողջունեց «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։ «Այսօր ունենք սեղանին դրված մի կարեւոր աշխատություն։ Ադրբեջանական կեղծարարությունների դեմ պայքարելու ուղղությամբ մեր հիմնադրամի, ակադեմիական ինստիտուտների, առանձին գիտնականների կողմից տարաբնույթ աշխատանքներ տարվում են, եւ այս գրքի հրատարակությունը կլրացնի դրանք», – ասաց Ռոբերտ Ղազարյանը։
ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ով նաեւ գրքի խմբագիրն է, նշեց, թե ինչպես առաջացավ այս գիրքը գրելու գաղափարը։ «2014 թվականին՝ Ադրբեջանի պետական ատլասի հրատարակումից հետո, գտանք դրա բնօրինակը եւ փոխանցեցինք պարոն Գալչյանին։ Նա անմիջապես արձագանքեց, եւ առաջացավ այս աշխատանքը գրելու գաղափարը։ Նաեւ առաջարկեց, որ պետք է բացահայտել այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջան» կեղծիքը։ Ես շնորհակալ եմ պարոն Գալչյանին այս վիթխարի աշխատանքի համար», – ասաց Աշոտ Մելքոնյանը։
Գրքի հեղինակ Ռուբեն Գալչյանը նշեց. «Գիրքը փաստագրական է, եւ եթե իմ գործընկերները շարունակեն անել նման գործեր, ես շատ ուրախ կլինեմ»։
Գրքի առաջին մասը վերաբերում է Ադրբեջանում 2014թ. ազգային ատլասում օտար քարտեզագետների կողմից կեղծված քարտեզների քննարկմանը։ «Ազգային ատլասում կեղծել են բնագիր քարտեզներ՝ հունահռոմեական, եվրոպական, բոլոր քարտեզներից հանել են Հայաստան անունը։ Գրքի մի մասը հատկացրել են Ադրբեջանը հնագույն քարտեզներում ներկայացնելուն։ Սակայն Ադրբեջանը որպես երկիր հնագույն քարտեզներում գոյություն չունի, նա եղել է Պարսկաստանի նահանգներից մեկը», – ասաց Ռուբեն Գալչյանը։
Գրքի մյուս մասը նվիրված է Հայաստանի Հանրապետության տարածքը որպես «Արեւմտյան Ադրբեջան» ներկայացնող ադրբեջանական կեղծարարության բացահայտմանը։ «Մեր երկրի վրա Ադրբեջան անունն են դնում։ Այս հարցով միջազգային դատարան կարող ենք դիմել», – նշեց հեղինակը։
ՆՈՐ ՈՒԺ՝ «ՆՈԱ» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Հոլանդացի կիսապաշտպանը հանդես է եկել «Հերենվենի» մինչեւ 19 տարեկանների թիմում, «Դեն Բոսխում», Սլովակիայի «Տրենչինում», ռուսական Վոլգոգրադի «Ռոտորում», Թբիլիսիի «Լոկոմոտիվում» ու «Դինամոյում»։ Վրաստանի բարձրագույն լիգայում մեր թիմի նորեկն անցկացրել է 81 խաղ ու դարձել 31 գոլի հեղինակ։ 26-ամյա կիսապաշտպանը «Նոա» է տեղափոխվել Հապոելի «Բեր Շեվայից», որի կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։
«Նոր հորիզոններ, բայց նույն վճռականությամբ: Պատրաստ եմ պատմություն կերտել եւ տուն բերել հաղթանակը»,-թիմին միանալուց հետո ասել է Իմրան Օուլադ Օմարը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՀԱՂԹԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
Բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի մինչեւ 16 տարեկանների տղամարդկանց պայքարում Հայաստանի հավաքականը հաղթել է ադրբեջանական խմբին՝ դուրս մղելով մեդալների համար պայքարից եւ զբաղեցրել 3-րդ հորիզոնականը:
Հայաստանի հավաքականը ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում բրոնզե մեդալով: Խաղն ավարտվել է 71-63՝ հօգուտ հայ մարզիկների:
Հայաստանի կանանց Մ16 տարեկանների հավաքականը եւս ավարտել է ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնում: Վերջին խաղում Հայաստանի հավաքականը 77:71 հաշվով հաղթել է Վրաստանի հավաքականին՝ զբաղեցնելով առաջնության 5-րդ հորիզոնականը:
ՆՎԱՃԵԼ Է ԳԱՎԱԹԸ
Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականը 16-րդ անգամ նվաճել է Ամերիկայի գավաթը։
ԱՄՆ-ում կայացած մրցաշարի եզրափակչում աշխարհի գործող չեմպիոնը լրացուցիչ ժամանակում 1-0 հաշվով հաղթել է Կոլումբիայի հավաքականին, որը չէր պարտվել նախորդ 28 խաղում։
Հաղթական ու գոլը 112-րդ րոպեին խփել է փոխարինման մտած Լաուտարո Մարտինեսը։ Միլանի «Ինտերի» 26-ամյա հարձակվողը 5 գոլով դարձել է մրցաշարի լավագույն ռմբարկու։
Հանդիպման 66-րդ րոպեին վնասվածք է ստացել եւ արտասվելով փոխարինվել է արգենտինացիների ավագ Լիոնել Մեսսին։ 37-ամյա ֆուտբոլիստը, ամենայն հավանականությամբ, վերջին հանդիպումն էր անցկացնում Ամերիկայի գավաթի խաղարկությունում։
Լիոնել Մեսսին կարիերայի ընթացքում նվաճեց 45-րդ գավաթը:
37-ամյա հարձակվողը շարունակում է մնալ պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը: