Իշխանության ստերի մասին՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել։ Հստակ ներկայացրել ենք, թե իշխանականներն իրենց ո՛ր խոստումները չեն իրականացրել, որի արդյունքում տուժել է հասարակությունն ու պետությունը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացրեց մի ծրագիր, որով մինչեւ 2026 թվականը 300 դպրոց ու 500 մանկապարտեզ պետք է նորոգվի, կառուցվի եւ վերակառուցվի։ 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ Կառավարությունը հաստատել էր այն։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց նախարարությանը, փորձեցինք հասկանալ՝ ծրագրի վերաբերյալ ինչպիսի կատարողական կա, որ փուլին են հասել:
«Խնդրում ենք տեղեկացնել.
- «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում 2021 թվականից առ այսօր քանի՞ դպրոց եւ քանի՞ մանկապարտեզ է կառուցվել:
- Խնդրում ենք տրամադրել ցանկ՝ ո՞ր մարզերում եւ Երեւանի ո՞ր վարչական շրջաններում են կառուցվել դպրոցները եւ մանկապարտեզները՝ հստակ հասցեներով:
- Արդյոք նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն՝ մինչեւ 2026 թվականը կունենա՞նք կառուցված, հիմնանորոգված, վերանորոգված առնվազն 300 դպրոց եւ 500 մանկապարտեզ»։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից փոխնախարար Արաքսիա Սվաջյանի ստորագրությամբ գրություն ստացանք, որում ասվում էր հետեւյալը. «Մինչեւ 2026 թվականը «Մարդկային կապիտալի զարգացում» բաժնի «Կրթություն» ենթաբաժնում նախատեսվող՝ մինչեւ 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ավարտվել են 30 դպրոցներում. կառուցվել է 17 դպրոց, հիմնանորոգվել` 11-ը, վերակառուցվել` 2-ը:
Վերոնշյալ ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքներն ավարտվել են 144 նախադպրոցական ուսումնական հաստատություններում (51 նախակրթարան եւ 93 մանկապարտեզ):
Նախակրթարաններն ըստ մարզերի՝ Արագածոտնի մարզում՝ 10, Արարատի մարզում՝ 9, Արմավիրի մարզում՝ 15, Գեղարքունիքի մարզում՝ 12, Կոտայքի մարզում՝ 3, Սյունիքի մարզում՝ 2, մանկապարտեզները՝ Երեւանում՝ 31, Արագածոտնի մարզում՝ 2, Արարատի մարզում՝ 3, Արմավիրի մարզում՝ 12, Գեղարքունիքի մարզում՝ 7, Լոռու մարզում՝ 7, Կոտայքի մարզում՝ 3, Շիրակի մարզում՝ 13, Սյունիքի մարզում՝ 9, Տավուշի մարզում՝ 6:
Հարկ է նշել, որ նշված նախագծի ավարտին մնացել է 2 տարի, սակայն անցած 2 տարում նախարարությունը դպրոցների դեպքում չի իրականացրել անգամ նախագծի կեսի կեսը։
Հարցական է՝ ինչպես է պատրաստվում ԿԳՄՍ նախարարությունը 2 տարում ավարտին հասցնել կրթական օջախների կառուցման, նորոգման եւ վերանորոգման այս ահռելի ծրագիրը։ Կհետեւենք:
Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի քրեական գործը, ըստ էության, փակուղի է մտել: Բանն այն է, որ 2024 թվականին այս գործով 2 նիստ է կայացել, ու հիմնականում գործը կանգ առավ այն բանից հետո, երբ քաղաքական իշխանության ճնշման արդյունքում այն քննող դատավոր Անդրանիկ Մնացականյանին ազատեցին դատավորի պաշտոնից։ Բանն այն էր, որ դատավորները ներքին «չաթ» էին ունեցել, որտեղ նրանցից մի քանիսը քննադատել էին իշխանություններին, ու դատավոր Մնացականյանն էլ ընդամենը քննադատություններին «հավանելու սմայլիկ» էր դրել, ու նրան, քննադատած դատավորների հետ, ստիպեցին լքել դատական համակարգը։ 1 ամսվա ընթացքում այս առիթով 4 դատավոր լքեց համակարգը։ Հիշեցնենք, որ 2023թ. հունիսի 7-ին ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Արագածավան բնակավայրում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ընթացքում, բնակավայրի բնակիչ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը գազաբալոնով գազ է փչել նույն բնակավայրի բնակիչ 24-ամյա Ա.Ս.-ի դեմքին, փայտով հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Վերջինս ստացել է ամբուլատոր բուժօգնություն։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: 2023թ. հունիսի 8-ին՝ ժամը 00:15-ին, Ս. Թ.-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին: Շարունակությունը՝ ArmLur.am կայքում:
Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրոջ ու այլ անձանց մասով գործը երեկ մուտք արվեց Հակակոռուպցիոն դատարան, ու բոլորը, շունչները պահած, սպասում են, թե որ դատավորին այն կմակագրվի։ Հիշեցնենք, որ էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանին «Սիներջիի» վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել, եւ նա տեւական ժամանակ կալանքի տակ էր ու վերջերս ազատ արձակվեց։ Բանն այն է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայություն ձեռք բերելու մրցույթի ընթացքում՝ կատարված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ։ Մասնավորապես՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մի շարք պաշտոնատար անձինք, իրենց ղեկավար պաշտոնատար անձի հանձնարարությամբ, մրցույթի ընթացքում հանդիպումներ ու հեռախոսազրույցներ են ունեցել «Ս» ընկերության ներկայացուցիչների հետ, նրանց հետ քննարկել մրցույթի պայմանները, ընդհուպ՝ նրանց տրամադրել մրցակից «Հ» հիմնադրամի կողմից հանձնաժողովին ներկայացված փաստաթղթերը եւ նրանց օժանդակությամբ՝ մրցույթի ընթացքում սահմանել այնպիսի նոր կամ փոփոխված պայմաններ, որոնց հիմնադրամի ներկայացրած փաստաթղթերը կարող են դիտվել չհամապատասխանող՝ հնարավորություն տալով ընկերությանը հեռացնել մրցույթից: Սույն քրեական գործով մեղադրյալ էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը, որը խոստովանեց, որ հանցանք է գործել, ու գործուն զղջալու հիմքով՝ նրա եւ եւս մի քանի անձի մասով գործը կարճվեց, իսկ ահա հայտնի հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրը՝ «Սիներջի» ընկերության ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը, ինչպես նաեւ նախկին նախարար Վահան Քերոբյանը դեռ կռիվ կտան դատարանում։
ԱԺ-ում պարգեւատրումների շքերթը շարունակվում է: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները այս ամսվա ընթացքում երկրորդ անգամ են պարգեւատրվում: Նախ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր Սահմանադրության օրվա առիթով միանվագ պարգեւատրել պատգամավորներին եւ ԱԺ աշխատակազմին, հիմա էլ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, որն արձակուրդում գտնվող Ալեն Սիմոնյանին է փոխարինում, կրկին պարգեւատրել է ԱԺ պետծառայող աշխատակիցներին: Ազգային ժողովի կայքից տեղեկանում ենք, որ Ռուբինյանի կարգադրությամբ, ԱԺ աշխատակազմի պետական ծառայողները միանվագ դրամական պարգեւատրում են ստացել. թե ինչու են ամռան այս ամիսներին ԱԺ-ում այսքան պարգեւներ շռայլվում, այն դեպքում, երբ նիստեր չեն էլ հրավիրվում, հիմնավորված չէ: