ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳԸ ՉՊԵՏՔ Է ՇԵՂԻ ԳԼԽԱՎՈՐԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում կայացել է «Սահմանադրության փոփոխության հրամայականը» թեմայով քննարկում, որին հրավիրված են եղել թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր գործիչներ: Իշխանության ներկայացուցիչները քննարկմանը չեն մասնակցել:

 

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քննարկման մասնակիցներից ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հետ:

-Պարո՛ն Մինասյան, այսօր անցկացվում է քննարկում «Սահմանադրության փոփոխության հրամայականը» թեմայով: Նախ հասկանանք՝ ինչ իրավիճակ է. մի կողմից Ադրբեջանի նախագահն է իր ամենօրյա հայտարարություններով պահանջում եւ ասում. «Մինչեւ Սահմանադրություն չփոխեք՝ խաղաղության պայմանագիր չի լինելու», մյուս կողմից էլ Նիկոլ Փաշինյանը՝ սահմանադրության օրվա առթիվ ունեցած իր ուղերձում ասաց, որ մեզ պետք է ամբողջովին նոր Սահմանադրություն: Սակայն իշխանության ներկայացուցիչները դա փորձում են ներկայացնել որպես իրենց նախաձեռնություն, որում Ալիեւի միջամտությունը չկա:

-Նախ արձանագրեմ, որ այսօրվա թեման մեր կողմից մերժելի է: Չի կարող սահմանադրական փոփոխությունը, այն էլ այսօրվա հարցերի ներքո, լինել հրամայական: Հրամայականը հենց Սահմանադրությունը տապալած ուժի հեռացումն է, որը ո՛չ միայն ժողովրդավարական, այլեւ իրավական պետության բոլոր կանոններին հակասելով եւ որեւէ կարգավորում չպահելով՝ արդեն շուրջ վեց տարի է իրականացնում է պետության կառավարումը: Բոլորին էլ պարզ է, թե ինչ դժբախտություններ եւ արհավիրքներ է իշխանությունը բերել եւ շարունակում է բերել:

Ինչ վերաբերում է օտարերկրյա պահանջներին, թշնամական երկրների պահանջներին տուրք տալով սահմանադրական փոփոխությունների գնալուն, ապա սա ոչ միայն մարդկային ուղեղից դուրս է, այլ նաեւ ուղիղ եւ հրապարակային հպատակություն է նշանակում թշնամուն, որը ընդունելի չէ, մերժելի է, դատապարտելի է եւ պարզապես չի կարող քննարկման առարկա դառնալ մեր հասարակության շրջանում: Որքան էլ, որ իշխանությունը փորձի իր պարտություններն ու հանձնումները ներկայացնել որպես Սահմանադրությունը փոխելու իրենց ցանկություն, միեւնույնն է՝ այն աբսուրդի աստիճանի է հասնում: Սահմանադրությունը Հայաստանին ոչ մի անգամ չի խանգարել խաղաղության օրակարգ ունենալ: Ավելին՝ Հայաստանի համար խաղաղության օրակարգը տարածաշրջանում ուժեղ պետություն, ուժեղ Հայաստան լինելն է, Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանող Հայաստան ունենալն է, սեփական ազգի ու ժողովրդի արժանապատվությունը պահելն է, այլ ոչ թե ստորացվելը, հանձնվելը, թշնամու օրակարգը առաջ մղելն ու անունը «խաղաղություն» դնելը: Իշխանությունն իր կեղծ օրակարգով չի կարող ժողովրդին շեղել բուն խնդրից, որը այս դավաճան իշխանության փոխարինումն է ավելի պատասխանատու, ազգային եւ ուժեղ Հայաստան կերտող իշխանությամբ:

-Պարո՛ն Մինասյան, այսօր ԶԼՄ-ում տեղեկություն տարածվեց այն մասին, որ Նիկոլ Փաշինայնը, ի վերջո, բանակցությունների ընթացքում համոզել է, որ Սահմանադրության փոփոխության այս գործընթացները հերթական ընտրություններից հետո լինեն՝ նոր կրքեր չբորբոքելու համար: Կարո՞ղ է արդյոք նման զարգացում տեղի ունենալ:

-Ես չգիտեմ՝ Նիկոլ Փաշինյանն ում մոտ ինչ է ասում, սակայն ակնհայտ է, որ նա ուղեծրից դուրս է եկել եւ գտնվում է ադրբեջանա-թուրքական ուղեծրի ուղիղ ազդեցության տակ: Առաջարկում եմ առհասարակ չքննարկել նրա ասածները, առաջարկում եմ նրան տուն ուղարկել. թող գնա՛ եւ թողնի՝ երկիրը դուրս բերեն այս վիճակից, հակառակ դեպքում փորձելու է անդադար շարունակել ատելություն սերմանել հասարակության մեջ:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

81 ՄԼՆ ԵԿԱՄՈՒՏ, ՀԻՓՈԹԵՔՈՎ ԲՆԱԿԱՐԱՆ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մինչեւ նախարար դառնալը, 2018 թվականի հեղափոխությունից սկսած, եկել էր իշխանության եւ դարձել էր Ազգային ժողովի պատգամավոր։ Իսկ մինչեւ պատգամավոր դառնալը հասարակ դասախոս էր, ով աշխատում էր «Այբ» կրթական հիմնադրամում եւ ԵՊՀ պատմության ֆակուլտետում։

 

ԵՊՀ պատմական գիտությունների թեկնածու, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտարարագրել է մեկ անհատական բնակելի տուն Արմավիրի մարզի Փարաքար համայնքում, որը ձեռք է բերել 1956 թվականին, սակայն ինքը՝ նախարարը, ծնվել է 1989 թվականին։

Նախարար Մկրտչյանը հայտարարագրել է 2019 թվականին ձեռք բերված 2012 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի տրանսպորտային միջոց։

Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 7,8 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 3,5 մլն դրամ։

Նախարար Նարեկ Մկրտչյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 81 մլն 793 հազար դրամ, որից 21 մլն 580 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Եկամուտներից գրեթե 52 մլն դրամը վարկեր են «Արարատ» բանկից եւ «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկից։

Նախարարը պաշտոնին զուգահեռ շարունակում է իր դասախոսի կարիերան՝ աշխատելով Ամերիկյան համալսարանում եւ որպես աշխատանքի վարձատրություն ստանում է 3 մլն 269 հազար դրամ։

Նարեկ Մկրտչյանի ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 47 մլն 697 հազար դրամ, որը անշարժ գույքի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի համար նախարարը ՀՀ ՊԵԿ-ից ստացել է 4 մլն 84 հազար դրամ եկամուտ. այն եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է։ Հայտարարագրից տեղեկանում ենք, որ անշարժ գույքը բնակարան է՝ ձեռք բերված «Արսալեդա» ՍՊԸ-ից։

 

 

 

ԲԱՐԴ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանն ու Ադրբեջանն անհավանական առաջընթաց են գրանցել եւ երկար ճանապարհ են անցել բանակցություններում, բայց խաղաղության համաձայնագրին հասնելու համար կողմերից պահանջվում են որոշ բարդ ընտրություններ եւ դժվար փոխզիջումներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը մեծ նշանակություն կունենա այդ երկրների եւ տարածաշրջանի խաղաղության, կայունության, անվտանգության համար: Համաձայնությունը հնարավոր է, բայց դա երկու կողմերից պահանջում է կատարել որոշ բարդ ընտրություններ եւ դժվար փոխզիջումներ», – նշել է Միլլերը:

 

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ՝ Ռ. ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Թբիլիսի պատվիրակություն կմեկնի:

Կարգադրության մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ. աշխատանքային այցով 2024 թվականի հուլիսի 25-26-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղել Ազգային ժողովի Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Շիրակ Թորոսյանին, Վահագն Ալեքսանյանին եւ Արծվիկ Մինասյանին, ինչպես նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Մանուկյանին:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ գործուղման հետ կապված օրապահիկի եւ ճանապարհածախսի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի՝ 2018 թվականի մայիսի 1-ի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:

 




Լրահոս