ԱՌԱՋԱԴՐՎԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՑԵ ՆՈՐԻՑ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Անկեղծ ասած, ես հետ եմ մնացել մեր երկրի փոփոխությունների դինամիկայից։ Ես, որ գնացել եմ ՔԿՀ, մեծ երկիր էր։ Հիմա չգիտեմ՝ ինչ է փոխվել, մարդկությունն էլ է գուցե փոխվել։ Այնպես որ ո՛չ սպասում էի, ո՛չ էլ չէի սպասում»: Այս մասին երեկ՝ հուլիսի 16-ին՝ ՔԿՀ-ից դուրս գալուց հետո, լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք սպասելի՞ էր  հենց այդ օրը իր նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխելու վերաբերյալ հարցին:

 

Անդրադառնալով նրան, թե ինչը փոխվեց, որ իրեն ազատ արձակեցին, նա պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչը փոխվեց: Ի դեպ, դատավոր կոչված որեւէ վկա ինձ մեղսագրվող գործի հետ որեւէ առարկայական բան չի կարող ասել: Ինձ մեղասագրվող ամբողջ փաթեթը կապված է փաստաթղթաշրջանառության հետ, եւ որեւէ քաղաքացի չի կարող համայնքի ղեկավարի կողմից ընդունված փաստաթղթերի իրավացիությունը կամ ոչ իրավացիությունը հավաստել»:

Հարցին՝ գուցե պայմանավորվածություն կա՝ ազատ արձակվելու դիմաց հաջորդ ընտրություններին չառաջադրվելու վերաբերյալ, նա պատասխանեց, – «Եթե պայմանավորվածություն լիներ, ես այստեղ չէի լինի։ Ոտքից գլուխ քաղաքական հետապնդման պրոցես է սա»:

Ինչ վերաբերում է հարցին, թե հնարավոր է, որ երբ ցանկանա կրկին քաղաքապետ դառնալ՝ նորից կկալանավորվի, Մամիկոն Ասլանյանն արձագանքեց. «Իհարկե, մեր երկրում ոչինչ չի բացառվում. մենք տեսնում ենք, որ անգամ երրորդական կարգի պաշտոնյաներ, որոնք Վանաձորի քաղաքապետի ներկապնակում ոչինչ չեն փոխում, քաղաքական հետապնդումների են ենթարկվում, եւ ոչ միայն Վանաձորում, այլեւ տարբեր ուրիշ համայնքներում:

Ասլանյանի խոսքով՝ գուցե  հետագայում ինքն այս ամենին անդրադառնա ամենայն մանրամասնությամբ, հիմա ասում է՝ սա քրեական ու քրեական դատավարական հարց չէ, այստեղ մասնակցություն է ունեցել  նաեւ վարչական  դատարանը, որը կալանք է դրել ավագանու նիստերի վրա։

Անդրադառնալով քաղաքականությամբ զբաղվելու վերաբերյալ լրագրողների հարցին՝ Մամիկոն Ասլանյանն ասել է. «Չգիտեմ՝ իմ ֆիզիկական վիճակը, հոգեվիճակը ոնց է։ Ես ոչ մի տեղ չեմ կորչելու, ոչ մի բանից չեմ խուսափում։ Իմ մոտեցումները չեն փոխվել, ոչնչից չեմ վախեցել, չեմ խեղճացել, կամքս չի կոտրվել: Ընդամենը մարտավարական առումով պետք է հասկանամ իմ անելիքները: Եթե մինչեւ այժմ տուժել եմ միայն ես, չեմ ցանկանա, որ տուժեն նաեւ այլ մարդիկ»։

Մ. Ասլանյանը հաստատեց տարածված այն տեղեկությունները, որ իր՝ ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում առաջարկել են կոալիցիոն հուշագիր ստորագրել։

«Անձնավորված խոսակցություններ չեմ ուզում ի հայտ բերել, դրանց մասին հրապարակային խոսել. բնականաբար, եղել է առաջարկություն, որ կոալիցիոն հուշագիր ստորագրվի։ Ես էլ ասել եմ, որ ընտրական այս  տրամաբանության մեջ, որը տեղի էր ունեցել Վանաձորում 2021թ.  չի կարելի: Կարող էր լինել աշխատանքային, ոչ քաղաքական համագործակցություն»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ որ ուժի կողմից է իրեն կոլաիցիոն հուշագիր ստորագրելու առաջարկություն եղել, Մամիկոն Ասլանյանն արձագանքեց. «Ես աշխատանքային համագործակցության մասին հայտարարություն եմ տարածել, որ պատրաստ եմ ոչ քաղաքական, աշխատանքային համագործակցության: Այնտեղ եղել է քաղաքական համագործակցության խնդիր, որը ես մերժել եմ»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ավելի քան 2.5 տարի բանտում անցկացնելուց հետո՝ Մամիկոն Ասլանյանը 10 միլիոն դրամ գրավով ազատ է արձակվում:

Նշենք, որ Ասլանյանն անազատության մեջ էր հայտնվել 2021-ի դեկտեմբերին՝ տեղական ընտրություններում իր առաջնորդած նախընտրական դաշինքի հաղթանակից օրեր անց։ Նա մեղադրվում է պաշտոնավարման տարիներին, կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով, Վանաձորի հողերն օտարելու համար։ Վանաձորը 5 տարի ղեկավարած Ասլանյանը պնդում է՝ քաղաքական հետապնդման է ենթարկվում։

 

 

 

ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐ

ԱՄՆ պետքարտուղարի խոսնակը, անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին, հայտարարել է, թե «կարծում ենք, որ համաձայնության հասնելը հնարավոր է, բայց դա պահանջում է երկու կողմերից բարդ որոշումներ եւ լուրջ փոխզիջումներ ընդունել»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ի՞նչ է ստացվում. Հայաստանը վերջին 6 տարիներին, հնարավոր բոլոր ուղղություններում զիջել է դիրքերը, ստացել պատերազմ, ագրեսիա, ճնշումներ, սպառնալիքներ, շանտաժ, ունեցել հսկայական մարդկային ու տարածքային զիջումներ, սակայն պարզվում է, որ նրանից դեռ բարդ որոշումների եւ լուրջ զիջումների ակնկալիք կա:

Սա՞ է խաղաղության հասնելու միջազգային պատկերացումը: Այս պարագայում միայն կարելի է կռահել Ադրբեջանի ու Թուրքիայի սպասելիքները, որոնք պարբերաբար նաեւ հրապարակային են հնչեցվում:

Ու դեռ մեր ժողովրդին էլ փաշինյանական իշխանությունը համոզում է, որ իրենք երկիրը խաղաղության են տանում, այն դեպքում, որ հերթական անգամ հանրությանը, այս դեպքում՝ նաեւ միջազգային դերակատարների շուրթերով նախապատրաստում են նոր զիջումների», – գրել է նա:

 

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆ՝ ԹԵՀՐԱՆՈՒՄ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացման եւ դիվանագիտական անձնակազմի վերադարձի վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Ողջունում ենք Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վերաբացումը։ Տարածաշրջանի կայունության եւ համագործակցության ոգու համար կարեւորում ենք Ադրբեջանի եւ Իրանի միջեւ հարաբերությունների կարգավորումը եւ դիվանագիտական կապերը կրկին բնականոն մակարդակի հասցնելը։

Հիշեցնենք, որ 2023-ի հոկտեմբերի 27-ին Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակում էր եղել, ինչի հետեւանքով մահացել էր դեսպանատան անվտանգության աշխատակիցը, իսկ երկուսը՝ վիրավորվել։ Հարձակումից հետո՝ հոկտեմբերի 29-ին, Բաքուն դադարեցրել էր դեսպանատան գործունեությունը, իսկ դիվանագիտական անձնակազմը վերադարձել էր Բաքու։

 

 

Ի՞ՆՉ ՀԱՐՑ ԷՐ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Հուլիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի գրասենյակում անցկացվել է ընդլայնված կազմով նախաձեռնող խմբի նիստ:

Նիստին մասնակցել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ԱԺ պատգամավորներ Արուսյակ Մանավազյանը, Ալխաս Ղազարյանը, Տաթեւ Գասպարյանը, մարզի համայնքների ղեկավարները, ավագանու անդամներ, կուսակցության անդամներ:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Արմավիրի մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահ Դավիթ Խուդաթյանը:

Նիստի օրակարգում մարզի առողջապահության համակարգին վերաբերող հարցն է եղել:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է ոլորտին վերաբերող հարցերը, առողջապահության ապահովագրության բարեփոխումը, Արմավիրի մարզում առողջապահության որակի բարձրացմանն ուղղված առաջիկա անելիքները, ենթակառուցվածքների նորացման ծրագիրը, պատասխանել կուսակցականների հարցերին:

Կուսակցականները հանդես են եկել թեմային առնչվող ելույթներով:

 

ԼԱՎՐՈՎԸ ԺԱՄԱՆԵԼ Է ՆՅՈՒ ՅՈՐՔ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի միջոցառումներին, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ Մասնավորապես, երեքշաբթի եւ չորեքշաբթի՝ հուլիսի 16-17-ը, նա նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ԱԳ նախարարների մակարդակով բաց բանավեճերը:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը հուլիսի 1-ից մեկ ամսով անցել է Ռուսաստանի Դաշնությանը։

Լավրովը երեքշաբթի կնախագահի բազմակողմ համագործակցության վերաբերյալ բաց բանավեճը:

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ն, Նյու Յորքում կայանալիք միջոցառումների շրջանակում, Լավրովի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջեւ հանդիպում չի խնդրել:

 

ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՎԱՐՏՎԵԼ Է

Սիրիայում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը եւ սկսվել է ձայների հաշվարկը, հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը։

Սիրիայում տեղի են ունեցել Ժողովրդական խորհրդի (խորհրդարանի) ընտրություններ։ Ավելի քան 1,5 հազար թեկնածուներ պայքարել են Սիրիայի խորհրդարանի 250 տեղի համար։

Երկրում եղել է ավելի քան 8,1 հազար ընտրատեղամաս։ Ընթացիկ խորհրդարանական ընտրությունները Սիրիայի համար չորրորդն են՝ 2011 թվականին երկրում զինված հակամարտության սկսվելուց ի վեր։

 




Լրահոս