Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Կարեն Խաչատրյանի առեղծվածային մահվան դեպքը շարունակում է շատերի համար հարցեր առաջացնել, թե ինչպես երկար տարիներ զենք ունեցող եւ զենքին լավ տիրապետող անձը կարող էր անզգուշության արդյունքում զենքի կրակոցից մահանալ:
Ու մինչ իրավապահները քննում են այս դեպքը` «Ժողովուրդ» օրաթերթին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Կարեն Խաչատրյանի շուրջ կատարվող դեպքերից:
Մասնավորապես, նա մեկ տարի առաջ էր ազատվել պաշտոնից, սակայն դատախազության նրա աշխատասենյակը մեկ տարի շարունակ որեւէ մեկը չէր մտել, եւ ավելին՝ ըստ դատախազության մեր աղբյուրների՝ անգամ ազատվելուց հետո իր սենյակը չէր հանձնում:
Նշենք, որ Գեղարքունիքի դատախազության դատախազ Կարեն Խաչատրյանը 2023 թվականի օգոստոսի 2-ին ազատվել էր պաշտոնից: Նրա եղբայրը՝ Կամո Խաչատրյանը եւս դատախազ է եղել եւ աշխատել է Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ ու պաշտոնից ազատվել է 2023 թվականի մարտի 27-ին։
2024թ. հուլիսի 7-ին՝ ժամը 00։35-ին, «Վարդենիս» ԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղում կանչով մեկնած շտապօգնությունն արձանագրել է 54-ամյա Կարեն Խաչատրյանի մահը՝ հրազենի գործադրմամբ։
Դեպքի փաստով 2024թ. հուլիսի 7-ին ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նախաքննության շրջանակում ստացված խիստ նախնական, քննությամբ դեռեւս լիարժեք ստուգման ենթակա տվյալներով՝ Կ. Խաչատրյանը նույն օրը՝ ժամը 00։30-ի սահմաններում, իրենց տանը իրեն ամրակցված «BERETTA APX» տեսակի հրազենը մաքրելու ժամանակ, զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով, արձակված կրակոցից ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք։
Դեպքի վայրի զննությամբ, բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է Կ. Խաչատրյանի մարմինը` աջ աչքի հատվածում հրազենային վնասվածքով։ Առգրավվել է հիշյալ հրազենը, մեկ կրակված պարկուճ, վերցվել են արյան հետքեր։
Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաձգաբանական, դատակենսաբանական եւ դատաքիմիական փորձաքննություններ։
Դեպքի հանգամանքները պարզելու համար ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու հանձնարարություն։
Նախաքննությունը շարունակվում է։
ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ԴԱՏԱՎՈՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԲԴԽ նիստի ժամանակ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հայտնեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնելու դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները` քննելով արդարադատության նախարարության հարուցած կարգապահական վարույթը։ Որոշումը ընդունվել է միաձայն։
Նախարարության գնահատմամբ՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետեւանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. ««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ ԲԴԽ-ում տրամադրվածությունն այնպիսին է, որ դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները դադարեցվեն, իսկ թե ինչպես կքվեարկեն ԲԴԽ անդամերը, ցույց կտան զարգացումները։
ՀԱՐՑԸ ՆՈՐ ԹԱՓ Է ՍՏԱՆՈՒՄ
ԲԴԽ-ում քննվում է դատավոր Վահե Դոլմազյանի կարգապահական վարույթը։
Նշենք, որ նա քննում է մի շարք նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական գործեր, որոնցից մեկը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանն է։
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «Արդարադատության նախարարությունը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մասով գործընթաց է սկսել։ Երեկ (խմբ.) նախարար Գրիգոր Մինասյանը նշեց, որ «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումից հետո արդարադատության նախարարության վերահսկողական վարչությունը դեպքի վերաբերյալ 07.08.2023 թվականին ծառայողական քննություն է սկսել:
Քննության արդյունքները դեռ չկան։ Իսկ ի՞նչ դեպքի մասին է խոսքը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության արդեն նախկին պետ Սերգեյ Ատոմյանի հեռացումը առաջին հերթին կապված է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հետ։ Մասնավորապես, գրել էինք, որ օգոստոսի 1-ին, երբ ԱԱԾ մեկուսարանից պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին տեղափոխել են Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին, ճանապարհին Դավիթ Տոնոյանը խնդրել է ուղեկցողներին, որ թույլ տան կարճ տեսակցել մորը, հետո շարունակել ճանապարհը դեպի Ազգային ժողով: Տոնոյանին ուղեկցող ծառայողները կապ են հաստատել Սերգեյ Ատոմյանի հետ՝ թույլտվություն ստանալու համար:
ՔԿՀ պետը թույլ է տվել, որ Տոնոյանը գնա տուն ու տեսակցի մորը՝ պայմանով, որ ոչ ոք չիմանա։ Ասել է թե՝ նախարարությունում ստուգում են, թե ինչպես է կալանքի տակ գտնվող նախկին նախարարը գնացել տուն։ Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սերգեյ Ատոմյանն ազատվեց Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2021 թվականի սեպտեմբերի 15-ից։ Ի դեպ, դեռեւս ՔԿ ծառայության պետի պաշտոնը դատարկ է, ու չեն կարողանում թեկնածու գտնել»։
ՆՌՆԱԿԻ ՊԱՅԹՅՈՒՆ ՈՒ 14 ՄԵՂԱԴՐՅԱԼ
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը սոցցանցի իր էջում հայտնում է. «Այսօր քննչական մարմինը հունիսի 12-ի գործով հայտնել է նախաքննության ավարտ։ 14 մեղադրյալների մասով գործն ուղարկվում է դատարան։
Մեղադրյալներից 4-ը բանտային կալանքի տակ են (Կարմեն Մնացականյան, Ավետիք Ջիլավյան, Արմենակ Խաչատրյան, Լեւոն Սաֆարյան), մյուսները՝ տնային կալանքի»։
ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
2 տարի 7 ամիս անազատությունից հետո քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանի խափանման միջոցը փոխվել է. դատարանի որոշմամբ նա ազատ է արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց։
Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանը մասնակիորեն բավարարել է փաստաբանի միջնորդությունը՝ ստորագրությամբ ազատ արձակելու փոխարեն կիրառելով գրավ։
ՈՎ Է ԻՆՔՆԱՀՐԿԻԶԿՄԱՆ ՓՈՐՁ ԱՆՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆ
«Ժողովուրդ» օրաթերթին հատնի է դարձել, թե ով է եղել այն քաղաքացին, որը բենզինով մտել է Գլխավոր դատախազություն եւ պահանջել հանդիպում դատախազի հետ:
Ըստ մեր տեղեկությունների՝ այդ քայլին գնացել է 36-ամյա Հրաչ Պիրոյանը, որը Արթիկ քաղաքում է հաշվառված:
«Ժողովուրդ» օրաթերթը արդեն հայտնել էր, որ շաբաթ օրը ուշագրավ դեպք է եղել Գլխավոր դատախազության մոտ։ Տնային կալանքի տակ գտնվող քաղաքացին, դժգոհ լինելով իր շուրջ կատարվող իրավական գործընթացներից, գնացել է գլխավոր դատախազության բակ ու պահանջել հանդիպում կազմակերպել դատախազի հետ։ Արդյունքում՝ իր հորդորը ու պահանջը չի կատարվել եւ Գլխավոր դատախազության շենքի մուտքի ընդունարանում նա բենզին է լցրել իր վրա՝ փորձելով ինքնահկրկիզվել, սակայն ոստիկանները կանխել են նրա գործողությունները։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, երբ փրկարար ծառայությունը հասել է դեպքի վայր՝ ոստիկանությունը քաղաքացու գործողությունները կանխած է եղել։
«Ժողովուրդ» օրաթերթը Գլխավոր դատախազությունից փորձեց պարզել, թե ինչ է կատարվել, ի պատասխան՝ հայտնեցին.
«Խարդախության համար մեղադրվող, տնային կալանքի տակ գտնվող քաղաքացին ցանկացել է հանդիպել գործը հսկող դատախազին: Ոստիկանը բացատրել է, որ ոչ աշխատանքային օր է ու հորդորել է դիմում թողնել, սակայն քաղաքացին չի ենթարկվել ոստիկանի հորդորին ու բենզինը լցրել է իր վրա՝ ցանկանալով ինքնահրկիզվել, ինչը, սակայն, կանխվել է ոստիկանների կողմից»։