նոր ատոմակայանի կառուցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Հարավային Կորեան եւ Չինաստանը. այս մասին DW-ի հետ զրույցում ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, որը վերահսկում է էներգետիկայի ոլորտը։

 

DW-ն հիշեցնում է, որ Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետը հաշվարկված է մինչեւ 2026թ., սակայն, ըստ նախնական գնահատականների, կայանը կարող է աշխատել մինչեւ 2039 թվականը։ Մինչ այս ՀՀ-ն պետք է գործարկի նոր էներգաբլոկ՝ էլեկտրաէներգիայի պակասից խուսափելու համար:

«Հայաստանը դեռ չի կողմնորոշվել նոր էներգաբլոկի մոդելի հարցում. բանակցություններ են ընթանում այն երկրների հետ, որոնք տեխնոլոգիաների պոտենցիալ մատակարարներ են, եւ, ինչպես պարզվում է, դրանք բավականին քիչ են», – նշում է գործակալությունը։

Դեռեւս 2023 թվականի հուլիսին ՀՀ կառավարությունը աշխատանքային խումբ է ուղարկել ԱՄՆ, որը ծանոթացել է ամերիկյան միջուկային տեխնոլոգիաներին, փոքր մոդուլային ռեակտորներին եւ դրանց մշակումներին։ Փոքր մոդուլային ռեակտորները, որոնք նաեւ հայտնի են որպես «մինի ատոմակայաններ», ավելի քան մեկ տասնամյակ եղել են մասնագիտական եւ քաղաքական բանավեճի թեմա: Շատ փորձագետներ դրանք համարում են ապագայի խոստումնալից ատոմակայաններ։ Այս տարվա փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը դիտարկում է մոդուլային միջուկային էներգաբլոկի կառուցման հնարավորությունը եւ որպես կարեւոր փաստարկ մատնանշել դրա անվտանգության բարձր մակարդակը։

«Հայաստանում քննարկվում է մի տարբերակ, երբ նոր էներգաբլոկի հզորությունը չպետք է լինի 600-700 ՄՎտ-ից բարձր»,- ասել է Վարդանյանը՝ հավելելով, որ կառավարությունը հակված է փոքր մոդուլային ռեակտորների կառուցմանը, սակայն այս ճանապարհին գլխավոր խոչընդոտն այն է, որ ներկայում աշխարհում նման տիպի գործող ատոմակայաններ չկան։

Մոդուլային ռեակտորներ նախագծող ընկերությունները, ըստ Հակոբ Վարդանյանի, անընդհատ հետաձգում են նման ռեակտորների կառուցման համար սահմանված ժամկետները։

«Շատերի, այդ թվում՝ ամերիկյան ընկերությունների պարագայում, ամեն ինչ մշակման փուլում է: Առաջ է շարժվել միայն ամերիկյան NuScale ընկերությունը։ Այն լիցենզիա է ստացել իր 50 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկների կառուցման համար։ Բայց NuScale-ը հետաձգել է դրանց կառուցումը եւ որոշել է կառուցել 77 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկներ եւ գտնվում է վերջնական լիցենզավորման փուլում»,- ասել է Վարդանյանը եւ հավելել, որ նման էներգաբլոկների կառուցումն արժե շատ ավելի թանկ, քան նախորդ տարբերակը։

Փոխնախարարի խոսքով՝ Հարավային Կորեան նույնպես շահագրգռվածություն է հայտնել Հայաստանին տրամադրել 170 ՄՎտ հզորությամբ մոդուլային էներգաբլոկներ, որոնք նախագծով նման են ամերիկյաններին։

«Բլոկի բարձր հզորությունը, իհարկե, նվազեցնում է ինքնարժեքը, բայց խնդիրն այն է, որ այս մշակումը դեռ լիցենզավորված չէ»,- նշել է Վարդանյանը՝ հավելելով, որ լիցենզավորման գործընթացում են նաեւ ռուսական եւ չինական մշակումները։

Փոքր մոդուլային ռեակտորների շահագործման փորձի բացակայության պատճառով ՀՀ կառավարությունը չի շտապում վերջնական որոշում կայացնել։

«Եթե մենք ուզում ենք արագացնել գործընթացը, ապա պետք է 1000 ՄՎտ-ից ավելի հզորությամբ ատոմակայան կառուցենք ավանդական տեխնոլոգիաներով, ինչը զգալիորեն գերազանցում է մեր կարիքները»,- պարզաբանել է փոխնախարար Վարդանյանը։

Նա հավելել է, որ կառավարությունը մտադիր է մինչեւ 2025 թվականի կեսերը վերջնական որոշում կայացնել ռեակտորի մոդելի եւ մատակարարող երկրի ընտրության վերաբերյալ։

DW-ն գրում է, որ ներկայում Հայաստանի  էլեկտրաէներգիայի կարիքը կազմում է մոտ 1200 ՄՎտ, որը մոտավորապես հավասար չափաբաժիններով ապահովում են հիդրոէլեկտրակայանները, ՋԷԿ-երը եւ ատոմակայանը։ Աճում է նաեւ արեւային կայանների թիվը, սակայն դրանց մասնաբաժինը Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ընդհանուր ծավալում դեռեւս աննշան է՝ 2023 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ 4%-ից մի փոքր ավելի։

ԷՄՄԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Իշխանությունների խանդավառ մեկնաբանությունները, թե ՀՀ տնտեսությունն աճ է գրանցել, փակում են խնդիրները տեսնելու ճանապարհը։

 

Բանն այն է, որ վերջին երկու տարվա ընթացքում ինտենսիվ կերպով բացասական ուղղությամբ են գնում դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումները։

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2023 թվականին ՀՀ տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների ցուցանիշները: Ըստ այդմ՝ 2023 թվականին Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը եղել է 138.6 մլրդ դրամ կամ մոտ 347 մլն դոլար: Սա ավելի քան 58 մլրդ դրամով կամ մոտ 30%-ով պակաս է 2022 թվականի ցուցանիշից:

2024 թվականի հունվար-մարտ ամիսների ցուցանիշը համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ կտեսնենք, որ թվերը բացասական են։

ՀՀ ամենամեծ ներդրումները, մինչեւ անցած տարի, եղել են Ռուսաստանի Դաշնությունից՝ 158 մլրդ դրամ, իսկ այս տարի առաջին եռամսյակում այն կազմել է 17 մլրդ դրամ։

Հայաստանում «Իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը», ըստ երկրների, գլխավորում է Ռուսաստանը, որին հաջորդում է Կիպրոսը, Լյուքսեմբուրգը եւ այլ երկրներ՝ համեմատաբար քիչ ներդրումներով։

Ստացվում է, որ ՀՀ տնտեսությունը ակամա հայտնվում է վտանգի տակ, քանի որ դադարում է մրցակցել միջազգային խաղացողների հետ։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 




Լրահոս