Երեւանի «Ոսկե ծիրան» 21-րդ կինոփառատոնի շրջանակում անցկացված հատուկ ընդունելության ընթացքում փառատոնային «Վարպետ» մրցանակը հանձնվել է «Տարածաշրջանային համայնապատկեր» մրցութային ծրագրի ժյուրիի նախագահ, հնդիկ-ամերիկացի ռեժիսոր Թարսեմ Սինգհին։ Վերջինս հայ հանդիսատեսին առավել հայտնի է որպես Լեդի Գագայի փարաջանովյան գեղագիտությամբ ոգեշնչված «911» երգի տեսահոլովակի հեղինակ։ Լեդի Գագայից բացի՝ Թարսեմի ռեժիսորական աչքով են տեսողական մարմին ստացել «R.E.M.»-ի «Losing My Religion» երգը, Վանեսա Պարադիի «Be My Baby»-ն, Լու Ռիդի «What’s Good»-ը եւ այլն։
2000-ին մեծ էկրան է բարձրացել Թարսեմի կինոդեբյուտը՝ Ջենիֆեր Լոպեսի գլխավոր դերակատարությամբ կուլտային «Բջիջ» գիտաֆանտաստիկ թրիլերը, որը բազմաթիվ կինոքննադատներ գովել են հոլիվուդյան կինոյի համար անսովոր վառ պատկերային, սիմվոլիկ մտածողության համար։
«Բջիջ»-ից ի վեր Սինգհը հեղինակել է եւս 5 լիամետրաժ ֆիլմ, որոնցից վերջինը՝ «Սիրելի Ջասի» դրաման, համաշխարհային պրեմիերա է ունեցել 2023-ին Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում՝ արժանանալով «Platform» մրցանակին, իսկ երեւանյան պրեմիերա տեղի ունեցավ «Ոսկե ծիրան» 2024- ի օրերին։
Մրցանակը «Բեկոն» մսամթերքի գործարանում կայացած արարողությանը Սինգհին հանձնեցին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը եւ կինոփառատոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը։ Սինգհը իր խորին երախտագիտությունը հայտնեց մրցանակի կապակցությամբ։
Բացի այդ, Հարություն Խաչատրյանը «Բեկոն Մսամթերք»-ի գործադիր տնօրեն Դավիթ Մարգարյանին պարգեւատրեց Մանթաշյանց ասպետ պատվո արծաթե շքանշանով՝ մշակույթի զարգացմանը խթանելու եւ մեկենասության ավանդույթները վերահաստատելու համար։
Անդրադառնալով GAIFF Pro հարթակին՝ պետք է նշել, որ այն այս տարի եւս անցկացվել է փառատոնի շրջանակներում։
Հարթակի աշխատանքները կայացել են IMS Documentary Film-ի եւ ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցության արդյունքում՝ վավերագրական ֆիլմերի վրա հատուկ շեշտադրմամբ։
Արդյունաբերության պլատֆորմի շրջանակում ներկայացված էր 15 երկրների կինոգործիչների եւ պրոդյուսերների 17 նախագիծ, որոնցից 12-ը մշակման փուլում են, իսկ 5-ը գտնվում են ընթացիկ փուլում: Շարքը ներառում է նախագծեր Սաուդյան Արաբիայից, Կիպրոսից, Վրաստանից, Իրանից, Լիբանանից եւ Հայաստանից, ինչպես նաեւ համատեղ արտադրության գործընկեր երկրներից՝ ներառյալ Ֆրանսիան, Սերբիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները եւ Բելգիան։
Միջազգային ժյուրին մրցանակ է տվել զարգացման փուլում գտնվող Մոջգան Սայադիի «Արյան գին նախագծին։ Նախագծին տրամադրվել է $ 5,000 մրցանակ։ Հատուկ հիշատակման է արժանացել Լիլիթ Մխիթարյանի՝ «Արարատից տասնչորս ու կես կիլոմետր հեռավորության վրա» ֆիլմը։
Դիանա Կարդումյանի «Լռիր» ֆիլմն արժանացել է ժյուրիի նախաարտադրության եւ գովազդային փաթեթի մրցանակի։ Մենտորական մրցանակի է արժանացել Նաիրի Հախվերդիի «Ռելսերի միջեւ» ֆիլմը։
Short Cuts Nest կարճամետրաժ նախագծերի արտադրության հարթակն անցկացվում էր արդեն երկրորդ անգամ. այն հարթակ է հայկական կարճամետրաժ ֆիլմերի նախագծերի համար։ Նպատակն է խթանել կարճամետրաժների ստեղծումը Հայաստանում։
Լավագույն կարճամետրաժ ֆիլմի նախագիծ ճանաչվեց Օվսաննա Շեկոյանի՝ «Հանգիստ կապույտ» նախագիծը։ Հատուկ հիշատակման արժանացավ Սոնա Խաչատրյանի «Մասունքը»։
ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ՝ ԱՄՆ-ՈՒՄ
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ամերիկյան համերգային շրջագայությունն անցել է լեփ-լեցուն դահլիճներում ու հոտնկայս ծափերի ներքո։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, հունիսի 26-ից 29-ը ելույթներ է ունեցել ԱՄՆ հեղինակավոր համերգասրահներում՝ Բոսթոնի «Սիմֆոնի Հոլ»-ում, Նյու Յորքի «Քարնեգի Հոլ»-ում- Լոս Անջելեսի «Ուոլթ Դիսնեյ» համերգասրահում։ Սիմֆոնիկ նվագախմբի հետ որպես մենակատար հանդես է եկել մեծանուն ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ կատարելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
Նշենք, որ առաջին անգամ է, որ հայկական նվագախումբը ԱՄՆ-ում ներկայացել է ամբողջությամբ հայկական ծրագրով՝ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններով, որը մեծ ջերմությամբ է ընդունվել ամերիկացի երաժշտասերների կողմից։ Նվագախումբը ելույթներից հետո ստացել է ոգեւորող արձագանքներ՝ հայ երաժիշտների կատարողական վարպետության, համերգային ծրագրի վերաբերյալ։
ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՊԵՐՖՈՐՄԱՆՍՆԵՐ
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը եւ Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանը իրականացրել են հանճարեղ կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին նվիրված երաժշտական մուլտիմեդիա-համերգ՝ «Փարաջանով-Ազնավուր. 100 երաժշտական պերֆորմանսներ» խորագրով։
Այն տեղի է ունեցել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում: Միջոցառմանը ելույթ է ունեցել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, «Նռան ձայնը» նախագծի էքսպերիմենտալ երաժշտական կատարումով հանդես են եկել Հովսեփ Աղջյանը եւ Շահեն Խանդկարյանը: Վահան Ստեփանյանի հեղինակած վիդեոարտի ուղեկցությամբ կազմակերպվել է երաժշտական մուլտիմեդիա ներկայացում-համերգ՝ երաժշտական LIVE պերֆորմանս՝ Տիգրան Մանսուրյանի երբեւէ չկատարված օրիգինալ երաժշտությամբ:
Պերֆորմանսը ձայնագրված երաժշտությամբ կթողարկվի հատուկ limited edition վինիլային «Parajanov. Color of Pomegrante by Tigran Mansuryan» սկավառակով:
ՀՖԿՍՊԻ ԹԻՄԸ՝ ՄԵԴԱԼԱԿԻՐ
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի շախմատի հավաքական թիմը դարձել է Հունգարիայում ընթացող Եվրոպական համալսարանական խաղերի (EUG) շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր:
Հայաստանի թիմի կազմում հանդես են եկել գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը եւ Արտյոմ Մանուկյանը: Թիմի մարզիչը դոցենտ Երվանդ Հակոբյանն է։
EUG շախմատի առաջնությունն անցկացվել է հուլիսի 10-13-ը Հունգարիայի Միշկոլց քաղաքում։ Շախմատի մրցաշարին 17 երկրների ուսանողական թիմեր են մասնակցել:
Հայաստանի մյուս ներկայացուցիչները Եվրոպական համալսարանական խաղերում պայքարը սկսելու են հուլիսի 18-ից հետո:
Խաղերին մասնակցում են ՀՖԿՍՊԻ եւ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները: ՀՊՏՀ-ի ուսանողները հանդես կգան աղջիկների սեղանի թենիս, իսկ ՀՖԿՍՊԻ ուսանողները՝ պարա սեղանի թենիս եւ թաեքվոնդո մարզաձեւերում:
ՀՊՏՀ սեղանի թենիսի՝ աղջիկների թիմում ներառված են Մանե Ղազարյանը, Ասյա Պողոսյանը եւ Հայաստանի անհատական առաջնության չեմպիոն Ռիմա Խլղաթյանը: Մարզիչը ՀՖԿՍՊԻ դասախոս Մեսրոպ Ղուկասյանն է, որն ընդգրկված է նաեւ Հայաստանի սեղանի թենիսի հավաքականի մարզչական շտաբում:
Պարա սեղանի թենիս մրցաձեւում Հայաստանը կներկայացնի ՀՖԿՍՊԻ ուսանող Գեւորգ Բեգլարյանը: Նրան կուղեկցի մարզիչը՝ Ռիմա Բեգոյանը:
Թաեքվոնդոյի թիմում ընդգրկված են Հայաստանի առաջնությունների տիտղոսակիր մարզիկներ, միջազգային տարբեր մրցաշարերի մասնակիցներ Մելինե Հովհաննիսյանը եւ Դավիթ Թորոսյանը:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը՝ որպես համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի անդամ, նշանակվել է ֆուտզալի մրցումների ղեկավար:
Եվրոպական համալսարանական խաղերին մասնակցում են 36 երկրի շուրջ 5000 պատվիրակներ: Մրցաշարն անցկացվում է 20 մարզաձեւից:
ՀԱՂԹԱՆԱԿ
Կամո Ունանյանը նոկաուտով նվաճեց WKN վարկածի գոտին: Հուլիսի 14-ին «Միկա» մարզահամալիրում տեղի ունեցավ «Mixfight 56» MMA մարզաձեւի միջազգային խոշոր մրցաշարը։ Այս անգամ մրցաշարի գլխավոր մենամարտն ընթացավ WKN վարկածի գոտու համար։ Հայաստանի կարատեի միության հիմնադիր Կամո Ունանյանը մենամարտեց ղազախստանցի մարզիկ Մուհամմեդ Խան Օսպանովի հետ։ Ինչպես եւ ակնկալվում էր, նախորդ մենամարտերի նման Կամոն այս անգամ էլ հաղթանակի համար երկար սպասեցնել չտվեց։
MMA մարզաձեւում սա Կամո Ունանյանի 7-րդ մենամարտն էր եւ 7-րդ հաղթանակը։