2024 թվականի մայիսի 14-16-ը Երեւանում անցկացված «Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկ»-ի կառավարիչների խորհրդի` 2024 թվականի տարեկան հանդիպման կազմակերպման համար ՀՀ պետական բյուջեից ծախսվել է 1 միլիարդ 799 միլիոն 478 հազար դրամ։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կնքած պայմանագրից։
1 միլիարդ 799 միլիոն դրամի ծառայությունները մատուցել է «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն։ 123 էջից բաղկացած պայմանագրից տեղեկանում ենք, որ այս ընկերությանն է վստահվել առաջնության հետ կապված բոլոր ծառայությունների տրամադրումը, որոնք ներառում են գովազդային ծառայություններ, հյուրանոցների ամրագրում, ձայնային, լուսային սարքավորումների ապահովում, հյուրերի ուղեւորափոխադրում, վիդեո եւ ֆոտո նկարահանում, համաժամանակյա թարգմանություն եւ այլն։
«Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 81%-ը ձեռք է բերել Մարինե Ստեփանյանը, 19%-ը՝ Վազգեն Պողոսյանը. նրանք երկուսն էլ հաշվառված են նույն հասցեում։
Վազգեն Պողոսյանը մեկ անձից գնումներ իրականացնող աղմկահարույց՝ «Ֆակտորի Փրոդաքշըն» ՍՊԸ-ի նախկին սեփականատերերից մեկն է, որը, հետագայում, դարձել է արդեն «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ի տնօրենը։
Նշենք, որ Վազգեն Պողոսյանն Արմեն Սարգսյանի նախագահության տարիներին զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի պաշտոնը։
Հարկ է նշել, որ «Բեգրաունդ Փրոդաքշըն» ՍՊԸ-ն Երեւանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության եւ Ջազի միջազգային օրվա կազմակերպումն է ստանձնել նաեւ։
Տեղեկացնենք նաեւ, որ ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականի մայիսի 17-ին՝ հեղափոխությունից մի քանի օր անց, եւ այս տարիների ընթացքում կնքել է 12 պայմանագրեր «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի, Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ ֆինանսների նախարարության հետ։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հուլիսի 12-ին Սյունիքի մարզում այցելել էր ամերիկյան «Քոնթուր Գլոբալ» հիդրոկասկադ, որը, լինելով վերականգնվող էներգիայի առաջատար արտադրող, նպաստում է Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովմանը: «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ԱՄՆ դեսպանին ուղեկցողների շարքում էր նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կնոջ՝ Գոհար Աբաջյանի քույրը՝ Ալվինա Աբաջյանը։ «Ժողովուրդ» օրաթերթը Գոհար Աբաջյանից փորձեց տեղեկանալ, թե ինչ կապ ունի իր քույրը դեսպանի այցի կամ դեսպանի հետ, եւ ստացանք հետեւյալ պատասխանը. «Քույրս 2019 թվականից «Քոնթուր գլոբալ»-ի ֆինանսական տնօրենն էր, 2023-ին նշանակվել է գլխավոր տնօրեն»։ Թե որքանով է Ալվինա Աբաջյանի աշխատանքի ակտիվությունը կապված քրոջ ամուսնու՝ Արարատ Միրզոյանի գոծոնի հետ՝ ցանկացանք ճշտել հենց Ալվինա Աբաջյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց։
ՀՀ նոր Սահմանադրության նախագծի շուրջ ակտիվ քննարկումները շարունակվում են: Երեկ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հերթական նիստն է արել, որին մասնակցել են արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի՝ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը եւ խորհրդի այլ անդամներ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը վստահեցրել է. «Նոր Սահմանադրության նախագծում Անկախության հռչակագրի հղումը հանել-չհանելու հարց մինչեւ օրս չի քննարկվել»: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն առաջարկում է հրաժարվել ընտրություններից հետո խորհրդարանում կայուն մեծամասնություն ձեւավորելու սահմանադրական պահանջից: ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հիմնական դրույթներից մեկն էլ հենց «կայուն մեծամասնության» վերաբերյալ հոդվածից հրաժարվելն է: Հայաստանի Սահմանադրության համաձայն՝ Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով, եւ ընտրական օրենսգրքով երաշխավորվում է կայուն խորհրդարանական մեծամասնության ձեւավորումը՝ տեղերի 54%-ը: Օրենսդրության համաձայն, եթե ընտրությունների արդյունքում կամ քաղաքական կոալիցիայի ձեւավորման միջոցով կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձեւավորվում, ապա կարող է ընտրությունների երկրորդ փուլ անցկացվել: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը մշակել է հայեցակարգ, որով առաջարկվում է պահպանել կառավարման խորհրդարանական մոդելը, բայց հանել կայուն մեծամասնության հոդվածը եւ ներդնել սովորական՝ համամասնական ընտրակարգ, որտեղ ընտրությունների երկրորդ փուլ չի նախատեսվում։ Ի դեպ, Երեւանում հուլիսի 1-ին՝ Ժողովրդավարության հայկական երրորդ համաժողովի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՔՊ-ն եւս կողմ է կայուն մեծամասնություն ձեւավորելու պահանջից հրաժարվելուն: Դանիել Իոաննիսյանը կարծում է, որ նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու, քանի որ այս գործընթացը դեռ անցնելու երկար փուլեր ունի. նախ ԱԺ-ում պետք է քննարկվի, այնուհետեւ դրվի հանրաքվեի։ Մեկ անգամ եւս արձանագրենք, որ որքան էլ իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ ՀՀ Սահմանադրությունը մեր ներքին գործն է եւ որեւէ այլ երկիր չի կարող միջամտել, բայց Նիկոլ Փաշինյանը Հայաստանի մայր օրենքը «սրբագրելու» գործին ձեռնամուխ եղավ հենց Ալիեւի հոխորտանքներից հետո:
Մինչ «ՔՊ-ացած ԲՀԿ-ական» Սերգեյ Բագրատյանը ազնվության եւ օրինականության դասեր է տալիս ԱԺ ամբիոնից, երկրի իրավապահ մարմինները բառացիորեն փորձում են հասկանալ նրա՝ գիտությունների դոկտոր կնոջ հանքերի սկիզբը եւ վերջը։ Առավել ուսանելի է պատգամավորի կնոջ մասնագիտական աշխատանքի գրաֆիկը. Նաիրա Հակոբյանը 2023 թվականին հանդիսացել է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի, Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանի, Երեւանի պետական համալսարանի, Միջազգային գիտակրթական կենտրոնի, Սլավոնական համալսարանի աշխատակից։ Հակոբյանը եւս 2 վայրից (տե՛ս ցանկը ArmLur.am կայքում) ստացել է քաղաքացիաիրավական աշխատանքների եկամուտներ։ Արդյունքում՝ գիտությունն է տուժում թե հանքարդյունաբերությունը, հավանաբար կգնահատի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուսումնասիրությունը։