2024թ. հուլիսի 9-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ ՔՀ բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Երեւան քաղաքի Էրեբունի փողոցի շենքերից մեկի մոտ կրակոցներ են արձակում եւ վիրավոր քաղաքացի կա։
Նույն օրը ՝ ժամը 19։05-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երեւան քաղաքի 27-ամյա բնակիչը, ում առողջական վիճակը գնահատվում է բավարար։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ կրակոցներ արձակած անձի ինքնությունը, ով Երեւան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1998թ.։ Վերջինս նույն օրը հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ նրա գոտկատեղից ընկել է «SPORTSMAN CAL .25» գրառմամբ ատրճանակ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2024թ. հուլիսի 9-ին` ժամը 18։30-ի սահմաններում, 25-ամյա երիտասարդը վիճաբանել է 27-ամյա համաքաղաքացու հետ, որի ընթացքում իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ վերոնշյալ շենքի հարեւանությամբ գտնվող մայթեզրին հայտնաբերվել եւ վերցվել է 2 կրակված պարկուճ։ Հարցաքննվել են վկաներ, նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական, դատաքիմիական փորձաքննություններ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ քսանհինգամյա երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, եւ նրան մեղադրանք է ներկայացվել` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով։
Երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՏԱՎՈՒՇԸ ՆՈՐ ԴԱՏԱՎՈՐ ՈՒՆԻ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով, Վարդուհի Պապիկյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին եւ 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաեւ Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի հուլիսի 15-ի ԲԴԽ-72-Ո-137 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Վարդուհի Պապիկյանին նշանակել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,- ասված է հրամանագրում:
Դ. ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ
Դավիթ Սարգսյանն այժմ ազատության մեջ է։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարեց Ստեփանակերտի քաղաքապետին տնային կալանքի տակ պահելու որոշման դեմ մեր ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ բեկանելով Մասիս Մելքոնյանի կայացրած ապօրինի դատական ակտը եւ մերժելով քննիչի ներկայացրած միջնորդությունը»։
ՓԱՇԻՆՅԱՆԸ ՆԵՐՔԻՆ ՀՐԱՀԱՆԳ Է ՏՎԵԼ
Երեկ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը պաշտոնապես հայտնեց, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում նռնակի պայթյունի ու ոստիկանների ու քաղաքացիների բախման քրեական վարույթով նախաքննության ավարտ է հայտարարվել։ 14 մեղադրյալների մասով գործն ուղարկվում է դատարան։
Մեղադրյալներից 4-ը բանտային կալանքի տակ են (Կարմեն Մնացականյան, Ավետիք Ջիլավյան, Արմենակ Խաչատրյան, Լեւոն Սաֆարյան), մյուսները՝ տնային կալանքի։
Իրավիճակին արձագանքելով՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնեց նաեւ, որ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոչ մի ոստիկանի անգամ մեղադրանք չի առաջադրվել։
Փաստացի 1 ամիս է ինչ քննություն է իրականացվում հունիսի 12-ի դեպքերով, եւ որեւէ ոստիկան չի կանգնել պատասխանատվության առաջ:
Ու դատելով իրավիճակից՝ չի էլ կանգնի դատարանի առաջ: ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հանդիպում է ունեցել ոստիկանական համակարգի ներկայացուցիչների հետ ու հայտնել, որ իրենց կողքին է: Ավելին` մեզ հասած տեղեկություների համաձայն` վարչապետը այդ հանդիպման ժամանակ նաեւ անձամբ բանավոր հրահանգ է տվել ուժային կառույցների ղեկավարներին, որ որեւէ ոստիկանի որեւէ գործով չկալանավորեն:
Նա բացատրել է, որ եթե կալանավորման գնան, ապա ոստիկանների ոգին կկոտրեն, սակայն պետք չէ ոստիկաններին թեւաթափ անել: Ահա, հենց այս հրահանգի հետեւանքով` մինչեւ օրս ապրիլից մեկնարկած շարժման անդամների նկատմամբ բռնության դեպքով որեւէ ոստիկանի պատասխանատվության չեն կանչել:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ կիրառվել էր անհամաչափ ուժ՝ օգտագործվել էր «Զարյա 3» տեսակի նռնակ, որի հետեւանքով բազմաթիվ քաղաքացիներ տարբեր աստիճանի վնասվածքներ եւ վիրավորումներ էին ստացել:
Միջադեպից հետո մեղադրանք է առաջադրվել 14 քաղաքացու, սակայն ոչ մի ոստիկանի:
Ք. Մ.
«ՏԱՐՎԱ ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ»
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարմյանի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ճանաչվել է «Տարվա մամուլի քարտուղար»:
Նա այդ անվանակարգում հաղթող է ճանաչվել Հայկական PR ասոցիացիայի կողմից կազմակերպված 2024թ. «Հայկական PR մրցանակաբաշխության» շրջանակներում` մասնագիտական հանձնաժողովի կողմից:
ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄ՝ ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ
Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչ Դավթյանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի պետ:
Հրաչ Դավիթի Դավթյանի կենսագրություն
Ծնվել է 1983թ. փետրվարի 26-ին, Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում:
2005թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը:
2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Աշխատանքային գործունեություն
2007-2008թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ /ի հաշիվ ՀԿԳ ավագ քննիչի/,
2008-2012թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի քննիչ,
2012-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ,
2014թ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ,
2014-2016թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ,
2016-2018թթ.` Արարատի մարզի դատախազության դատախազ,
2018-2020թթ.` Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ,
2020-2021թթ.` Երեւան քաղաքի դատախազության դատախազ,
2021-2023թթ.` Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալ,
2023թ.` Արարատի մարզի դատախազի տեղակալ,
2023թ.` ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի անվտանգության ապահովման բաժնի պետ, ապա ներքին անվտանգության բաժնի պետ:
Պարգեւներ
Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգեւներով:
Այլ տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա: