ՅՈՒՆԵՍԿՕ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությանը:

 

Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը:

ԿԳՄՍ նախարարը կարեւորել է բոլորովին վերջերս՝ հունիսի 16-22-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության փորձագետների այցը Հայաստան: 4 փորձագետներից կազմված առաքելությունը հունիսին երկու սեմինար է անցկացրել Հայաստանում՝ «Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական կրթության եւ ուսուցման կառավարման եւ ֆինանսավորման վերաբերյալ տեխնիկական ուղեցույցների տրամադրում» եւ «Հմտությունների պրոֆիլավորման եւ աշխատանք փնտրելու տեխնիկական գործիքի ներդրում» թեմաներով, որը նախատեսված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների եւ աշխատանք փնտրող քաղաքացիների համար:

Սեմինարներն անցկացվել են ՄԿՈՒ ոլորտում քաղաքականություն մշակող եւ իրականացնող, ինչպես նաեւ շահագրգիռ կողմ հանդիսացող ներկայացուցիչների մասնակցությամբ: Զուգահեռ կայացել են նաեւ ՄԿՈՒ ոլորտի երկկողմ ձեւաչափով նախատեսված հանդիպումներ:

«Մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտը մեր ամենակարեւոր ուղղություններից է: Արդեն ստացել ենք փորձագետների հաշվետվությունն ու առաջարկությունները, որոնք իսկապես արժեքավոր են մեզ համար»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու կարեւորել այն աջակցությունը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները տրամադրում են հմտությունների պրոֆիլավորման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման ռազմավարության կարեւոր թիրախները՝ նշելով, որ ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտները պետք է աշխատաշուկայում մրցունակ լինեն եւ կարողանան մասնագիտական զբաղվածություն ունենալ: Այս թիրախի ապահովման նպատակով իրականացվող շարունակական աշխատանքներից նախարարը կարեւորել է հատկապես օրենսդրական բարելավումները միկրո որակավորումների եւ կրթության ներառականության ուղղությամբ աշխատանքները։ ԿԳՄՍ նախարարը կարեւորել է նաեւ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության ապահովման հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ի տրամադրած աջակցությունը: Մասնավորապես, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնն իրականացնում է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ընդգրկումը կրթական գործընթացում նրանց հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը: ՀՄԿ-ի կողմից շուրջ 632 հոգեբանների համար կազմակերպվել է վերապատրաստման դասընթացների առաջին փուլը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինին շնորհակալություն է հայտնել  ընդունելության համար եւ կարեւորել Հայաստանի կրթական համակարգում իրականացվող մեծածավալ բարեփոխումներն ինչպես մասնագիտական կրթության եւ ուսուցման, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտներում: Ստեֆանիա Ջիաննինին արդյունավետ է գնահատել Հայաստանի ջանքերը՝ ուղղված մարտահրավերային իրավիճակների հաղթահարմանն ու այդ համատեքստում կրթության իրավունքի իրացման գերակայությանը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթության հարցերով տեղակալը պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը նշված բոլոր ուղղություններով:

 

 

 

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

 

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում բացվել է «Նոր գույներ» խորագրով երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն։ Կենտրոնը ռուս-հայկական բարեկամության ամրապնդման եւս մեկ քայլ է։ Այն բացվել է Հաղորդակցության զարգացման ազգային գիտահետազոտական ինստիտուտի (ծԼԼՀԽ) աջակցությամբ եւ Հաղորդակցությունների զարգացման միջազգային ինստիտուտ (ԾԼՀ) հիմնադրամի մարդասիրական ծրագրերի իրականացման շրջանակներում։

 

2023 թվականի դեկտեմբերին Գյումրիում (Հայաստան) անցկացվել էր երիտասարդ առաջնորդների համաժողով, որի հաղթողն էր Արմավիրի թիմը, որն առաջարկել էր նման կենտրոն ստեղծելու գաղափար։

Եվ ահա, գաղափարն արդեն իրականություն է։

Կենտրոնի բացման արարողությանը մասնակցել են ԾԼՀ հիմնադրամի տնօրեն Գագիկ Ալոյանը, պետական իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մարզի բնակիչներ։

Ողջույնի խոսքում Գագիկ Ալոյանը շնորհակալություն է հայտնել ծԼԼՀԽ-ին՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ մշակութային եւ կրթական կապերի ամրապնդմանն ուղղված հիմնադրամի մարդասիրական ծրագրերին աջակցելու համար եւ հույս է հայտնել հետագա արդյունավետ համագործակցության համար։

Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանը շնորհավորել է բնակավայրի բնակիչներին։ Լուկաշին համայնքի ղեկավար Գեւորգ Զեյնալյանը նույնպես նշել է նոր կենտրոնի կարեւորությունը տեղի բնակչության համար։ «Վստահ եմ, որ «Նոր գույներ» կենտրոնը կդառնա մատաղ սերնդի մշակութային փոխանակման եւ կրթական գործունեության առանցքային օղակը՝ նպաստելով Ռուսաստանի եւ Հայաստանի ժողովուրդների փոխըմբռնմանը, հարգանքին եւ բարեկամությանը»,-նշել է նա իր խոսքում։

Կենտրոնը նախատեսում է կազմակերպել միջոցառումներ, որոնք կդառնան վառ իրադարձություններ ոչ միայն Լուկաշին գյուղի, այլեւ ողջ տարածաշրջանի մշակութային կյանքում։ Երեխաներն այստեղ կզբաղվեն արվեստով, կսովորեն պատմություն եւ գրականություն: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ռուսաց լեզվի եւ մշակույթի ուսումնասիրությանը:

 

ՕԽ ՋԱՀԻ ՓՈԽԱՆՑՈՒՄԱՎԱԶՔ

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանը մասնակցել է Օլիմպիական խաղերի կրակի փոխանցումավազքին:

Էլմիրա Կարապետյանը Փարիզ-2024-ի ջահով վազել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Օ դը Սեն երկրամասի Վիլեր Կոտրեն համայնքում:

Հայաստանը Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին կունենա 15 մասնակից` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը (հենացատկ), Վահագն Դավթյանը (օղակներ), ըմբիշներ Սլավիկ Գալստյանը (հունահռոմեական ոճ, 67 կգ), Մալխաս Ամոյանը (հունահռոմեական ոճ, 77 կգ), Արթուր Ալեքսանյանը (հունահռոմեական ոճ, 97 կգ), Արսեն Հարությունյանը (ազատ ոճ, 57 կգ), Վազգեն Թեւանյանը (ազատ ոճ, 65 կգ), ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Վարազդատ Լալայանը (+102 կգ),  բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը (+92 կգ), լողորդներ Արթուր Բարսեղյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:

 

ՓԱՐԻԶ-2024-Ի՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԱԿԱԿԻՐՆԵՐԸ

Հայաստանի դրոշակակիրները Փարիզի Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ կլինեն բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը եւ լողորդ Վարսենիկ Մանուչարյանը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է օլիմպիական հավաքականին, որը մասնակցելու է Փարիզ-2024-ին:

«Դժվարին ճանապարհ եք անցել եւ եկել եք, հասել Օլիմպիական խաղերին: Ինձ մնում է ձեզ հաջողություն մաղթել: Դուք Օլիմպիական խաղերում Հայաստանի դեսպաններն եք: Եկել է հաղթանակներով մեր ազգին ուրախացնելու պահը: Հաղթանակներով պետք է ձեր ձեռագիրը թողնեք պատմության մեջ»,-ասել է Ծառուկյանը:

Գործկոմի ընդլայնված նիստում որոշվեց, որ Հայաստանի օլիմպիական թիմի դրոշակակիրները  կլինեն Դավիթ Չալոյանը եւ Վարսենիկ Մանուչարյանը:

 




Լրահոս