ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը խորհրդարանի պատգամավոր է ընտրվել 2021 թվականի հունիսի 20-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Մինչ պատգամավոր դառնալը Խանդանյանը, ինչպես պատգամավորների մեծամասնությունը, նախկին լրագրող է եղել։ Նա 2010-2015 թվականին աշխատել է «Սիվիլիթաս» հիմնադրամի «ՍիվիլՆեթ» առցանց հեռուստաալիքի լրագրող, «Ժողովրդի ձայնը» հաղորդաշարի հեղինակ: 2014-2015 թթ-ին եղել է «Change.org» կազմակերպության Արեւելյան Եվրոպայի գրասենյակի մեդիա արշավների, հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու, մասնակցել է «Հրանտ Դինք» հիմնադրամի «Սահմաններից վեր» փորձի փոխանակման ծրագրին:
2015-2016 թթ-ին եղել է Հայկական բարեգործական ընդհանուր միության հաղորդակցության եւ հանրային կապերի պատասխանատու:
Քաղաքականություն է եկել 2018 թվականի հեղափոխությունից հետո և, ինչպես շատ ՔՊ-ականներ, ձեռք է բերել և դարձել անշարժ գույքի սեփականատեր։
2023 թվականի հաշվետու տարվա անշարժ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրի համաձայն՝ Սարգիս Խանդանյանը տարեսկզբին հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն և 1 բնակարան բազմաբնակարան շենքում համատեղ սեփականությամբ, որոնք գտնվում են Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում՝ ձեռք բերված 1991 և 1995 թվականներին։
Տվյալ տարվա ընթացքում՝ 2023 թվականին, պատգամավորը ձեռք է բերել նոր բնակարան և ավտոկայանատեղի միանձնյա սեփականությամբ, որը գտնվում է Երևան քաղաքում և արժեցել է 29․8 մլն դրամ։
Անշարժ գույքը ձեռք է բերվել «Միկշին» ՍՊԸ-ից, որի հիմնադիրը՝ Տիգրան Հարությունյանը, ինչպես Հետքը գրել էր, նախկինում եղել է «Փարքինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի սեփականատերը, որն այժմ պատկանում է համայնքին։ Հավելենք, որ թերթը գրել էր՝ Տիգրան Հարությունյանը ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին է եւ ԱԺ նախկին (2017-2019 թթ.) պատգամավոր, ՀՀԿ-ական Վահան Հարությունյանի եղբայրը:
Խանդանյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
Պատգամավորի հանձնված և վերադարձված փոխառությունները ՀՀ Քաղաքաշինության կոմիտեից տարեսկզբին կազմել են 4,2 մլն դրամ, սակայն տարեվերջին զրոյացել են։
Սարգիս Խանդանյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 3,6 մլն դրամ։
Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 18 մլն 152 հազար դրամ, որից 11 մլն 685 հազար դրամն աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից, 4 մլն 296 հազարը վարկ է «Արդշինբանկ» ՓԲԸ-ից։ Եկամուտների 2 մլն 170 հազար դրամը պատգամավորը տացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից, որը եկամտահարկի վերադարձի օրենքով բնակարանի և ավտոկայանատեղիի հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է, իսկ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը, որը բնակարանի և ավտոկայանատեղիի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 25 մլն 543 հազար դրամ։
Էմմա Միքայելյան