Ո՞վ է Արաբկիրի նորանշանակ թաղապետը և ինչ ունեցվածք ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը գրել էր, որ հուլիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ էր նշանակվել Սուրեն Վարոսյանը:

Իսկ ո՞վ է Սուրեն Վարոսյանը․

Վարոսյանը մինչ թաղապետարանում հայտնվելն աշխատել է մի շարք պատկան հաստատություններում՝ պարբերաբար ստանձնելով տարբեր հաստիքներ։ Օրինակ՝  2014-2018 թվականներին աշխատել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունում՝ որպես առաջին կարգի մասնագետ:

2018-2020 թվականին աշխատել է ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ:
2020-2021 թվականներին եղել է ՀՀ փոխվարչապետի արարողակարգի պատասխանատուն, 2021-2024՝ ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատուն, 2024-2024՝ ՀՀ ԱԳՆ Պետական արարողակարգի ծառայության պետի տեղակալը:

Բանն այն է, որ վարչապետի՝ հունվարի 30-ին կայացրած որոշման համաձայն Սուրեն Վարոսյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից։
Հունվարին ազատվել է պաշտոնից, սակայն պաշտոնատար անձի պաշտոնը դադարեցնելու մասին հայտարարագիր չի ներկայացրել Սուրեն Վարոսյանը:

Այնինչ, 2023 թվականի մայիսի 24-ին Սուրեն Վարոսյանը ներկայացրել է պաշտոնատար անձի՝ 2023 թվականի եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի և շահերի հայտարարգիր։  Ըստ Վարոսյանի հայտարարագրի՝ նա չի հայտարարագրել որևէ անշարժ գույք, իսկ տարեսկզբին որպես տրանսպորտային միջոց հայտարարագրել է 2000 թվականի Opel մակնիշի մեքենա, որը ձեռք է բերել 2014 թվականին։ Սույն մեքենան տարեվերջին օտարել է Սուրեն Վարոսյանը, սակայն օտարման եղանակը չի նշել, սա վաճառք է, թե՝ նվիրատվություն, հայտարարագրից պարզ չէ։

Սուրեն Վարոսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 9,5 մլն դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 250 հազար դրամ և 1,5 հազար դոլար։

Վարչապետի արարողակարգի նախկին պատասխանատուի տարեկան եկամուտները կազմել են 15 մլն 370 հազար դրամ, որը ստացել է հենց Վարչապետի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն։

Էմմա Միքայելյան




Լրահոս