ՁՄՌԱՆՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ձմեռն արդեն թակել է մեր դուռը, եւ գնալով եղանակը ցրտում է, այդ պատճառով էլ փորձեցինք պարզել, թե մարդիկ որքան գումար են կանխատեսել կոմունալ մուծումների համար, քանի որ եթե ամռանն ու աշնանը քաղաքացիները քիչ գումար են տրամադրում կոմունալ մուծումների համար, ապա ձմռանն այդ գումարը կրկնապատկվում-եռապատկվում է:   
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում թիվ 0046 փոստային բաժանմունքի պետ Սոնա Մարգարյանը  տեղեկացրեց, որ ձմռան երեք ամիսներին քաղաքացիներն ավելի շատ են կոմունալ մուծումների համար գումար տրամադրում, քան տարվա մնացած եղանակներին: «Մեզ մոտ մուծումներն ընթանում են նորմալ պայմաններում, քաղաքացիների կողմից չունենք դժգոհություններ: Նույնիսկ կարող եմ ասել, որ անջատումներ էլ չեն լինում: Փորձում ենք հարմարվել քաղաքացիների հետ: Անգամ  քաղաքացիների բողոքներն են քչացել»,-ասաց Ս.Մարգարյանը: Վերջինս տեղեկացրեց, որ կան նաեւ այնպիսի մարդիկ, որոնք ուշացնում են մուծումները, քանի որ ուշանում են նաեւ նրանց աշխատավարձերը: Բայց իրենք փորձում են ընդառաջել քաղաքացիներին:
Ըստ փոստային բաժանմունքի պետի` մուծումները սկսվում են ամեն ամսվա 10-ից եւ շարունակվում մինչեւ ամսվա վերջ: Այնպես որ, քաղաքացուն մնում է միայն ժամանակին կատարել կոմունալ վճարումները, որպեսզի խուսափի  անջատումներից: Ս.Մարգարյանի խոսքերով`  ձմռան  ամիսներին միայն գազի եւ էլեկտրաէներգիայի համար մարդիկ միջինը վճարում են 15000-20000 դրամ: Մեր այն հարցին, թե արդյոք կոմունալ վարձավճարների թանկացում է սպասվում, Ս.Մարգարյանը պատասխանեց, որ իրենք դեռ նման տեղեկատվություն չունեն, իսկ նման լուրերի առկայությունն էլ պայմանավորեց հունվարին սպասվելիք թոշակների բարձրացմամբ:
«Ժողովուրդ»-ը փորձեց նաեւ քաղաքացիներից ճշտել, թե որքան գումար են նախատեսել վճարումների համար, ինչպես են պատրաստվում վճարել օգտագործված գազի եւ  էլեկտրաէներգիայի գումարները: Նրանք նշեցին, որ վճարումների համար կոնկրետ գումար չեն նախատեսում, քանի որ միշտ էլ նախատեսվածից ավելի է լինում, եւ իրենց մնում է միայն կատարել այդ վճարումները:
Քաղաքացի 40-ամյա Անահիտը մեզ հետ զրույցում ասաց. «Հենց աշխատավարձ եմ ստանում կամ բերում են մայրիկիս թոշակը, առաջին հերթին փորձում ենք վճարումներն անել, նոր տակն ինչ մնում է` թողնում ենք հացի փող: Մի քանի տեղ հավաքարարություն անելով` հազիվ եմ կարողանում ծերը ծերին հասցնել, եւ ես ու մայրս մի կերպ ապրում ենք»:
Իսկ քաղաքացի Աղավնի Քոչինյանը, ով երեք երեխա ունի եւ մեկնել է Մոսկվա արտագնա աշխատանքի,  նշեց, որ ձմռան այս ամիսներին իր թոշակառու ծնողները ավելի շատ հոսանքի եւ գազի վճարումներ են կատարում, քան հեռախոսի ու ջրի:  «Ծնողներս դրսից օգնող չունեն, եւ նույնիսկ ցանկություն չունենք դիմել  «Փարոս»-ին, քանի որ մեզանից ավելի վատ ապրողներ էլ կան, ու հետո  էդ ո՞վ պետք է մեզ օգնի, ո՞վ է մեզ լսելու, միայն ավելորդ ներվայնանալու ենք,-ասաց Ա.Քոչինյանը եւ հավելեց,-ինքս իմ երեք երեխաների հետ հիմա բնակվում եմ Մոսկվայում, որ կարողանամ էնտեղի աշխատավարձով յոլա գնալ, որովհետեւ էստեղի աշխատավարձով ինչպես ես, այնպես էլ ոչ մի քաղաքացի յոլա չի կարողանում գնալ: Ես խնդրում եմ մեր երկրի ղեկավարներին` մի քիչ ավելի շատ հոգատարություն ցուցաբերեն իրենց քաղաքացիների, հայ ազգի ապագայի հանդեպ, որ մարդիկ դադարեն արտագաղթել»:

ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ




Լրահոս