Հերթական անգամ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն անորոշության և զարմանքի մեջ է թողնում իր բաժանորդներին՝ ոտնահարելով վերջիններիս իրավունքները։
Ավելի վաղ ArmLur.am-ը գրել էր, որ ահազանգեր են ստանում այն մասին, որ ջրամատակարարումը հաճախակիորեն դադարեցվում է, սակայն սա դեռ ամենը չէ։
ArmLur.am-ը նաև գրել էր, որ ծորակից հոսող ջուրը, մեղմ ասած, օգտագործելու ենթակա չէ։ Օրինակ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում որոշ քաղաքացիներ ծորակը բացելուց տեսել են, որ ջուրը թանաքագույն է և/կամ բաց կապույտ երանգով։
Որոշ հասցեներում էլ ջուրը ժանգոտ է հոսում, հատկապես՝ ջրամատակարարման վերականգնումից ժամեր անց։
ArmLur.am-ն այս հարցով դիմել էր «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին՝ պարզելու՝ ո՞րն է այս ամենի խնդիրը, ինչո՞ւ է խմելու ջուրն օգտագործման ոչ ենթակա, որտեղից էլ մեզ հորդորել էին գրավոր հարցմամբ դիմել։
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ից ստացել ենք մեր գրավոր հարցման պատասխանը, որում մասնավորապես ասվում է․
«Ջրամատակարարումն իրականացվում է համաձայն 2024 թվականին հաստատված ժամանակացույցի, որին սպառողները կարող են ծանոթանալ «Վեոլա ջուր» ՓԲԸ պաշտոնական կայքէջում։
Տեղեկացնում ենք, որ ջրամատակարարման ընդհատումները կապված են լինում պլանային և վթարավերականգնողական աշխատանքների իրականացման հետ, ինչի մասին բաժանորդները պատշաճ կերպով ծանուցվում են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30․11․2016թ․ թիվ 378-Ն որոշմամբ սահմանված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների գլուխ 13-ի դրույթներին համապատասխան։ Ջրանջատումներից խուսափել հնարավոր չէ, քանի որ անգամ ամենաարդիական տեխնիկական վիճակում գտնվող ջրամատակարարման համակարգերն ապահովագրված չեն վթարներից, իսկ պլանային ջրանջատումները կատարվում են հետագա վթարային իրավիճակները կանխարգելելու նպատակով։
Տեղեկացնում ենք նաև, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող խմելու ջուրը գտնվում է ամենօրյա լաբորատոր հսկողության տակ՝ համաձայն ՀՀ սանիտարական նորմերի կանոնների և պահանջների»։
Ահա այսպես, հերթական անգամ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն բավարար պատասխան չտվեց ArmLur.am-ի հղած հարցերին։
Թե ինչո՞ւ է խմելու ջրի փոխարեն հոսում թանաքագույն կամ ժանգոտ ջուր՝ այդ հարցի պատասխանը ոչ ոք չտվեց։
Աննա Սրապիոնյան