Միջերկրածովյան ամենավառ երկրներից մեկը, արաբական միակ քրիստոնյա պետությունը, որի մայրաքաղաքը հայտնի է որպես արեւելքի Փարիզ, առանձնանում է իր տեսակով, բնույթով եւ մշակույթի ու ժամանցային վայրերի հետքրքիր խառնուրդով:
Լիբանան. ահա թե որ երկիրն է գրավում բազմաթիվ զբոսաշրջիկների:
Եկեք միասին ճանապարհորդենք Լիբանանում եւ ուսումնասիրենք այն վայրերը որտեղ պարտադիր պետք է սնվել, միաժամանակ խոսելով նրա մասին, թե ինչ պետք է փորձել՝ զգալու լիբանանյան խոհանոցի համը:
Լիբանանի «համը» զգալու համար պետք է ուտել լիբանանյան ուտելիքներ. անպայման եղեք Ժյունիի ծովափերում, որտեղ կարող եք վայելել Միջերկրական ծովի ձկնաշխարհը: Արեւելքի Փարիզի երեկոյան շունչը զգալու համար այցելեք Մար Մխայել. սա Բեյրութի ամենագունագեղ փողոցներից է, որը երեկոյան վերածվում է բացօթյա ժամանցային գոտու՝ երաժշտություն, խմիչք, լույսեր: Հաջորդը Դբբայե գյուղն է, որը հիանալի վայր է երեկոյան ժամանցի համար: Եթե երեկոյան ժամանցի սիրահար եք, ապա հենց այստեղ կգտնեք կողք կողքի բազմաթիվ բարեր, փաբեր եւ ռեստորաններ, որտեղ կարելի է մինչեւ լույս ուրախանալ:
Պետք է անպայման այցելել հայկական Այնճար գյուղ եւ ճանապարհին մտնել Շթորա գյուղի ագարակ՝ վայելելու լիբանանյան քամած մածունով բրդուճները (սենդվիչ): Եթե հասել եք Այնճար, ապա անպայման եղեք Բաալբեքի ավերակներում, որի մոտակայքում կարող եք ուտել տարածաշրջանին բնորոշ սֆիհաները. վստահեցնում եմ համը շատ երկար կմնա բերանում:
Պաղպաղակի սիրահարները պետք է անպայման փորձեն գրեթե բոլոր խանութներում առկա սառույցե պաղպաղակները եւ, որ ամենակարեւորն է, արաբական «ծեծած» պաղպաղակը, որը պատված է պիստակով: Պետք չէ մոռանալ Մար Մխայելում գտնվող «Frooza Booza» պաղպաղակի խանութը, որտեղ կարելի է համտեսել տեղում պատրաստվող պաղպաղակ:
Եթե ցանկանում եք օրն ավարտել լիբանանցիների պես, ապա երկար երեկոյից ու վայելքներից հետո՝ կեսգիշերն անց, անպայման վայելեք «Sea Sweet» քաղցրավենիքի խանութի հայտնի պանիրով քնաֆեն: Եթե առաջին անգամ եք ուտելու, ապա նախընտրությունը տվեք կես հատին՝ հազիվ կարողանաք ավարտել այն:
Նախաճաշելիս ընտրեք արաբական եւ հենց բուն լիբանանյան խոհանոցին հատուկ սնունդ: Կարող եք փորձել «մանաիշ» կամ «ֆաթայեռ»: Առաջինը ծիթրոնի եւ համեմունքների խառնուրդից պատրաստված թխուկ է, որը պիցցայի տեսք ունի, իսկ երկրորդը՝ պանիրով պատրաստված թխուկ է: Ինչպես նաեւ պարտադիր փորձեք լիբանանյան «քա՛աք» հացիկները: Նախաճաշը կարելի է ամբողջական դարձնել մեխակով եւ դարչինով համեմված մեկ բաժակ սեւ թեյով, քամած մածունով, լոլիկով, վարունգով եւ տեղական թել-պանրով:
Լանչի համար կարող եք այցելել բուն լիբանանյան խոհանոց եւ փորձել «ֆուլ» (պատրաստվում է բակլայից) կամ «ֆաթթե» (պատրաստվում է սիսեռից եւ թահինից), որոնք հագեցնող եւ հետաքրքիր ուտեստներ են: Դրանից հետո մինչեւ ուշ երեկո ուտելու ցանկություն չեք ունենա:
Ճաշելիս նախապատվությունը տվեք լիբանանյան խոհանոցի համեղագույն աղցաններից «թաբբուլեին» եւ «ֆաթթուշին», նախուտեստներից «հմմոսին», «մթաբբալին» եւ «մհամմարային», «յալանջիին» (ձեթով, առանց մսի սարմա), պանիրով տապակված պյորեկներին եւ «փաթաթա հառռային» (թարգմանաբար՝ տաք կարտոֆիլ): Որպես հիմնական ճաշ կարող եք ընտրել քյուֆթեի տարբեր տեսակներ, «շիշ թաուկ», քեբաբ՝ նախապատվությունը տվեք սմբուկով քեբաբին: Եթե ցանկանում եք սնվել արագ եւ մատչելի, ապա փորձեք իսկական արաբական «լեհմեջուն» կամ «շաուրմա». հավատացնում եմ արաբական որեւէ երկրում վերջիններս փորձելուց հետո կզգաք, որ առաջին անգամ եք ուտում:
Ընթրիքին կարող եք վայելել արաբական քաղցրեղեն՝ «մահլաբիյե», եթե կաթի սիրահար չեք, ապա մի փորձեք, «մղլի», որը պատրաստվում է բրնձի փոշուց եւ համեմունքներից, յուրահատուկ համ ունի, «աշթա». կաթի սերից պատրաստված այս քաղցրը միայն արաբական աշխարհին է հատուկ կամ «քնաֆե», որը պարզապես փորձել է պետք:
Հուրի Բաղդասարյան