ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցը` Facebook-ը, բավական մեծ տարածում ունի մեր երկրում եւ կարծես թե դարձել է Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորման խթանիչ ուժերից մեկը: Սոցիալական այս ցանցի հայկական տարածությունն աչքի է ընկնում իր քաղաքական ակտիվությամբ, այստեղ իրենց անձնական էջերն ու հաշիվներն ունեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը (12,426 հավանողեր), ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը (22,754 հավանողներ), ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը (1051 հավանողներ), Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ պատգամավորներ, հայտնի մարզիկներ եւ հասարակական-քաղաքական գործիչներ:
Ի տարբերություն իրական կյանքի` վիրտուալ աշխարհում կարելի է ազատ շփվել  իշխանավորների ու հայտնի մարդկանց հետ, ուղղել հարցեր, որոնք հիմնականում ստանում են իրենց պատասխանները: «Ֆեյսբուք»-ը հիանալի հնարավորություն է նաեւ էլեկտրոնային լրատվամիջոցների համար: Բանն այն է, որ վերջիններիս նորությունները տարածվում են այս սոցիալական ցանցով, եւ լավ կազմակերպելու դեպքում հնարավոր է կայքի համար շատ արագ ապահովել բավական մեծ թվով մուտքեր: Այդպիսի հաջողված օրինակներից են neonews.am-ը, armlur.am-ը, haynews.am-ը եւ այլն: Տրամաբանական է, որ Facebook-ում կան նաեւ հայտնիներ եւ այսպես ասած, ուժեղ ֆեյսբուքիստներ: Այդպիսիք են, օրինակ, ARMENIA Today-ի գլխավոր խմբագիր Արգիշտի Կիվիրյանը, ով հայտնի է իր ընդդիմադիր, հաճախ էլ քաղաքական-հումորային մտքերով ու մեկնաբանություններով, բավական խոշոր լսարան ունի նաեւ Հ1-ի «Տեսանկյուն» հաղորդաշարի մեկնաբան Գեւորգ Ալթունյանը,  «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Արմեն Դուլյանը, ով ֆեյսբուքյան իր պատին հրապարակում է հետաքրքիր լուրեր, տեղեկություններ եւ լուսանկարներ, «Լրագիր» կայքի մեկնաբան Հակոբ Բադալյանը եւ իր «ստատուսներն» անուշադրության մատնածներից երբեմն նեղացող, news.am կայքի լրագրող Արտակ Եղիազարյանը:  
Վիրտուալ տարածության հայտնի դեմքերից է նաեւ Զոհրապ Եգանյանը (վերջինս ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանի օգնականն է), ում ֆեյսբուքյան պատին միշտ կարելի է տեսնել հետաքրքիր քննարկումներ` ուղղորդված  «հավանել» եւ «կիսվել» կոճակները սեղմածների բազմությամբ: Ժամանակ առ ժամանակ Եգանյանի էջի վրա կարելի է տեսնել նաեւ «շեֆի» ու ԲՀԿ-ի թաքնված կամ բացահայտ գովազդը: Հայտնի ֆեյսբուքահայերից են նաեւ բնապահպան Մարիամ  Սուխուդյանը, բլոգերներ Անի Սմբատյանը, Հայկ Խանումյանը, Անի Ջուլհակյանը, Սամվել Մարտիրոսյանը, Կարեն Վրթանեսյանը եւ ուրիշներ:  «Ֆեյսբուք»-ում կան նաեւ տարբեր անուններով ու հասարակական շարժումների կողմից ստեղծված խմբեր, ինչպիսին է, օրինակ, ամենամեծ` ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ կոչվող խումբը, որտեղ տեղադրվում են նորություններ եւ լրատվական կայքերի հղումներ: Խումբն արդեն ունի մոտ 28.000 անդամ:
«Ֆեյսբուք»-ն այսօր դարձել է մեր իրականության բաղկացուցիչ  մասը եւ հանրային  կարծիքի ձեւավորման գործում ունի թերեւս ոչ պակաս ազդեցություն, քան թերթերն ու էլեկտրոնային խոշոր լրատվամիջոցները: Նկատելի է նաեւ, որ այս սոցցանցը երբեմն դառնում է քարոզչության հնարավորություն` դրանից բխող բոլոր լավ ու վատ հետեւանքներով:
Վերջինիս դերն ավելի ազդեցիկ կդառնա առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ եւ, ամենայն հավանականությամբ, մենք ականատես կլինենք քաղաքական ուժերի ու գործիչների վիրտուալ ճակատամարտերին:

ԿԱՐԻՆԵ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ




Լրահոս