Մեկնարկում է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվելու է հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Երևանում և Տավուշի մարզում։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, աջակիցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Փառատոնի նպատակն է բացահայտել երիտասարդ և տաղանդավոր ստեղծագործողների, նպաստել նրանց մասնագիտական կարողությունների զարգացմանը, տարբեր երկրների երիտասարդ կինոգործիչների բարեկամական և ստեղծագործական կապերի ամրապնդմանը, նոր կինոսերնդի ձևավորմանը:

«Ուրախ ենք, որ աջակցում ենք այս կարևոր մշակութային ծրագրին։ Երևանի քաղաքապետարանը մեծ ուշադրություն է դարձնում կինոյին, այս ոլորտի զարգացմանը։ Արդեն 2-րդ տարին անընդմեջ քաղաքապետարանը ստանձնել է փառատոնի գլխավոր հովանավորչությունը»,- փառատոնի վերաբերյալ հրավիրված մամուլի ասուլիսին նշել է Երևանի քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետի տեղակալ Գևորգ Սահակյանը:

Կինոփառատոնի ընթացքում կանցկացվեն ստեղծագործական հանդիպումներ, դիտում-քննարկումներ, վարպետության դասեր, կլոր սեղաններ, շնորհանդեսներ: Փառատոնի բոլոր միջոցառումների մուտքն անվճար է։ Հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու միջազգային հեղինակավոր կինոփառատոների մրցանակակիր կարճամետրաժ ֆիլմերը:

«Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 7-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի ստացել է 700-ից ավել հայտ 85 երկրից։ Մրցութային ծրագրում ընդգրկվել է 46 ֆիլմ՝ 20 երկրից: Փառատոնի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի մրցանակակիր, դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ Սերժ Ավետիքյանը»,- նշել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի տնօրեն Գուժ Թադևոսյանը:




Լրահոս