Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 2-ին։ Գնել Սանոսյանը մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը որեւէ կապ չի ունեցել քաղաքականության հետ, սակայն 2018 թվականի մայիսին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, մինչեւ նույն թվականի հոկտեմբեր զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնը։ Փոխնախարարի պաշտոնը լքելուց հետո՝ Սանոսյանը 2018-2021 թվականներին եղել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, ապա 2021 թվականի օգոստոսին նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։
Գնել Սանոսյանը 2023 թվականի՝ անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրում անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն 2021 թվականի հայտարարագրում տեսնում ենք, որ Սանոսյանն ունի 3 հողամաս եւ 1 անհատական բնակելի տուն Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում։ 2022 թվականի հայտարարագրից հասկանում ենք, որ Սանոսյանը նախորդ տարի սեփականության իրավունքով իրեն պատկանող 4 անշարժ գույքը նվիրատվությամբ փոխանցել է եղբորը՝ Վահան Սանոսյանին։
Նախարար Գնել Սանոսյանի բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբին կազմել են 2 մլն 916 հազար դրամ, տարեվերջին՝ դարձել 830 հազար դրամ։
Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 150 հազար ռուբլի եւ 7,2 մլն դրամ, տարեվերջին՝ 10 մլն դրամ։
ՏԿԵ նախարարի՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 26 մլն 289 հազար դրամ, որից 19 մլն 770 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ՏԿԵ նախարարությունից։ Նախարարը դասախոսական աշխատանքի համար «ՄԱՐՏԻԳ» Արտաքին տնտեսական կապերի համալսարանից ստացել է 10 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։
Նախարարը 2023 թվականին եղբորից՝ Վարդան Հենզելի Սանոսյանից, ստացել է 1 մլն ռուբլի գումար։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը, հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել է 41 մլն 473 հազար դրամ, որը բազմաբնակարան շենքում գտնվող բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի համար հաշվետու տարում Սանոսյանը ՀՀ ՊԵԿ-ից ստացել է 2 մլն 218 հազար դրամ գումար, որն էլ, եկամտահարկի վերադարձի օրենքով, հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։
Սանոսյանի՝ հանգստի համար կատարած ճանապարհածախսերը կազմել են 4,2 մլն դրամ, վարկերի մարմանն ուղղել է 6 մլն դրամ։
Սանոսյանի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է ՀՀ ՏԿԵ նախարարության ենթակայության տակ գտնվող «Ճանապարհային Դեպարտամենտ» հիմնադրամում՝ որպես անձնակազմի կառավարման բաժնի ավագ մասնագետ, որի համար ստացել է գրեթե 4,5 մլն դրամ աշխատանքի վարձատրություն։
Հիշեցնենք, որ «Հետքը» հոդված էր հրապարակել, որի համաձայն՝ ՏԿԵ նախարարի թոշակառու մայրը 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում, ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հայտնեց, որ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն կառուցելու փաստով ստուգումներ են իրականացվում։
Հավելենք, որ Գնել Սանոսյանը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։
«Սարգիս Կարոլինա» ընկերության հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Սարգիս Թարվերդյանը երեկ՝ հուլիսի 18-ին, վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի նամակ-պահանջով 10 մլն դրամի նվիրատվություն է արել հիմնադրամին: Այս տեղեկությունը հաստատեցին նաեւ «Իմ քայլը» հիմնադրամից՝ հավելելով, որ փոխանցումը արվել է ոչ թե ընկերության, այլ անձամբ գործարարի անունից: Իր հերթին էլ, Սարգիս Թարվերդյանն ասաց, թե սրտանց է դա արել. «Երբ մարդ բարեգործություն է անում, իր խղճի, իր Աստծո համար է անում՝ իր ազգին ու երկրին օգուտ տալու համար»։ Հարցին՝ վարչապետի տիկնոջ հիմնադրամից ուղարկված նամակի պահանջո՞վ է գումարը փոխանցել, Թարվերդյանը արձագանքեց. «Եկեք՝ չպատասխանեմ. եթե ուղարկում են, լավ են անում, ստանում ենք՝ լավ ենք անում: Դա իմ սահմանադրական իրավունքն է, ստանալ նամակ, ինչ-որ բան անել: Դա իմ իրավունքն է, ես, ի սրտե, ուրախ եմ, որ օգտակար եմ եղել ինչ-որ բանով»: Հավելենք, որ Շրի Լանկայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սարգիս Թարվերդյանը «Արարատ» սննդի կոմբինատի 65 % բաժնետոմսերի սեփականատերն է եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության խորհրդի անդամը։
Քաղաքական ընդդիմադիր դաշտը պատրաստվում է սեպտեմբերյան եռուզեռին: Ինչպես արդեն հայտնել ենք՝ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը պատրաստվում է աշնանը նոր թափով վերսկսելու հանրահավաքները եւ ակցիաները: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ քննարկվել է, որ շարժման հիմնական մարտավարությունը լինելու է երիտասարդությանը եւ տարբեր ոլորտների կարկառուն ներկայացուցիչներին, այլ կերպ ասած՝ ազգի հիմնական շարժիչ ուժին գործողությունների մեջ ներգրավելը: Հենց այդ նպատակով էլ Բագրատ Սրբազանը, մարզեր այցերին զուգահեռ, այս օրերին փակ հանդիպումներ է ունենում դասախոսների, մշակույթի եւ այլ ոլորտների տարբեր ներկայացուցիչների հետ, որպեսզի սեպտեմբերից շարժումը ավելի ընդլայնվի, եւ զուտ քաղաքական պայքարից դառնա համաժողովրդական: Դե իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչների եւ փորձագետների հետ հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Նշենք, որ սեպտեմբերից, հանրահավաքներին եւ ակցիաներին զուգահեռ, ԱԺ նիստերը նույնպես սկսվում են, եւ քաղաքական թեժ մթնոլորտը առաջիկայում ապահովված կլինի:
Ազգային ժողովի՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը խորհրդարան է եկել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո։ Մինչ այդ՝ 2018 թվականի սեպտեմբերից միչեւ 2019 թվականի հունվար, եղել է Երեւանի ավագանու անդամ՝ «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով։ Սոնա Ղազարյանի քաղաքական կարիերան սկսվել է հենց հեղափոխությունից հետո. այն բարենպաստ էր Ղազարյանի համար։ Համաձայն պատգամավորի՝ 2023 թվականի անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրի՝ Սոնա Ղազարյանը հայտարարագրել է 2020 թվականին համատեղ սեփականությամբ ձեռք բերված բնակարան, որը գտնվում է Կոտայքի մարզի Առինջ գյուղում։ Տրանսպորտային որեւէ միջոց պատգամավորը չի հայտարարագրել։ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 2,5 մլն դրամ, հաշվետու տարվա եկամուտները՝ 12 մլն 219 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտներից 10 մլն 102 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը, հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել է 24 մլն 373 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է, որի համար էլ Ղազարյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 2 մլն 117 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։