Տարիներ տեւած բանակցություններից հետո՝ հուլիսի 17-ին Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով ի վերջո հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին, այս մասին հայտնել էր «Ազատություն»-ը։
«Ժողովուրդ» օրաթերթը սրա շուրջ զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ։
-Պարո՛ն Բադալյան , գիտենք, որ վիզաների ազատականացման գործընթացը, առհասարակ, բավականին երկար է տեւում, եւ այդքան էլ հեշտ գործընթաց չէ: Խնդրում ենք՝ որպես քաղտեխնոլոգ մեկնաբանեք, թե որքանո՞վ եք հավանական համարում: Ի՞նչ գործընթացներ պետք է լինեն այս մասով եւ որքա՞ն ժամանակում սա իրականություն կդառնա։
-Շատ պրոտոկոլներ կան։ Ազատ վիզայի ռեժիմի սահմանումը դեռեւս չի նշանակում, որ ով, երբ ուզի, կարող է գնալ ԵՄ որեւէ պետություն եւ որքան ցանկանա՝ մնա այնտեղ: Պետք է միանգամից ընդունվի վերադարձի ժամկետի սահմանման օրենք: Անձը որոշակի ժամանակով մեկնում է, եւ երբ այդ սահմանված վերադարձի ժամկետը լրանա՝ պետք է վերադառնա, հակառակ դեպքում կվտարվի եւ մուտքը ԵՄ տարածք կարգելվի:
Այսինքն՝ սա զուտ «Փի Ար» նշանակություն ունի, քան իրական, քանի որ այսօր էլ ԵՄ տարածքի որեւէ պետություն մեկնել ցանկացողները կարող են հանգիստ գնալ եւ վերադառնալ. իսկ այնտեղ աշխատանք ունենալու համար պետք է շատ դժվար գործընթաց անցնի անձը:
Առհասարակ, վիզաների ազատականացման հարցը երկար տարիների տեւական գործընթաց է, կարող է տասնհինգ քսան տարի տեւել, իսկ, թե ինչ կլինի Հայաստանի հետ այդ ընթացքում, ոչ ոք չգիտի: Կամ առհասարակ Հայաստանը կլինի, թե ոչ…:
-Այսինքն, Ձեր դիտարկմամբ, սա հերթական «Փի Ար» գործողությո՞ւնն է իշխանությունների կողմից՝ մեր հասարակության համար։
-Այո՛, իշխանությունը փորձում է ժողովրդին ցույց տալ, որ հիմա վիզաներն ազատականացնում ենք, վաղը գնալու ենք Եվրոպա ու Փարիզի կենտրոնում մեզ համար սուրճ խմենք: Եվ դա գինն էր՝ Արցախը հանձնելու:
-Անդամ 27 երկրների հավանությունից հետո հարցը պետք է դեռ հաստատման կդրվի ԵՄ Խորհրդում, ապա կփոխանցվի Եվրահանձնաժողովին. ըստ Ձեզ՝ որքան կտեւի այս գործընթացը:
-Երկար բանակցություններ, Արցախի հարցի ամբողջական լուծում, խաղաղության պայմանագրի ստորագրում: Իհարկե, դա չեն ասում, սակայն ավելի քան հստակ է, քանի որ Եվրոպական միությունը չի ցանկանում պատերազմող պետությունների հետ նման պայմանագրեր կնքել: Հետեւաբար այս ամբողջ խաղաղության գործընթացի փաթեթը պիտի ավարտվի եւ դրանից հետո տեսնենք՝ կկնքի, թե ոչ:
Հնարավոր է բանակցություններ սկսվեն եւ տեւեն երեսուն տարի, սակայն հենց այս իշխանությունը փոխվի, այդ հարցը կփակվի, քանի որ հաջորդող իշխանությունը գալու է Արցախն ազատագրելու: Ինչից հետո, իհարկե, Եվրոպական միությունն այդ հարցը նորից փակելու է. սա տարիներ պահանջող աշխատանք է:
-Ըստ Ձեզ՝ ԵՄ անդամ բոլոր պետությունները կհամաձայնե՞ն Հայաստանի հետ վիզաների ազատականացմանը, կհաստատե՞ն որոշումը։
-Դա էլ է դեռ քննարկման առարկա: Հենց դրա համար էլ սա տասնյակ տարիներ ձգվող գործընթաց է, իսկ մենք չգիտենք՝ հինգ օր հետո Հայաստանը կլինի, թե ոչ: Սա միայն ներքին «Փի Ար»-ի համար է:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԶՐԿԵԼ Է ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻՑ
Հայոց առաքելական եկեղեցու դեմ արշավը շարունակվում է։
Բագրատ Սրբազանին բացահայտ աջակցություն հայտնելուց հետո՝ Հայաստանի իշխանությունները զրկել են ՀԱԵ Վիրահայոց թեմին՝ կարմիր եւ կանաչ պետհամարանիշներից։
Վրաստանի Հայ համայնքի ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմում է.
«Մոտ մեկ ամիս է՝ նման խոսակցություններ կան, բայց վերջին օրերին հստակ իմացել եմ, որ զրկել են Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Կիրակոս եպիսկոպոս Դավթյանին, փոխառաջնորդին կարմիր համարանիշներից, իսկ Աջարիայի, Նինոծմինդայի եւ Ախալքալաքի հոգեւոր հովիվներին կանաչ համարանիշներից։
Պաշտոնապես որեւէ բացատրություն չի եղել, բայց ես համոզված եմ, որ դա կապված է այն բանի հետ, որ Վիրահայոց թեմն իր բացահայտ աջակցությունը հայտնեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը եւ Բագրատ Սրբազանին։ Այդ հայտարարությունից որոշ ժամանակ անց նման որոշում է կայացվել։
Ինչպես Սփյուռքում էին տարբեր միջոցառումներ անցկացնում՝ շարժմանն աջակցող, մենք էլ Տեր հոր հետ Թբիլիսում անցկացրինք, եւ թեմի առաջնորդն էլ աջակցող ելույթով հանդես եկավ»։
Արթուր Միրզոյանը հավելում է՝ մինչ Հայաստանի իշխանությունները Վիրահայոց թեմին զրկում են կարմիր պետհամարանիշներից՝ Ադրբեջանը Վրաստանում իր բոլոր աշխատակիցներին բաժանում է այդ համարանիշները։
ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ՎԻԶԱՆԵՐԻ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆԸ
Երեկ Բրյուսելում ԵՄ անդամ երկրների դեսպանները հավանություն են տվել ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստի օրակարգին եւ որոշումների նախագծերին, որոնց թվում է նաեւ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի՝ Եվրոպական հանձնաժողովի առաջարկը:
Ընդգծենք, որ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման հաստատումն անդամ երկրների ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ խորհրդի իրավասությունն է, եւ այդ ձեւաչափով հաջորդ նիստը նախատեսվում է երկուշաբթի՝ հուլիսի 22-ին:
ՓԱՇԻՆՅԱՆԸ՝ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԲԱՑՄԱՆԸ
Նիկոլ Փաշինյանը Միացյալ Թագավորությունում՝ Բլենհայմյան պալատում մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին:
Նախ տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը: ՀՀ վարչապետին եւ մյուս երկրների առաջնորդներին դիմավորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ, սըր Քիր Սթարմերը:
Այնուհետեւ տեղի է ունեցել միջոցառման բացման եւ մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը:
Միջոցառման շրջանակում վարչապետը շարունակում է երկկողմ հանդիպումներ ունենալ այլ երկրների գործընկերների հետ:
ԱԱԾ-ԻՆ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է 409 ՄԼՆ ԴՐԱՄ
Կառավարությունն իր երեկվա՝ հուլիսի 18-ի նիստում որոշեց 2024-ի բյուջեով հատկացված կառավարության պահուստային ֆոնդից 409 մլն 639 հազար դրամ ուղղել Հայաստանի ԱԱԾ-ին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշման ընդունումը պայմանավորված է ազգային անվտանգության մարմինների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությամբ:
Այս որոշման արդյունքում առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջեւ դրված խնդիրների լուծման աշխատանքները:
ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԵԽ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Իքսի» իր էջում հայտնել է, որ միանում է գործընկերների՝ Ռոբերտա Մեցոլային ուղղված շնորհավորանքներին, Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում տպավորիչ վերընտրության համար:
«Եվրախորհրդարանը կարեւոր դեր է խաղում Հայաստան-ԵՄ ամուր գործընկերության օրակարգի, տարածաշրջանային խնդիրների առաջխաղացման գործում, եւ մենք անհամբեր սպասում ենք այդ ճանապարհի շարունակությանը»,- գրել է Միրզոյանը:
ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Ռուսաստանը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում ոչ մեկի համար Եվրամիությունում, երկիրն Ուկրաինայում պաշտպանում է իր շահերը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Ռուսաստանի Դաշնությունը չի ներկայացրել եւ չի ներկայացնում որեւէ սպառնալիք ոչ մեկի համար Եվրոպական միությունում եւ Ուկրաինայում պաշտպանում է իր շահերն այն պայմաններում, երբ Եվրամիության երկրները բացառել են երկխոսության եւ Ռուսաստանի մտահոգության հաշվառման որեւէ հնարավորություն»,- ասել է նա։
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել էր ԵՄ-ը պաշտպանական միության վերածելու պլանների մասին։ Մեկնաբանելով նրա խոսքերը՝ Պեսկովը նշել է, որ դա ստիպում է Ռուսաստանին համապատասխան ձեւով դասավորել իր արտաքին քաղաքական մոտեցումները:
Մեկնաբանելով Եվրահանձնաժողովի ղեկավարի նախաձեռնությունը՝ Կրեմլի ներկայացուցիչն ասել է. «Սա եւս մեկ անգամ հաստատում է եվրոպական պետությունների վերաբերմունքը ռազմականացման, լարվածության սրման, առճակատման եւ իրենց արտաքին քաղաքականության մեջ առճակատման մեթոդներին ապավինելու նկատմամբ»։
«Դժվար է այստեղ որեւէ համապարփակ մեկնաբանություն տալ, բայց պարզ է, որ այդ աշխատանքը հատվելու է այն փոխգործակցության հետ, որը ԵՄ երկրներն ունեն Հյուսիսատլանտյան դաշինքի շրջանակներում»,- հավելել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։